«Այն, ինչ կատարվում է Օսկանյանի հետ, մեծ քաղաքական սխալ է»

«Կարծում եմ` այն, ինչ կատարվում է Օսկանյանի հետ, մեծ քաղաքական սխալ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին` ասաց արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանը:

«Չգիտեմ` ո՞վ է դա կազմակերպել և ինչպե՞ս է կազմակերպել: Ես չեմ ուզում ասել, թե Վարդան Օսկանյանը ճի՞շտ է, կամ սխա՞լ է, ի՞նչ պետք է անել: Երբ մեծ-մեծ «ձյաձյաները» շատ լուրջ դեմքով նստում և ասում են. «Նա արե՞լ է, թե՞ չի արել», դա ինձ միշտ հիշեցնում է Գոգոլի արտահայտությունը. «Либо он украл шубу, либо у него украли шубу»: Հիմա այդ իրավիճակն է: Արե՞լ է, թե՞ չի արել»,- ասաց Ա.Նավասարդյանը` նշելով, որ այս հարցին մոտենում է զուտ դիվանագիտական տեսանկյունից:

«Աշխարհում այսօրվա դրությամբ կա մոտ 200 միջազգային իրավունքի սուբյեկտ` անկախ պետություն: Այս խոհանոցը` դիվանագիտական կորպուսը, այնքան փոքր է: Կա 200 երկիր և 200 արտաքին գործերի նախարար, որոնցից մեկը Վարդան Օսկանյանն էր 10 տարվա ընթացքում: Այսինքն` նրան գիտեն մնացած 199 երկրների իր գործընկերները` արտգործնախարարները, վարչապետները և այլք: Եվ հիմա այս ոչ վայելուչ պատմությունը: Իմիջիայլոց, մենք` հայերս, հոյակապ մաստակներ ենք այս գործում. սա, ըստ երևույթին, էթնոհոգեբանական գիծ է` ստեղծել դժվարություններ, հետո հերոսաբար հաղթահարել»:

Պատասխանելով հարցին, թե Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցած զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի դիվանագիտական կորպուսի և արտաքին քաղաքականության վրա, Արման Նավասարդյանն ասաց. «Դիվանագետները հիմնականում մի քիչ սնապարծ ու ինքնահավան մարդիկ են, եթե, իհարկե, շատ հիմար չեն: Եվ դիվանագետների մեծ մասն իրեն համարում է էլիտար ընտանիքի անդամ՝ միջազգային մասշտաբով: Եվ ես չգիտեմ մի այլ մասնագիտություն, որտեղ այդքան կորպորատիվ զգացմունքներն ուժեղ լինեն, որքան դիվանագետների մոտ: Անգամ միջազգային ամենասուր քաղաքական իրադրությունում, անգամ տարբեր ճամբարներում կանգնած դիվանագետներն իրար նկատմամբ միշտ ունեցել են բարյացակամ վերաբերմունք, և եթե ինչ-որ մի բան է կատարվում դիվանագետներից մեկի հետ, ամբողջ դիվանագիտական կորպուսը, ԱՄՆ-ից և Ռուսաստանից սկսած` վերջացրած բուլղարական դեսպանությունով, բոլորն, այսպես ասած, ծամում և մարսում են այս ամենը:

Կարդացեք նաև

Երկրորդը` մանավանդ նկատի ունենալով Վարդան Օսկանյանի երկար տարիների աշխատանքային կալիբրները` ես գրեթե տեսնում եմ, թե ինչ կարող է կատարվել միջազգային գետնի վրա, և ինչ է սպասում մեր այն դիվանագետներին, ովքեր այդ դեպքից հետո պետք է դրսում աշխատեն` Էդվարդ Նալբանդյանը, մյուսները` մեր դեսպանությունները, մեր կոնֆերանսային, բանակցային դիվանագիտությունը: Այնտեղ ոչ ոք նրանց չի ասի, որ՝ դուք ավտորիտար եք, և այլն, բայց համապատասխան վերաբերմունք և համապատասխան կարծիք անպայման կլինի: Այնպես որ, այստեղ շատ պարզ գծագրվում է հետևյալ պատկերը` այն, որ արտաքին գործերը շատ ուժեղ կապված են ներքին քաղաքականության հետ»: Ա.Նավասարդյանն ավելացրեց, որ դա ապացուցվեց գործնականում, քանի որ Օսկանյանի հարցը սկսվել է որպես ներքին գործ` խորհրդարանում, և աստիճանաբար դուրս է գալիս միջազգային մակարդակի:

168.amը հետաքրքրվեց Արման Նավասարդյանից, թե նա Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական համարո՞ւմ է, ինչին դիվանագետը պատասխանեց. «Իմ կարծիքով` սա քաղաքական է, վատ եմ վերաբերվում: Սա քաղաքական հարց է և հետապնդում է քաղաքական նպատակներ: Այս պատմությունները չէին լինի, եթե Վարդան Օսկանյանը մինչև վերջին իրադարձություններն իր հայտարարությունները չաներ, «Սիվիլիթաս» չէ, ինչ էլ հիմնադրեր: Դրանում ես համոզված եմ»:

Իսկ հարցին` ի՞նչ կարծիք ունեք այն տեսակետների մասին, որ Վ.Օսկանյանի դեմ հարուցված գործը կարող է ուղղված լինել Օսկանյանի և նրա կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» համար ընդդիմադիրի կերպար ստեղծելուն, կամ, որ սա ազդանշան է իշխանությունների կողմից ԲՀԿ-ին` հստակեցնելու իր դիրքորոշումը նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ` նախագահական ընտրություններում նրան սատարելու հարցում, Ա.Նավասարդյանը պատասխանեց. «Քաղաքականությունն՝ ինքն անբարոյականություն է, ամեն ինչ կարող է լինել: Եթե այստեղ գնում են բազմակոմբինացիոն քայլեր, ես դժվարանում եմ ասել: Ո՞վ է զբաղվել սրանով, ի՞նչ քաղտեխնոլոգներ են կանգնած սրա հետևում, դժվարանում եմ ասել: Բայց, երբ մարդը վեր է կենում և շատ լուրջ դեմքով ասում է. «Մենք կպարզենք, թող պարզվի` նա գողացել է, թե ոչ..», դա պարզապես մանկական հիվանդություն է` ինֆանտիլիզմ»:

 


Տեսանյութեր

Լրահոս