Վարչապետի զարմանքը զարմացրեց
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հոկտեմբերի 3-ի խորհրդակցությունը վերաբերում էր հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում տեղ գտած զարհուրելի փաստերին:
Վարչապետի խոսքով` վերահսկողության ծառայությունը զարհուրելի փաստեր է վեր հանել, համաձայն որոնց` 65-70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որտեղ նրանցից գումար են պահանջում հաշմանդամության կարգը սահմանելու համար, և ամենասարսափելին այն է, որ հաշմանդամները գիտեն այդ մասին:
Անկեղծ ասած, ո՛չ մեզ, ո՛չ էլ վարչապետի ենթականերին այդ երևույթը չզարմացրեց, որովհետև մենք գումար տվողն ենք, իսկ ենթականերից ոմանք` վերցնողը: Մեզ զարմացրեց վարչապետի անկեղծ զարմանքը: Կարծես` նա նոր է եկել ուրիշ երկրից, ու մի քանի օր է, որ ապրում է այստեղ: Մի՞թե նա չգիտի, որ դա խորհրդային լավագույն ավանդույթներից է: Երբևէ չի լսե՞լ նման դեպքի մասին: Այնպես զարմացավ, ինչպես մի սիրիահայ, ում գործատուն աշխատանքի համար առաջարկել էր հասույթի 30%-ը: Սիրիահայը չիմանալով մեր չգրված օրենքները` զարմացել էր, որ նրան իր հայրենիքում ընդունում են օտարի պես:
Այս զարմանքը հասկանալի է:
Իսկ պարոն վարչապետը` երկրի ղեկավարը, վերևում հպարտ նստած, կարծում է, թե ինքը ղեկավարում է ժողովրդավար, լավագույն, գործուն օրենքներով մի երկիր և չգիտի, թե ինչ է կատարվում այդ շենքի նկուղներում, ուր ծնվում, սովից լացում են փոքրիկներ, տառապում են անօթևան հաշմանդամներ, որոնք զրկված են իրենց հասանելիք թոշակից, իսկ փոխարենը թոշակառու են դառնում լրիվ առողջ մարդիկ:
Հավանաբար վարչապետը չի լսել, որ տարիքային թոշակ ձևակերպելու համար, բացի դիպլոմից ու աշխատանքային գրքույկից, որոնք, ըստ էության, միակ անհրաժեշտ փաստաթղթերն են, այնքան անհեթեթ փաստաթղթեր են պահանջում, որ ստիպված խոստանում ես «շնորհակալություն» հայտնել:
Չգիտի, որ սովորական համատիրությունը որևէ տեղեկանք տալու ժամանակ, չգիտես ինչի՞ համար, բնակչից գումար է պահանջում, իբր մեր կարիքները հոգալու համար, իսկ այդ կարիքները` փողոցների ու բակերի աղբը, մուտքերի փլված ու կեղտոտ պատերը, կաթացող տանիքները (որոնք վերանորոգվում են բացառապես բնակիչների միջոցներով), գարշահոտ, անսարք վերելակները, հենց իրենց համատիրության, այսպես կոչված, գրասենյակները, ուր կրունկդ մտնում է հատակի անցքի մեջ ու դուրս չի գալիս, այս ամենը մնում է նույնը:
Իսկ գրասեղանի մոտ նստած` ինքնագոհ կեցվածքով թաղի «ւՏՐՏՔՌռ» տղերքից մեկը, որն օգնել է ընտրության ժամանակ լցոնմանը ու ստացել պաշտոն, վերամբարձ տոնով ասում է. «Ախր, մորքո՛ւր ջան, ես քեզ ո՞նց տեղեկանք տամ, որ դու 40 տարի ապրում ես այդ շենքում, դու մեր կատարած աշխատանքների համար չես վճարում: Ա՛յ, մորքո՛ւր, բա ես պետ լինելով` ի՞նչ աշխատավարձ տամ ինձ ու իմ աշխատողներին»: (Մեջբերված է բառացի)
Հետաքրքիր է, ո՞ր աշխատողներին:
Վարչապետը չգիտի, որ եթե նպաստառուն կամ ընտանիքի որևէ անդամ հանկարծ 10.000 դրամ վաստակի` կզրկվի նպաստից: Ի՞նչ, վախենում եք նպաստառուն հարստանա՞: Թո՛ղ հարստանա, ի՞նչ կլինի, թե՞ հարստանալ կարող են միայն հատուկ ցուցակում ընդգրկված «նպաստառուները»:
Պարոն Սարգսյանը չգիտի, որ դպրոցների կոմպլեկտավորման արդյունքում ուսուցիչները կորցնում են աշխատանքը, ովքեր, ըստ էության, պետք է տեղավորվեն այն դպրոցներում, ուր գնում են իրենց աշակերտները: Բայց պարզվում է, որ այդ դպրոցում տեղ չկա, ու ի՞նչ, ոչի՛նչ, մնացածն` առանց մեկնաբանման:
Վերջում խորհրդակցությունն ամփոփվեց վարչապետի հուզիչ խոսքով.
– Դուք փորձառու աշխատակիցներ եք, մի՞թե չգիտեիք` ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ էիք լռում այսքան տարի: Դա զայրացնում է ինձ: Պահանջում եմ աշխատանքից ազատել ծառայության ղեկավարին: (Մեջբերման ավարտը):
Քանի որ Նանոտեխնոլոգիաների գծով առաջատար ենք, ինչպես այլ բնագավառներում, հավանաբար, զայրույթը չափող սարք կունենանք: Կարելի է չափել վարչապետի զայրույթի չափը և հետևություն անել:
Այստեղ «մեղքի» մեծ բաժինը լրատվությա՞նն է, որ լավ չի լուսաբանում զարհուրելի փաստերը: Հաջորդ մեղավորները վարչապետի ենթականերն են, որ իմացել են, բայց լռել են (Քր.օր. հոդված 335` իմանալ-չհայտնել), և կամ էլ պարոն վարչապետն այստեղ չի ապրում, դրա համար էլ շատ բաներ չգիտի: Նա այստեղ լինում է բացառապես աշխատանքի բերումով:
Եվ վերջում` եթե զայրույթը չլիներ, վարչապետը կհիշեր, որ իր ենթակայության տակ գտնվող բոլոր գերատեսչություններում ջրի հաղորդակցման ճանապարհները ներքևից վերև են բարձրանում և ո՛չ հակառակը:
Գուցե այդ գերատեսչությունների աշխատակիցները միայն արտասահմանից ուղարկված ջրի՞ց են օգտվում:
ԱՍՏՂԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՀՀ քաղաքացի