Բաժիններ՝

Մի՛ փակեք եկեղեցու դռներն ինքնասպանների առաջ

Քրիստոնեական եկեղեցին, այդ թվում` Հայ Առաքելականը, ինքնասպանությունը համարում է մեղքերից ծանրագույնը (իսլամն, օրինակ, ավելի հանդուրժող է` գտնելով, որ երբեմն մահն ավելի նախապատվելի է, քան տանջանքն ու անպատվությունը): Քրիստոնեության հիմնավորումն այն է, որ մարդը, ով հոգևոր, բարոյական թուլության, հուսահատության կամ անգիտակից վիճակում դիմում է այդ քայլին, արդեն հնարավորություն չի ունենում մեղքերի թողություն խնդրել կյանքի ընթացքում և ձեռք բերել խաղաղություն` մահից հետո: Այսինքն` եկեղեցին այլևս հնարավորություն չի ունենում կյանքի ընթացքում թողնել մարդու մեղքերը: Իսկ մեղքը կարելի է քավել միայն կյանքի ընթացքում:

Եկեղեցական կանոնների համաձայն` կյանքին կամավոր վերջ տված մարդկանց հոգեհանգստյան կարգը եկեղեցում անել թույլ չի տրվում: Եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարել ընդունված չէ անգամ նրանց համար, ում մահվան պատճառը հայտնի չէ: Բացառություն է արվում միայն հոգեկան հիվանդության բերումով ինքնասպանություն գործածների համար:

Ինքնասպանությունների թեմային հաճախ եմ անդրադառնում: Եվ հիմա էլ, ցավոք, ստիպված եմ, քանի որ տակավին վերջերս առիթ ունեցա առնչվել մարդկանց հետ, ում հարազատները կյանքից հեռացել են կամավոր:
Այն, ինչ կգրեմ, գուցե եկեղեցու կամ քրիստոնեական արժեքների տեսակետից գրագետ կամ ճիշտ չէ, սակայն, կարծում եմ, որ եթե միայն եկեղեցին վերանայեր իր վերաբերմունքն ինքնասպանների հանդեպգ

Թե ինչ ազդեցություն է թողնում լուրը, որ հարազատդ ինքնասպան է եղել, կարելի է մեկ բառով բնորոշել` շոկային: Սակայն այդ շոկը խիստ երկարատև ընթացք է ստանում` պայմանավորված ոչ միայն հարազատի կորստի դառնությամբ, այլ արդեն հասարակության և եկեղեցու արձագանքով:

Խղճի խայթը հարազատներին հանգիստ չի տալիս գրեթե ողջ կյանքի ընթացքում` ի՞նչն այնպես չեն արել: Եվ շրջապատի հարցական ու երբեմն` նաև մեղադրական հայացքներն էլ ակնդետ ուղղված են նրանց: Իրականում, ինձ հայտնի մի դեպքում, ինքնասպանություն կատարած տղամարդը, ով ուներ երիտասարդ կին, փոքրիկ երեխաներ, կյանքին վերջ էր տվել` խաղատանը կուտակած պարտքերից ազատվելու և ընտանիքին էլ իր խնդիրներով չծանրաբեռնելու ցանկությունից: Այլ կերպ ասած` նա ընտանիքի անդամներին, հարազատներին ազատել էր ինքն իրենից: Եթե դիտարկենք ինքնասպանության յուրաքանչյուր դեպք, հիմքում մեծ ողբերգություն է, մարդու ահավոր ծանր ընտրություն` հօգուտ մահվան:

Եվ երբ կատարվածից հետո վշտից քարացած հարազատները փորձում են իրենց մխիթարանքը գտնել եկեղեցում, հայտնաբերում են, որ այստեղ դռներն իրենց առաջ փակ են: Անգամ քահանան չի կարող ի պաշտոնե հոգեհանգստի ծես իրականացնել տանը: Նա կարող է միայն ավելի ուշ գալ և մխիթարել հարազատներին:
Ինչ խոսք, դարերի պատմություն ունի ինքնասպանների ու ինքնասպանության հանդեպ եկեղեցու վերաբերմունքը: Այն ամրագրված է Աստվածաշնչով: Սակայն եկեղեցու, հոգևոր դասի վերաբերմունքը կատարվածի հանդեպ վերանայման անհրաժեշտություն ունի. կարող է փոխել նաև հասարակության վերաբերմունքն ինքնասպանների հարազատների ու նաև կյանքին վերջ տրված տարաբախտ այդ մարդկանց հանդեպ:

Այստեղ, երկրի վրա, միանշանակորեն պնդում են, որ ինքնասպանները միայն մեկ ճանապարհ ունեն` դեպի դժոխք: Հայտնի է, որ հունարենում «ադ» արմատը (դժոխք, Հադեսի թագավորություն) բառացիորեն նշանակում է` խավար, տարածք, ուր լույս չկա:
Ինքնասպանություն գործածի հարազատների համար կրկնակի հարված է, երբ պատկերացնում են իրենց այդքան սիրելի մարդուն դժոխքում, հավերժական խավարի մեջ:

Մենք գիտենք պատվիրաններ` վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես ցանկանում ես, որ նրանք քեզ հետ վարվեն: Կա պատվիրան նաև մերձավորին սիրելու մասին: Ինքնասպանների դեպքում այս պատվիրանները ևս կարող են աշխատել:

Երբ եկեղեցին փակում է իր դռներն ինքնասպանություն գործածի առաջ, բարոյական մեծ ցավ է պատճառում նաև նրա մերձավորներին: Եթե իր կյանքի վրա ձեռք բարձրացրած մարդն, այսպես թե այնպես, կանգնում է Աստծո դատաստանի առաջ (թեև ինքս ուղղակի վստահ եմ, որ ավելի սարսափելին մարդկա՛նց դատաստանն է, որովհետև անարդար է), ինչո՞ւ երկրային կյանքում մեզ վրա վերցնենք Աստծո գործառույթները և պատժենք այդ տարաբախտ մարդկանց` նրանց մարմինը եկեղեցուց ներս չհանդուրժելով: Ինչո՞ւ չներենք այդ մարդկանց թուլությունը:

Եկեղեցին կարող է առարկել, որ նման ներողամիտ վերաբերմունքն ինքնասպանների հանդեպ կարող է պատճառ դառնալ ինքնասպանությունների ավելացման: Մարդիկ գիտեն, որ ինքնասպանությունը համարվում է մեղքերից ծանրագույնը, սակայն ինքնասպանությունների թիվը դրանից չի պակասում:

Եվ հետո` քրիստոնեությունը նույն հետևողականությամբ մերժում է մյուս մեղքերը` շնություն, սպանություն, գողություն, սուտ, նախանձ: Աստվածաշնչյան պատվիրանները խախտած և մեղքերի թողություն չստացած մարդկանց ևս Աստվածաշունչը ցույց է տալիս դժոխքի ճանապարհը:

Կարո՞ղ ենք ասել, որ մենք մեզ սահմանափակում ենք այս մեղքերում: Խմբակային մեղքի ամենաթարմ օրինակը կիրակի օրը ռուսական «Սերեբրո» խմբի աղջիկներին և «Վիա-գրա» խմբի նախկին անդամներից մեկին երկրի գլխավոր հրապարակում, Ամենայն հայոց կաթողիկոսի և հազարավոր մարդկանց ներկայությամբ, բեմ տրամադրելն էր: Նա, ով հղացել է այդ օրիորդներին Երևան հրավիրելու և երկրի հոգևոր և քաղաքական էլիտայի առաջ նրանց բարեմասնությունները ցուցադրելու գաղափարը, վստահ է եղել, թե այդպիսով բոլորի համար բացում է «դրախտի» դռները:

Ի՞նչ են անում ինքնասպանները` ցանկանում են դադարեցնել իրենց բանականությունը, գիտակցությունը: Դա այն էր, ինչ, կրկնեմ, Հանրապետության հրապարակում կամավոր կատարեցին մեր հոգևոր և քաղաքական էլիտայի ներկայացուցիչները` նախապես տեղյակ լինելով համերգի ծրագրին:

Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մեկը, ով դեմ է ինքնասպանության` ինչ պարագայում էլ լինի, կցանկանայի, որ մեր հոգևորականները վերանայեին ինքնասպանությունների հանդեպ վերաբերմունքը: Եկեղեցում և միմիայն եկեղեցում իրենց մխիթարությունը կստանան ինքնասպան եղած մարդու հարազատները, և մենք, որ ավելի անմեղ չենք, քան կյանքից կամավոր հրաժարված այդ մարդիկ, մեզ վրա չենք ավելացնի ևս մեկ մեղք` չներել մեզնից մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս