Օսկանյանի ու Ջհանգիրյանի տարբերությունը
Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն իր շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո գրեթե ամեն շաբաթ ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս երկրում առկա այս կամ այն խնդրի վերաբերյալ սեփական դատողությունների մասին շարադրանքով: Թեև նախկինում էլ պարոն Օսկանյանը նման գրառումներ կատարում էր, սակայն, հատկապես այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու դեպքում ինքը պատրաստ է ստանձնել այդ բեռը, նրա ֆեյսբուքյան գործունեությունն ավելի հետևողական ու համակարգված է դարձել:
Ֆեյսբուքը, բնականաբար, ընդամենը հարթակ է, որտեղ Վարդան Օսկանյանը քայլ առ քայլ ձևավորում է իր քաղաքական պլատֆորմը, որը կարող է օգտագործել`անկախ նրանից` կառաջադրվի՞ նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, կշարունակի՞ գործունեությունը ԲՀԿ-ի հետ կամ առանց նրա: Վարդան Օսկանյանի այս գործելաոճը, անկախ նրա նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից, ողջունելի է ու ներկայանում է՝ որպես քաղաքակիրթ քաղաքական մշակույթի դրսևորում: Ի վերջո, Վ. Օսկանյանն իր այդ գրառումներով փորձում է «սադրել», «հրահրել» բանավեճ, ինչը, անկախ նրա դրդապատճառներից, միայն օգտակար կլինի Հայաստանի ձևախեղված քաղաքական համակարգի համար:
Սակայն, որքան էլ պրն Օսկանյանի արծարծած թեմաները (օտարերկրյա ներդրումներ, արտագաղթ, ժողովրդավարական հիմնախնդիրներ և այլն) կարևոր ու կենսական են Հայաստանի համար, բանավեճ ծավալելու նրա փորձերն առայժմ հաջողությամբ չեն պսակվում: Պարոն Օսկանյանի ցանկացած գրառումից կամ ելույթից հետո և՛ մամուլը, և՛ նրա քաղաքական ընդդիմախոսները հիշեցնում են նրա անցյալը, պաշտոնավարման տասը տարիներն ու հատկապես այն, որ այդ ընթացքում` լինելով Հայաստանի քաղաքական վերնախավի առանցքային դերակատարներից մեկը, նա որևէ կերպ չի նպաստել իր կողմից այսօր բարձրաձայնվող խնդիրների լուծմանը:
Ոմանք անգամ գտնում են, որ Օսկանյանն, ուղղակի կամ անուղղակի, նույնիսկ նպաստել է այդ իրավիճակին: Օսկանյանի ընդդիմախոսները, անկախ նրանց դրդապատճառներից, իրավացի են այնքան, որքան այսօր նախկին արտգործնախարարն է իրավացի՝ տարբեր հարցերում իր դիրքորոշումները ներկայացնելիս: Վարդան Օսկանյանն իսկապես եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության կարևորագույն ֆիգուրներից մեկը` և ֆորմալ, և ոչ ֆորմալ առումով, ու, երբ նա այսօր խոսում է խնդիրների մասին, որոնց հիմքերը դրվել են Քոչարյանի իշխանության օրոք, առնվազն նորմալ է, որ նրան սկսում են հիշեցնել իր անցյալը:
Օրինակ, Վարդան Օսկանյանն իր մտահոգություններն է ներկայացնում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման վերաբերյալ: Միանգամայն իրավացի է պարոն Օսկանյանն այդ հարցում, սակայն ինչպե՞ս չհիշել, որ այդ ծրագիրը դադարեցվել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, կեղծված ընտրությունների ու Մարտի 1-ի սպանությունների պատճառով:
Որևէ մեկը չի հիշում, որ Օսկանյանն այն ժամանակ մտահոգություն հայտներ, կամ գոնե իր անմիջական ղեկավար Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ տար, որ հակաժողովրդավարական նրա քայլերը հանգեցնելու են այդ ծրագրի դադարեցմանը: Նման օրինակները բազմաթիվ են ու բոլորի հիմքում ընկած է նույն պարագան. Օսկանյանն այսօր պայքարում է երևույթների դեմ, որոնք արմատավորվել են նաև իր իշխանավարության տարիներին ու նաև՝ իր պատճառով: Ասվածը չի նշանակում, թե Վարդան Օսկանյանն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հավակնել անգամ նախագահի պաշտոնին: Ամենևին:
Սակայն հատկապես նման հավակնություններ դրսևորելու դեպքում Վարդան Օսկանյանը պարտավոր է նախկինի համար առնվազն ներողություն խնդրել: Ներողություն ասվածը տվյալ դեպքում նշանակում է՝ քաղաքական պատասխանատվություն կրել և խոստովանել, որ նախկինում` այս, այս, այս պատճառներով թույլ են տրվել այս, այս, այս սխալները: Խոսքը կոնկրետ երևույթների, կոնկրետ իրադարձությունների մասին է, ոչ թե ընդհանրական այն ձևակերպման, որը տարբեր առիթներով հնչեցրել է նաև Վարդան Օսկանյանը. «իհարկե, մեր իշխանության ժամանակ էլ եղել են սխալներ»:Դա ոչինչ չասող և անցյալը լղոզող դիրքորոշում է:
Օրինակ, նույն մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ պարոն Օսկանյանը «ընդհանրական մեղավորություն» զգում է, սակայն երբեք չի մասնավորեցրել, թե իր կարծիքով ինչն է սխալ արել, ինչը կարող էր կանխվել, եթե կոնկրետ իր գործողություններում ինչ-որ բան այլ կերպ լիներ: Ավելին, նա` անուղղակիորեն մինչև այսօր էլ պնդում է, որ իր գործողություններն «իրավաչափ» են եղել և դեռ մի բան էլ պետք է իրենից շնորհակալություն հայտնել մարտի 1-ի հայտնի ասուլիսում ցուցաբերած անձնազոհության համար:
Անցյալը լղոզելու և պատասխանատվությունից խուսափելու երևույթը, մեծ հաշվով, բնորոշ է Հայաստանի քաղաքական դաշտին՝ ընդհանրապես, և առանցքային քաղաքական գործիչներին` մասնավորապես: Օրինակ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 10 տարի լռելուց հետո, վերադարձավ մեծ քաղաքականություն, և բոլորը սպասում էին, որ նա կանդրադառնա իր պաշտոնավարման տարիներին թույլ տրված սխալներին, կխոստովանի, որ ինչ-որ հարցերում սխալ մոտեցումներ է ունեցել, և այլն:
Սակայն նման բան տեղի չունեցավ: Տեր-Պետրոսյանն ընդամենը կիսահեգնական տոնով ներողություն է խնդրել այն բանի համար, որ …Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղից բերել է Հայաստան: Այսինքն` մեծ հաշվով, առաջին նախագահը քաղաքականություն վերադարձավ «ես անսխալական եմ» կարգախոսով:
Իսկ 2008 թվականի փետրվարի 19-ից հետո նույն ճանապարհով «անցան» մի շարք նախկին պետական պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ ծառայում էին «ավազակապետական» համակարգին և տեսնելով համաժողովրդական ալիքը՝ իրենց աշխատասենյակներից շտապեցին Ազատության հրապարակ: Ինչպես, օրինակ` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ԱԳՆ-ի մի շարք աշխատակիցներ:
Հեղափոխությունը նրանց համար դարձավ յուրօրինակ «քավարան», և ստացվեց այնպես, որ կարելի էր 10 տարի ծառայել բռնատիրությանը, օգտվել դրա բարիքներից ու մի ակնթարթում «մաքրվել անցյալից»: Նույնը, մեծ հաշվով, կարելի է ասել նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Այն տարբերությամբ, որ հիմա Հայաստանում հեղափոխական իրավիճակ չէ, նախկին արտգործնախարարն էլ երկրի մասին իր մտահոգությունները հնչեցնում է ոչ թե հրապարակում, այլ վիրտուալ տարածությունում:
Եթե Վարդան Օսկանյանն իսկապես ցանկանում է, որ ծավալվի առողջ բանավեճ իրեն ու շատերին հուզող խնդիրների վերաբերյալ, ապա պետք է առաջին հերթին անդրադառնա իր պաշտոնավարման տարիներին, հատկապես անմիջականորեն իր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձություններին ու գործընթացներին ու ամենակարևորը` սեփական պատասխանատվությանը: Այլապես նրան միշտ հիշեցնելու են անցյալը` արդարացի կասկած ունենալով, որ իրականում Օսկանյանն այսօր ամեն ինչ անում է այդ անցյալը հետ վերադարձնելու համար: