Վարդան Օսկանյանի «գործը» քաղաքական պատվեր է եւ լուծում կգտնի միմիայն քաղաքական հարթությունում
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը ներկայացել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ հիմնադրամի խորհրդի փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում: Վահան Խաչատրյանը հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին, որը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն Խաչատրյան, երեկ Դուք հրավիրված էիք ԱԱԾ: Դուք այնտեղ մնացիք շուրջ 4 ժամ: Ի՞նչ բնույթի հարցեր էին ձեզ ուղղում եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք գնահատում Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
– Չեմ ուզում կենտրոնանալ հարց ու պատասխանների վրա, որովհետեւ հասարակությանը դրանք իրականում ոչ մի բան չեն տա: Այստեղ իշխանությունների կողմից հնարք է բանեցվում, երբ մարդուն մեղադրում են մի հանցանքի մեջ, որն ինքը չի գործել, եւ նա ստիպված սկսում է պատասխանել, սկսում է «արդարանալ» եւ բացատրել, որ այդպես չէ, եւ հասարակության մեջ ստեղծվում է մի տպավորություն, որ եթե կան խոսակցություններ, ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ բան կա: Եւ որպեսզի մենք չխաղանք իշխանությունների թելադրած խաղի կանոններով, ես չեմ ուզում ընդհանրապես խոսել այդ թեմաներից, որովհետեւ ոչ մի կասկած չունեմ, որ այս գործը սկզբից մինչեւ վերջ սարքված է՝ միայն այն նպատակի համար, որ պախարակեն հիմնադրամի խորհրդի նախկին նախագահի՝ Վ. Օսկանյանի անունը եւ ճնշում բանեցվի` նրա քաղաքական գործունեությամբ պայմանավորված:
– Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Վ. Օսկանյանի գործը իսկապես քաղաքական պատվեր է: Քաղաքական տարբեր շրջանակներում շրջանառվում է նաեւ հակառակ տեսակետը, որ ամեն ինչ իրավական հարթությունում է եւ որ գործը չունի քաղաքական ենթատեքստ:
– Այդ հարցը բազմիցս արծարծվել է, հիմնային քննարկումների է ենթարկվել, եւ ես չեմ ուզում կրկնվել, բայց ուզում եմ ավելացնել, որ խնդրո առարկային տեղյակ եմ սկզբից մինչեւ վերջ: Շատ լավ գիտեմ մարդկանց, ովքեր աշխատում են Սիվիլիթասում, ովքեր ընդգրկված են Սիվիլիթասի հոգաբարձուների խորհրդի կազմում: Այնտեղ հավաքված են մարդիկ, ովքեր նախ ապահովված են, հետո նրանք անհատներ են, ովքեր հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունեն եւ նրանց նպատակն է ոչ թե «Սիվիլիթասի» հաշվին ինչ-որ անձնական հարցեր լուծել, այլ՝ ճիշտ հակառակը:
Այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտածում են մեր երկրի, հասարակության բարօրության մասին եւ նրանց ջանքերն ուղղված են, որպեսզի ՀՀ-ում կառուցվի քաղաքացիական գիտակից հասարակություն: Այդ մարդիկ ոչ թե յուրացնող կամ սպառող են, այլ ստեղծող եւ նվիրաբերող. նրանց բնույթն է այդպիսին:
– ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները ասել են, թե իրենք տեղյակ չեն գումարներից: Ձեր դիտարկումը:
– ԱԱԾ-ն հիմա փորձում է այս գործը տանել այն ուղղությամբ, որ Վ. Օսկանյանն իբր առանց խորհրդի անդամներին հարցնելու, գումարը պահել է անձնական հաշվին եւ այն տնօրինել այնպես, ինչպես ինքն է կամեցել: Այդպիսի բան հնարավոր չէ: Աղվան Հովսեփյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ առանց խորհրդի անդամների որոշման կամ խորհրդի անդամներին շրջանցելով, ինչ-որ «մութ» գործեր են արվել: Ես ուզում եմ ասել, որ դատախազի պնդումները հիմնազուրկ են եւ նման բան գոյություն չունի:
– Ըստ Ձեզ ինչպիսի՞ ավարտ կունենա Օսկանյանի գործը:
– Փորձը ցույց է տալիս, որ նման գործերը իրավական հարթությունում լուծում չունեն, քանի որ դատաիրավական համակարգը այսպիսի դեպքերում բացառիկ նվիրումով եւ ինքնամոռաց կերպով ծառայում է օրվա իշխանություններին: Հետեւաբար, այդ համակարգից արդարադատություն ակնկալելն անիմաստ է, էներգիայի վատնում: Նորից եմ կրկնում, Վարդան Օսկանյանի «գործը» քաղաքական պատվեր է եւ լուծում կգտնի միմիայն քաղաքական հարթությունում:
– Վ. Օսկանյանը հայտարարեց, որ հնարավոր առիթի դեպքում, եթե կուսակցության վստահության քվեն ստանա, ինքը կառաջադրվի ՀՀ նախագահի թեկնածու: Դուք հավանական համարու՞մ եք, որ ԲՀԿ-ն նման որոշում կկայացնի:
– Ես չեմ ուզում հարցը տեղափոխել այդ հարթություն: Ես առաջին հերթին ցավ եմ ապրում նրա համար, որ ՀՀ-ում կարող է գործ սարքվել մի մարդու նկատմամբ, ով 10 տարի ՀՀ -ում ղեկավարել է դիվանագիտական գլխավոր կառույցը, ով արտերկրի պետական, դիվանագիտական ամենաբարձր շրջանակներում ներկայացրել է մեր երկիրը: Խնդիրը շատ ավելի խորքային է: Եվ մենք դեռ ականատես կլինենք նման դեպքերի, քանի դեռ իրենց անձնական շահի համար, միջազգային կառույցների աշխատակիցների, դեսպանների կամ լրագրողների քմծիծաղող հայացքի ներքո, մերոնք պատրաստ կլինեն հեղինակազրկել սեփական երկիրը: Եվ ցավալի է, որ այդ տրամադրությունն է գերիշխում ամենուրեք, տարբեր ատյաններում եւ կառույցներում, տարբեր աստիճան եւ կոչում ունեցող չինովնիկների մոտ: Այ, սա է հիմնական մտահոգությունս: