Նոր սկանդալ` ԵԽ ԽՎ պատվիրակության կազմի շուրջ

Հայաստանի Ազգային ժողովում հասունանում է նոր սկանդալ, որին կարող են մասնակից դառնալ միանգամից մի քանի խորհրդարանական խմբակցություններ: Այս սկանդալը կարող է միջազգային հնչեղություն ձեռք բերել, քանի որ կապված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության
կազմի հետ:

Սկանդալի կենտրոնում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է, ով վերջերս է պարզել, որ ինքը թեև ընդգրկված է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, սակայն այդ պատվիրակության մշտական անդամ չէ, և մեկ տարի հետո ռոտացիոն կարգով կփոխարինվի ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանով: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ խմբակցությունների անդամներից ձևավորվում էին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների մեր պատվիրակությունները` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարողացավ հասնել նրան, որ ընդգրկվի ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական կազմում:

Այս պատվիրակությունը համարվում է ամենահեղինակավորը, քանի որ ԵԽ ԽՎ-ն տարեկան չորս նիստ է անցկացնում Ստրասբուրգում, բացի դրանից, գրեթե ամեն ամիս անցկացվում են հանձնաժողովի նիստեր Փարիզում և այլ եվրոպական քաղաքներում, ու, եթե պատգամավորն ընդգրկված է ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում, ապա կարող է երաշխավորված համարել, որ ինքն ամբողջ հինգ տարի ԱԺ-ի հաշվին գտնվելու է ամենատարբեր գործուղումների մեջ:

Այլ խնդիր է, որ դա նրանք ներկայացնում են, որպես քրտնաջան աշխատանք` ի շահ Հայաստանի պետության և նրա բազմաչարչար ժողովրդի, որ իրենք հանուն ազգային շահերի են մասնակցում կանանց` հղիությունը վաղաժամ դադարեցնելու իրավունքին, կամ հաշմանդամների ու ծերերի իրավունքներին նվիրված նիստերն, այդ նույն` ծերերի և հաշմանդամների հաշվին, բայց դա այլ խոսակցության թեմա է:

ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը կազմված է չորս մշտական և չորս փոխարինող անդամներից: Պատվիրակության մշտական կազմում ընդգրկված են ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Փոխարինող կազմում ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ-ն` Վահե Հովհաննիսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և «Ժառանգության» քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Մեծ հաշվով, հիմնական և փոխարինող կազմերի միջև մեծ տարբերություն չկա, քանի որ նրանք միասին են մասնակցում եվրոպական կրուիզներին: Միակ տարբերությունն այն է, որ հիմնական կազմի անդամները ԵԽ ԽՎ նիստերի ժամանակ ունեն քվեարկության իրավունք, իսկ փոխարինողները` ոչ, բայց դա ավելի շուտ առավելություն է, քան թերություն:

Ինչպես նկատեցիք, հայաստանյան պատվիրակության կազմում չկա ՕԵԿ որևէ անդամ, ինչը եվրոպական արժեքներ դավանող և ԵԺԿ անդամ հանդիսացող այդ կուսակցության համար ծանր հարված է:

ՕԵԿ-ը կարող էր սկանդալ սարքել, բողոքել, որ զրկված է իր պատգամավորին երջանկացնելու իրավունքից, բայց քանի որ այս կուսակցությունն ազգային անվտանգության պաշտպանության նվիրյալ է, հենց այդ նկատառումներից ելնելով էլ համակերպվել է իր իրավունքների ոտնահարման ակնհայտ դրսևորման հետ: Եթե ամեն ինչ լիներ քաղաքական տրամաբանության շրջանակներում, ապա ՕԵԿ ներկայացուցիչը պետք է ընդգրկվեր պատվիրակության փոխարինող կազմում, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը պետք է ռոտացիոն կարգով փոխարինեին միմյանց. մեկ տարի եվրոպական կրուիզների պետք է մեկներ Փոստանջյանը, իսկ մյուս տարին այդ իրավունքը նա պետք է զիջեր Ռուստամյանին:

Քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. ՀՅԴ-ն և Ժառանգությունը խորհրդարանում ունեն ամենափոքր խմբակցությունները` 5-ական պատգամավոր, մինչդեռ ՕԵԿ-ն ունի 6 պատգամավոր, իսկ պատվիրակությունները ձևավորվում են` հաշվի առնելով խմբակցությունների քանակը:

Բայց ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ, նախագահական նստավայրում, որոշել է, որ Արմեն Ռուստամյանը և Զարուհի Փոստանջյանը չափազանց ծանր կտանեն Ստրասբուրգ մեկնելու ընդհատումները, նրանք հայտնի են` որպես ԵԽ ԽՎ պատվիրակության ստաժավոր անդամներ, և հանուն նրանց առողջության պահպանման ու ներքաղաքական կայունության, որոշել են ռոտացիայի զոհ դարձնել Լևոն Զուրաբյանին: Այսինքն` որոշել են, որ նա մեկ տարի կլինի ԵԽ ԽՎ պատվիրակության մշտական կազմում, իսկ մեկ տարի նրան կփոխարինի Մհեր Շահգելդյանը:

Մեր ունեցած տեղեկություններով` Լևոն Զուրաբյանը այս սցենարի գոյության մասին իմացել է միայն Ստրասբուրգում, երբ մասնակցել է ԵԽ ԽՎ հերթական նստաշրջանին: Նա, իհարկե, չի համաձայնվի այս սցենարի իրականացման հետ. կհայտարարի, որ դրանով ոտնահարվում են ՀԱԿ իրավունքները, որը խորհրդարանում ունի ամբողջ 7 պատգամավոր, երկուսով ավելի քան ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

Բացի դա, կհայտարարի, որ մեկ տարով իրեն ԵԽ ԽՎ պատվիրակության անդամությունից զրկելը քաղաքական պատվերի հետևանք է, և դրանով ՀԱԿ-ին փորձում են զրկել ԵԽ ԽՎ ամբիոնից հանդես գալու, Հայաստանում ձևավորված ավազակապետության իրական նկարագիրը ներկայացնելու հնարավորությունից:

Մենք, ցավոք, չկարողացանք մեկնաբանություններ ստանալ պարոն Զուրաբյանից, նա հիմա պատասխանում է միայն «այլընտրանքային» ուղղվածություն ունեցող և կոնկրետ անձի շահերը սպասարկող լրատվամիջոցներին: Բայց կարող ենք մոտավորապես պատկերացնել, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը: Հայաստանի իշխանություններին ավելորդ աղմուկ պետք չէ, հատկապես Լևոն Զուրաբյանի կողմից բարձրացվող աղմուկը:

Իսկ դա կանխելու միակ ձևը հետևյալն է. համոզել Մհեր Շահգելդյանին, որ հանուն ազգային անվտանգության` ՕԵԿ-ը չպետք է ներկայացված լինի ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում: Համոզված ենք, որ որպես ազգային անվտանգության իրական նվիրյալներ` ՕԵԿ խմբակցության անդամները կհամակերպվեն իրենց իրավունքների կոպիտ ոտնահարման այս դրսևորման հետ:

Տեսանյութեր

Լրահոս