Բաժիններ՝

Ինչ է կատարվում փոխարժեքի հետ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը ոչ թե այն է, որ առաջարկի և պահանջարկի գինը չի հատվել, այլ՝ առաջարկ ընդհանրապես չի եղել։ Այլ կերպ ասած, երեկ բոսայում ոչ ոք դոլար չի ցանկացել վաճառել։ Մինչդեռ գնորդներ եղե են, որոնք պատրաստ են եղել գնել 1 դոլարը 407 դրամով։  Չնայած սրան, կանխիկ շուկայում առքուվաճառք իրականացվում է բնականոն հունով։ 1 դոլարը գնվում է 406 դրամով, վաճառվում՝ 408-ով։

Ընդհանրապես, փոխարժեքն այս տարվա ընթացքում հետաքրքիր զարգացումներ ունեցավ։ Դրամն այս տարվա մարտից սկսեց արժեզրկվել։ Դա տևեց մինչև հունիսի վերջը։ Եթե մարտի կեսերին դոլարի փոխարժեքը տատանվում էր 387 դրամի սահմաններում, ապա հունիսի վերջին-հուլիսի սկզբին առքի գինը հասավ 420-ի։

Դրամի արժեզրկումը շատերը պայմանավորում էին նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 13-ին հնչեցրած կոչ-պահանջով։ «Դրամի արժևորումը տնտեսության և ներքին արտադրողի համար անբարենպաստ և անընդունելի երևույթ է, և, իմ կարծիքով, այդպիսի երևույթները մեզ տևական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է՝ որպես հետևանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում՝ առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում»,- ասել էր Ս. Սարգսյանը։

Հուլիսի 6-ից սկսած դրամը կրկին սկսեց արժևորվել։ Թեթևակի շեղումներով այն հասավ մինչև 407-ի սահմանագծին։ Ո՞րն էր պատճառը։

Կարդացեք նաև

Միգուցե այն, որ ներքին արտադրողներն արդեն բավականաչափ օգտվել են դրամի արժեզրկումից։ Չէ՞ որ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս արդյունաբերության երկնիշ աճ, արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ներմուծման համեմատ։ Այսինքն՝ 4 ամիս տևած դրամի արժեզրկման արդյունքում՝ տեղական արտադրությունն ու արդյունաբերությունն այնպես ոտքի կանգնեցին, որ կարելի է նախագահի հանձնարարականը կատարված համարել։

Իսկ եթե՝ ավելի լուրջ, ապա փոխարժեքն արտադրության վրա ազդեցություն կարող է ունենալ միայն երկարաժամկետ հեռանկարում և ոչ թե՝ մի քանի ամսում։

Փոխարժեքի դինամիկան, իհարկե, մեր պաշտոնյաները չեն մեկնաբանում և նշում են, որ այն ձևավորվում է շուկայում՝ բացառելով որևէ ազդեցություն։ Սակայն, մյուս կողմից՝ իշխանությունները պարզապես չեն կարող թույլ տալ, որ դրամն անկում ապրի (իսկ հուլիսի սկզբին մի պահ թվում էր, որ այդպես է լինելու)։  Նախ՝ դրամի զգալի արժեզրկումը կարող է բերել գնաճի, քանի որ մեր երկրի ներքին սպառման մեջ շատ մեծ կշիռ ունի ներմուծումը։ Եվ երկրորդ, որքան էլ մեր իշխանությունները փորձեն հակադարձել, չեն կարող հաշվի չառնել, որ դրամի արժեզրկումը ծանրացնում է ՀՀ արտաքին պարտքի սպասարկումը։ Եթե ավելի հասկանալի արտահայտվենք՝ որքան դոլարը թանկանում է, պետությունն այնքան ավելի շատ դրամ է ծախսում դոլար գնելու վրա։ Այնպես որ, դրամին շատ ընկնել պարզապես թույլ չեն տա։ Վերջին հաշվով, դա ինչ-որ տեղ թասիբի հարց է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս