Բացառիկ դատավճռի բացառիկ պատճառը
Այսօր Հայաստանի դատական համակարգում արտառոց դեպք տեղի ունեցավ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացման դատավճիռ կայացրեց «Ռեգնում» գործակալության հայաստանյան բաժնի խմբագիր Ռուբեն Գրձելյանի նկատմամբ: Եվ ընդհակառակը` Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդուն`Ալբերտ Մանրիկյանին, նշանակեց տուգանք 50.000 դրամի չափով:
Հայկական իրականության պայմաններում արդարացման դատավճիռներն իսկապես բացառիկ երևույթ են, բայց առավել բացառիկ է դառնում այս երևույթը, եթե նկատի ենք ունենում, որ արդարացվողը լրագրող է, իսկ պատժվողը` դատախազի որդի: Այնպես որ, կարծես թե տեղին է Գրձելյանի փաստաբանի կոչն այլ դատավորներին` օրինակ վերցնել դատավոր Մնացական Մարտիրոսյանից:
Բայց երբ խորանում ես այս արդարացման դատավճռի մանրամասների մեջ, ավելի քան մեծանում է նողկանքը հայաստանյան արդարադատության նկատմամբ: Պարզվում է, որ այս արտառոց և պատմական արդարացման դատավճիռը կայացվել է միայն այն պատճառով, որ Ռուբեն Գրձելյանն այնքան էլ շարքային մահկանացու չէ, այլ բավական մոտ բարեկամական հարաբերություններ ունի հայկական բարձր էլիտայի ներկայացուցչի հետ: Խոսքը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի մասին է: Մեր ունեցած տեղեկություններով` Գրձելյանի քույրը Միհրան Պողոսյանի եղբոր կինն է: Ահա և բացառիկ դատավճռի իրական բացատրությունը:
Բոլորի համար պարզ է, որ դատարանները վճիռներ կայացնելիս հաշվի են առնում ոչ թե արդարադատության նորմերը, այլ կողմերի ով լինելը: Միհրան Պողոսյանը իշխանական հիերարխիայում մի քանի գլուխ ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, և հենց այդ պատճառով է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդարացրել է Գրձելյանին և տուգանել Ալբերտ Մանրիկյանին: Լիներ Գրձելյանը շարքային լրագրող` կարող էր ուղղակի փոշմանել, որ լույս աշխարհ է եկել, և, որ երբևէ դժբախտություն է ունեցել հանդիպել Մանրիկյանների գերդաստանին: Այնպես որ, բացառիկ դատավճիռներ ակնկալելու համար պետք է ունենալ բացառիկ ազգականներ կամ բարեկամներ իշխանական վերնախավում: