«Ինչի՞ են սենց վարվում ժողովրդի հետ` չենք հասկանում». «Արմավիա»
Այսօր առավոտից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը, պատճառաբանելով, որ պետական ավիափոխադրողը չի կատարել պայմանավորվածության իր մասը:
«Այսօր առավոտյան «Արմավիա» ընկերության պարտքը «Զվարթնոց» օդանավակայանին կազմում է 3 մլն 215 հազար դոլար, սակայն իրենց խոստմանն համաձայն` իրենք այդ պարտքը պետք է նվազեցնեին մինչև 3 միլիոն դոլարի, մենք սպասում ենք, որ իրենք խոստումը կատարեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
Ըստ Գ.Աբրահամյանի պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է «Զվարթնոցի» և «Արմավիայի» միջև մարտի 14-ին` ստանալով հավելյալ զեղչեր, նոր սակագներ, ընկերությունը ձեռք է բերել նաև պարտքերի մարման ժամանակացույց, ըստ որի` եթե այդ ժամանակացույցի վճարեին, այս պահին պարտքը կկազմեր 2 միլիոն 390 հազար դոլար, այլ ոչ 3 միլիոն 215 հազար դոլար: «Դեռևս երեկ իրենք խոստացել էին պարտքը նվազեցնել, սակայն դա տեղի չի ունեցել»,- ասաց Գևորգ Աբրահամյանը:
«Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենց ընկերությունը և’ երեկ, և այսօր գումար փոխանցել «Զվաևթնոց» օդանավակայանի հաշվին, իսկ թե ինչո՞ւ են «Զվարթնոց» օդանավակայանից նման մեկնաբանություն տալիս, ըստ Նանա Ավետիսովայի` իրենց համար անհասկանալի է: «Ի՞նչ են անում` մենք չենք հասկանում: Մենք մեր պայմանավորվածությունն անում ենք: Ինչի՞ են սենց վարվում ժողովրդի հետ` չենք հասկանում»,- ասաց Ն.Ավետիսովան:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արմավիան» 50մլն դրամ գումար է փոխանցել «Զվարթնոց» օդանավակայանի հաշվին և չվերթները պետք է վերսկսվեին: