«Հայաստանը պետք է ինքը ճանաչի ԼՂՀ-ն և խնդրի, որ բոլորը ճանաչեն»
Հարցազրույց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ դիվանագիտության քայլերը սաֆարովյան գործից հետո:
– Իմ կարծիքով` սա մի բացառիկ հնարավորություն էր, երբ պետությունն անմիջապես հակադարձեց` ռեակցիա ցույց տվեց, դիվանագիտական հարաբերություններն ընդմիջեց, այսինքն` ինչ-որ բաներ փորձեցին անել: Բայց իմ կարծիքով` իսկական խնդիրը, որը մենք ունենք Սաֆարովի հարցում, ո՛չ Սաֆարովն է, ո՛չ Հունգարիան է, ո՛չ էլ Ալիևը, մի լրիվ ուրիշ կարևոր բան է, որը մենք չենք անում. մենք 20 տարի ասում ենք, որ Արցախը պետք է անկախ լինի և այլն, և ոչ ոք մեզ չի լսում: Հիմա, երբ կացնով քնած մարդուն սպանում են, ամբողջ աշխարհը սոսկում է այդ ահռելի ոճրից և համակրանք է ցուցաբերում ի նպաստ հայության, ժամանակն է ասելու` նայեցե՛ք, սիրելի՛ միջազգային ուժեր, միջազգային մամուլ, այսպիսի վայրենի մարդկանց լծի տակ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել, ահավասիկ սա է պատճառը, և մենք ուզում ենք, որ Արցախն անկախ լինի»:
Պետք է մենք այս ոսկե առիթն օգտագործենք, որ աշխարհին բացատրենք, թե ինչո՞ւ պետք է Արցախն անկախ լինի: Բայց դա չենք անում: Հունգարիայի դրոշն այրում ենք, ասում ենք` հունգարացիները մեզ խաբեցին, Ալիևը պարգևատրեց, հերոսացրեց, և այլն: Այս բոլորը ճիշտ են, բայց սա չէ գլխավոր հարցը: Ինձ չի հետաքրքրում, թե Ալիևը Սաֆարովի 8 տարվա աշխատավարձը տվե՞լ է, թե՞ ոչ, կարևոր չէ` Հունգարիան ներողություն կխնդրի՞, թե՞ չի խնդրի, ինձ համար կարևորն այն է, որ մենք այս ոսկե առիթից օգտվենք և Արցախի անկախության հարցի վրա կենտրոնանանք:
– Այսինքն` Հայաստանը պետք է դնի ՀՀ-ի՞ կողմից ԼՂՀ-ի ճանաչման հարցը, թե՞ միջազգային հանրության կողմից:
– Երկուսն էլ: Սա առիթ է, որպեսզի Հայաստանն ինքը ճանաչի և խնդրի, որ բոլորը ճանաչեն, որովհետև Հայաստանը չի կարող աշխարհին խնդրել` ճանաչել Ղարաբաղը, եթե ինքը չի ճանաչում այն:
– ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու բանակցությունները ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: Որքանո՞վ է ճիշտ Ադրբեջանի նման բացահայտ հակահայկական դրսևորումներից հետո շարունակել բանակցությունները նման պետության հետ, որը շարունակում է սպանել հայ զինվորներին սահմանում:
– Իմ կարծիքով` բանակցությունները պետք է առնվազն ժամանակավոր սառեցվեն և ասվի, որ մինչև որևէ փոփոխություն չլինի, չենք շարունակելու բանակցությունները, քանի որ բանակցությունները միայն և միայն ազերիների շահերից են բխում, ոչ թե մեր շահերից:
Մենք արդեն ազատագրել ենք Արցախը, և ազերիներն են, որ ուզում են բանակցելով մի բան պոկել մեզնից: Երբ իրենք, օրինակ, կրակում են մեր զինվորների վրա սահմանում, մենք պետք է 3 ամսով դադարեցնենք բանակցությունները, որպեսզի ազերիները հասկանան` երբ իրենք նման բան են անում, հայերը կարող են հակադարձել: Ոչ թե` երբ իրենք խփում են, մենք էլ խփենք, այդպես մենք ոչնչի չենք հասնի: Եթե իրենք մի անգամ մեր զինվորին սպանեն, մենք պետք է դադարեցնենք բանակցությունները, մինչև իրենք գան և խնդրեն բանակցել: Եթե նորից խփեն, նորից պետք է դադարեցնենք` ավելի երկար ժամանակով:
– ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի և նաև ԱՄՆ-ի դեսպանի` այդ առիթով արած հայտարարության մասին ի՞նչ կարծիք ունեք: Որպես ամերիկացի` կիսո՞ւմ եք ԱՄՆ դեսպանի տեսակետը:
– Ինչ վերաբերում է դեսպանին, անկախ, թե ի՞նչ հարց է, ո՞վ է սխալ և ո՞վ է ճիշտ, ես համաձայն չեմ, որ արտաքին ուժերն ընդհանրապես խառնվեն մեր ներքին գործերին: Ոչ ոք չպետք է խառնվի մեր ներքին գործերին, մենք պետք է մեր հարցերը լուծենք և պատճառ չտանք ուրիշներին, որ խառնվեն: Մենք պետք է մեր հարցերը լուծենք և մեր կեղտոտ լաթերը չփռենք աշխարհի առջև: Ուրախ չեմ դեսպանի հայտարարությունից որևէ հարցով. օտար մարդիկ չպետք է ներգրավվեն մեր հարցերին:
Եթե չլուծենք, այո՛, առիթ կտանք, որպեսզի միջամտեն: Ինչ վերաբերում է Օսկանյանի գործի վերաբերյալ իմ կարծիքին, ապա այս հարցը մեր ազգին վնաս է տալիս, աշխարհով մեկ մարդիկ խառնվում են մեր գործերին, ամեն օր այդ մասին խոսվում է այստեղ-այնտեղ: Պետք է առանց աղմուկի իշխանությունները և Վ. Օսկանյանը նստեն և տեսնեն, թե իսկական հարցը ո՞րն է, օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:
Եթե հաշվապահական հարցեր կան, ինչ-որ սխալ է թույլ տրվել, այդ սխալն ունի իր համապատասխան հետևանքը. տուգանք է, հարկ է, վճարում են, և վերջ: Մարդ չի սպանվել: Կարիք չկա այսքան աղմուկի, ամբողջ աշխարհով խայտառակվում ենք և ազգին վնասում ենք այս հարցի պատճառով:
– Իսկ քաղաքական դրդապատճառներ կա՞ն Օսկանյանի գործում:
– Ես ոչ ասում եմ` քաղաքական է, ոչ էլ ասում եմ` քաղաքական չէ: Ես ասում եմ` եթե խախտումներ կան, այդ խախտումն ունի իր համապատասխան տուգանքը: Սա ադմինիստրատիվ խնդիր է, և այդպիսի խնդիր կարող է ունենալ ցանկացած մարդ ամբողջ աշխարհում, և որևէ մեկին կախաղան չեն հանում ադմինիստրատիվ հարցերի համար:
– Ասացիք, որ օտար ուժերը չպետք է միջամտեն մեր ներքին հարցերին: Բայց վերջին շրջանում օտարերկրյա դեսպանները` նույն ԱՄՆ-ի դեսպանը` իր հայտարարությամբ, և ՌԴ-ի դեսպանը` վարչապետի հասցեին հնչեցրած քննադատությամբ, կարծես, դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի կարևոր խաղացողներ: Այս երևույթն ինչպե՞ս եք գնահատում:
– Երբ քո պետությունը փոքր է, ցանկացած մարդ խառնվում է քո պետության գործերին: Իսկ եթե արտոնություն ես տալիս և չես բողոքում, իրենք ավելի են քաջալերվում և ավելի շատ են միջամտում քո երկրի ներքին գործերին: Ուստի, ինչպես ասացի, մենք չպետք է առիթ տանք, որ ուրիշները խառնվեն մեր ներքին գործերին: Մենք նախ պետք է ասենք` Ձեր գործը չէ, մի՛ խառնվեք: Երկրորդը` մեր ներքին հարցերը մենք մեր մեջ պետք է լուծենք: Եթե չլուծենք, ուրիշներին առիթ կտանք միջամտելու մեր գործերին: Դա մեր մեղքն է, ոչ թե` ուրիշների: