
«Մարտունիի գործով տուժողները զրկվեցին արդյունավետ իրավական պաշտպանությունից»

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է.
«2010 թվականի հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողների գործով որոշումը 2 տարի անց ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին: Ըստ պաշտոնական վարկածի` մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սույն քրեական գործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի և Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ:
2012 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ավագ քննիչ, փոխգնդապետ Մ. Բուլղադարյանից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ստացել է գրություն, որտեղ ասվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի համաձայն՝ ուղարկվում է (Մարտունիի գործով) որոշման օրինակը և որով հայտնում են, որ ստանալու պահից 7 օրվա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Գրությամբ նշվում է, որ կցվում է նաև 90 էջանոց որոշումը: Սակայն, փաստորեն, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահը ստանում է գրությունը առանց կից որոշման:
Այսպիսով, քննիչը, քրեական գործի նյութերը ավարտելուց հետո այն չտրամադրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցչին, նրանց զրկում է որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու և արդյունավետ իրավական պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից»: