Բաժիններ՝

«Դիջիթեք 2012». Սթիվ Ջոբսից` մինչև լուսագնաց

Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի նույնպես տեղի ունեցավ աշնանը` հոկտեմբերի 5-7-ը, սակայն նոր հասցեում` Մերգելյան ինստիտուտի տարածքում:

Ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան ավելի քան 120 ընկերություններ, որոնք ցուցադրում էին տեխնոլոգիական ոլորտում առկա իրենց նորագույն ու հետաքրքիր լուծումները: Միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին այս կերպ վերականգնել Մերգելյան ինստիտուտի երբեմնի գիտաարտադրական կենտրոնի համբավը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` այս կերպ Մերգելյան ինստիտուտը կվերականգնի իր դիրքերը` որպես բարձր տեխնոլոգիական միջավայր, և տարածքը ցուցահանդեսի շնորհիվ կդառնա նաև տեխնոլոգիական հայության համար հետաքրքիր վայր: Այս տարի ցուցահանդեսն առանձնանում էր նաև միջազգային հյուրերի իր ցանկով: Ըստ Կ. Վարդանյանի` ցուցահանդեսի միջազգային մասնակցության որակները փոխվել են, Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի և ՏՏ ասոցիացիայի մասնակցությունը ցուցահանդեսում նշանակում է, որ լուրջ և լավ իմաստով «հետախուզության» են գալիս, և եկող տարի արդեն մենք պետք է սպասենք կորեական գիտահետազոտական ինստիտուտների մուտքին Հայաստան:

Նավթի առկայությունը և դրա քանակությունը որոշող սարք

Ցուցահանդեսի առաջին հարկում կարելի էր ուրախությամբ զարմանալ` տեսնելով` «Արտադրված է Հայաստանում» ցուցանակը, որը տեղադրված էր տասնյակ նորաստեղծ ընկերությունների տաղավարների առջև, որոնք ցուցահանդեսին ներկայանում էին կոնկրետ արտադրանքով:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

Օրինակ` «Ovak Technologies» ընկերությունը գործում է շուրջ մեկ տարի, ընկերությունը տրամադրում է արդյունաբերական հատուկ նշանակության խնդիրների լուծումներ, զբաղվում ալգորիթմների մշակմամբ և իրականացմամբ, ինչպես նաև` անց են կացնում վերջնական արտադրանքի փորձարկումներ: Փորձառու ծրագրավորող-ճարտարագետների խումբը նավթարդյունաբերության ոլորտում հետաքրքիր և յուրօրինակ լուծումներ է առաջարկում: Ընկերության արտադրանքները ներկայում թողարկված են և փորձարկման շրջան են անցնում Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և Կանադայի նավթահանման կայաններում: Նշենք, որ «Ovak Technologies» ընկերությունը հանդիսանում է «National Instruments» ընկերության ալյանս գործընկեր: Ընկերության ինժեներ Տիգրան Խաչիկյանի խոսքով` ընկերության մշակած և արտադրած օպտիկամանրաթելային կաբելներով տվիչների միջոցով կարելի է որոշել հորում նավթի առկայությունը: «Այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է որոշել` տվյալ վայրում նավթ կա՞, թե՞ ոչ` ծախսելով բավական քիչ ռեսուրսներ:

Տվիչները հնարավորություն են տալիս ճշտել, թե տվյալ տարածում նավթ կա՞, թե՞ ոչ, կամ որքա՞ն նավթ է դուրս եկել այդ նավթի հանքից»,- ասաց Տ. Խաչիկյանը` նշելով, որ իրենց ընկերության ստեղծած համակարգերի շնորհիվ այդ ամենը կարելի է անել քիչ ծախսատարությամբ` ընդամենը շատ փոքր մակերեսով փոս փորելով, մինչդեռ նախկին տեխնոլոգիաների պարագայում` որոշելու համար նավթի առկայությունը տվյալ վայրում, անհրաժեշտ էր հսկայական ծախսեր կատարել և հսկայական փոսեր փորել: Հայ ինժեներների նախագծած համակարգը հնարավորություն է տալիս ճշտել նաև, թե ինչ արդյունավետությամբ է աշխատում կայանը, կամ որքան նավթ է դուրս հանվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ամենը հատկապես կարևոր է նավթարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների համար, եթե ցանկանում են մոնիտորինգ իրականացնել, ուսումնասիրել` տեղանքում նավթ կա՞, կամ ոչ, ուղղակի շատ փոքր տրամագծով փոս են բացում և տվիչների միջոցով կարողանում են տեղեկություններ ստանալ, իսկ այնուհետև որոշում` արդյոք այստեղ արժե՞ այդ տարածքը շահագործել, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է գնին, ապա սարքավորման գինը կախված է տվիչների քանակից և նրանից, թե ինչ կարգի ճշտության տեղեկատվություն է անհրաժեշտ: «Ներկայում այս տեխնոլոգիաները մտնում են շուկա և, ասես, դուրս են մղում մնացած տեխնոլոգիաներին, որոնք ավելի մեծ ծախսեր էին պահանջում: Իսկ քանի որ սա մատչելի եղանակ է, ապա արագորեն տարածվում է նավթային ընկերությունների շրջանում: Սա նորարարություն է, ընդամենը մի քանի տարի է, որ սկսել են կիրառել հենց նավթարդյունաբերության մեջ»,- ասաց Տ. Խաչիկյանը:

Գազի հոսքը չափող սարք

Մեկ այլ նորաստեղծ ընկերություն` «Rafa Solutions» ընկերությունը, առաջատար լուծումներ է առաջարկում` օգտագործելով նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք հասանելի են շուկայում` ծրագրավորումից մինչև սարքավորումների ստեղծում: Ընկերության ինժեներների կողմից ստեղծվել է Գազի հոսքը չափող սարք, որը վենտուրային մեթոդով չափում է, թե միավոր ժամանակում որքան գազ է հոսում. սարքը նախատեսված է գազամուղ խողովակներում համապատասխան չափումներ անելու համար, այն չափում է, թե որքան գազ է տեղափոխվել: «Օրինակ, այն տեղադրելով Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղում` կարող ենք իմանալ, թե որքան գազ է գալիս Հայաստան»,- ասաց ընկերության ինժեներ Գևորգ Չարչյանը` նշելով, որ իրենց ցուցադրած սարքը դեռևս ստեղծվել է զուտ ուսումնական նպատակով, իսկ պատվիրատուն Ռուսաստանից է:

Լուսնագնաց

Այս սարքերի կողքին ցուցահանդեսում ներկայացված էր նաև Լուսնագնաց: Այն ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր նախագծել էին լուսնագնացը: Լուսնագնացը ոչ միայն Լուսին թռչելու հնարավորություն ունի, այլ նաև` փորձնական նկարահանումներ կատարելու և նկարները Երկիր մոլորակ ուղարկելու: Լուսնագնացը նախագծողներից Արման Ղուկասյանի խոսքով` լուսնագնացն աշխատում է լազերի օգնությամբ, մինչև 240 աստիճան տեղանքի սկանավորում է իրականացնում և այդպիսով շրջանցում է հայտնաբերած խոչընդոտները: Նախագծի հեղինակները վստահ են` պատվերներ լինելու դեպքում Հայաստանում էլ տեսականորեն կարելի է իրական լուսնագնացներ ստեղծել: Նշենք, որ լուսնագնացը ևս ներկայացված էր «National Instruments» ընկերության տաղավարում, որտեղ բոլորն իրենց սարքավորումների վրա նշել էին` «Արտադրված է Հայաստանում»:

Արտադրատեսականու տեսակավորում իրականացնող սարքավորում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն տաղավարում ներկայացված էր նաև «Nairi Tech» ընկերությունը, որն առաջարկում էր հատուկ սարքավորում, ինչը հնարավորություն է տալիս մասսայական արտադրության պարագայում արտադրատեսականու մեջ որոշակի տեսակավորում իրականացնել. նրանք ևս պատվերներ ունեն աշխարհի տարբեր անկյուններից: Այս և վերոնշյալ բոլոր ընկերությունների համար հիմնական տեխնիկական միջոցներ են ծառայում «National Instruments» ընկերության բարձր տեխնոլոգիական սարքավորումները: Ընդհանուր առմամբ, ընկերության տաղավարում կարելի էր տեսնել տասնյակ նմանատիպ սարքեր: «National Instruments» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանի խոսքով` ընկերության ստեղծման 5 տարիների ընթացքում նմանատիպ տասնյակ-հարյուրավոր նախագծեր են կյանքի կոչվել, որոնք նաև պատվերներ են ունենում տարբեր երկրներից: Ա. Հակոբյանը նշում է նաև, որ հայաստանյան ընկերությունները դեռևս մի քիչ պասիվ են` տեղական արտադրանքն իրենց աշխատանքում կիրառելու համար, և հաճախ ձգտում են ավելի էժան, օրինակ, չինական լուծումներ ձեռք բերել:

«Մենք փոխշահավետ համագործակցում ենք: Քանի որ «National Instruments»-ը վերջնական լուծում չի առաջարկում, մենք առաջարկում ենք տեխնոլոգիա, իսկ կոնկրետ ընկերություններն աշխատում են կոնկրետ պատվիրատուի համար: Այսինքն` իրենք օգտագործում են «National Instruments»-ի տեխնոլոգիաները և դրանք կիրառում են ըստ պատվիրատուի պահանջների` կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»,- ասաց նա: Մեր հարցին, թե դժվար չէ՞ Հայաստանում արտադրություն իրականացնել, Ա. Հակոբյանը պատասխանեց. «Դժվար չէ, կարծում եմ` կարևորը ցանկությունն է, եթե ցանկությունը կա, տրամադրվածությունը կա` գործն ավարտին հասցնելու, ապա մնացածը, կարծում եմ` պատճառաբանություններ են»:

Բջջային լուծում` մեր կյանքն առավել հեշտ դարձնելու համար

«ԴիջիԹեք» ցուցահանդեսում «Gallery-Systems» ընկերությունը ներկայացնում էր իր DOOCAT մոբայլ բանկային և վճարային պլատֆորմը, որը հնարավորություն է ընձեռում բանկերի և բջջային օպերատորների հաճախորդներին` իրականացնել վճարումներ սուպերմարկետներում, խանութներում, բուտիկներում և տրանսպորտում, կատարել բանկային գործարքներ իրենց հեռախոսների միջոցով: Ընկերությունն արդեն ավելի քան 15 տարի հաջող գործունեություն է իրականացնում` ՏՏ աութսորսինգի ծառայություններ մատուցելով: DOOCAT ծրագրի ղեկավար Լիլիթ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագիրն իրենից ներկայացնում է վճարային համակարգ, որը հնարավորություն է տալիս բջջայինով կատարել ցանկացած բանկային գործողություն` սկսած մնացորդի դիտումից` մինչև տարբեր տեսակի փոխանցումներ, նաև կոմունալ վճարումներ, և այլն, օրինակ, ավտոճանապարհատրանսպորտային խախտումների վճարումներ իրականացնել հենց հեռախոսով: «Այս ամենը հնարավոր կլինի կատարել ոչ թե կրեդիտ քարտով կամ կանխիկ գումարով, այլ սմարթֆոնի միջոցով»,- ասաց Լ. Գասպարյանը` ավելացնելով, որ շուտով բանկերից մեկում կմեկնարկի այդ ծրագիրը, որին, հնարավոր է, հետևեն նաև այլ բանկերը և իրենց հաճախորդներին հնարավորություն տան օգտվել այս ծառայությունից:

Ցուցահանդեսին «մասնակցում» էր նաև Սթիվ Ջոբսը

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի նմանակը: Apple-ի հիմնադրի կերպարով հանդես եկող դերասանն արտաքինից շատ նման էր Ջոբսին: Նա կրում էր Ջոբսի հայտնի սև սվիտերը և ձեռքին ուներ iPhone: Ցուցահանդեսի տաղավարներից մեկի մոտ կանգնած «Ջոբսի» հետ շատերը ցանկանում էին զրուցել, իսկ նրա հետ լուսանկարվելու համար անգամ հերթեր էին գոյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս