Որոնք են Հայաստանի ամենակարևոր հարկատեսակները
2012 թվականի հունվար-օգոստոսի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը (առանց պարտադիր սոցապ վճարների) կազմել են 470 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 430 միլիարդի դիմաց։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկանքում։
Հարկային մուտքերի կառուցվածքը՝ հիմնական հարկատեսակների գծով հարկատեսակների, էական փոփոխությունների չի ենթարկվել։
Բյուջեի հիմնական եկամտային աղբյուր շարունակում են մնալ անուղղակի հարկերը և, առաջին հերթին, ավելացված արժեքի հարկը։ Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում բյուջե է մուտքագրվել 227.2 միլիարդ դրամ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 48.3%-ը։ ԱԱՀ-ի տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է (2010թ. Հունվար-օգոստոսին՝ 49.3%)։
Փոխարենը՝ 0.7 տոկոսային կետով ավելացել է ակցիզային հարկի տեսակարար կշիռը՝ հասնելով 6.3%-ի (հավաքագրվել է 29.4 միլիարդ դրամ)։ Գումարային առումով՝ ակցիզային հարկի գծով մուտքերն ավելացել են 5.4 մլրդ դրամով կամ 22.3%-ով։
Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա հարկային մուտքերի 17.1%-ը (80.4մլրդ դրամ) ձևավորվել է շահութահարկի հաշվին, 12.5%-ը (58.8 մլրդ դրամ)՝ եկամտահարկի։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսին այս հարկատեսակների տեսակարար կշիռները կազմում էին համապատասխանաբար՝ 16.2% և 12.2%։
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 58.8 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.5%-ը և 11.9%-ով կամ 6.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 15.2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 97.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նշված մուտքերն աճել են 9.4% ով կամ 1.3 մլրդ դրամով:
Հարկերի կառուցվածքում լուրջ փոփոխություններ են կրել հաստատագրված վճարներն ու բնապահպանական վճարները։
Այսպես, հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 10.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.3%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել են 22.5%-ով (3.1 մլրդ դրամով)։ Ֆինանսների նախարարությունը դա պայմանավորում է գործունեության մի շարք տեսակների՝ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
Փոխարենը՝ գրեթե 2 անգամ ավելացել են բնօգտագործման և բնապահպանական վճարները՝ 8.3 միլիարդից հասնելով 15.1 միլիարդի։ Այս եկամուտների հաշվին ապահովվել
է հարկային մուտքերի 3.2%-ը։ Այս ավելացումը պայմանավորված է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև՝ զուգահեռաբար «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունաբերողները վճարել են 8.5 միլիարդ դրամի ռոյալթիներ։
Այդ ավելացումը, սակայն, բերել է «այլ հարկեր» հոդվածի նվազեցմանը՝ 11.1 միլիարդից 6.9 միլիարդ։ Այսինքն՝ վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոնցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Ներկայացնենք նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը։ 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսների եկամուտները կազմել են շուրջ 83.5 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ դրանց աճը կազմել է 1.9% կամ 1.5 մլրդ դրամ: Սակայն պետք է նկատել, որ 2010թ.՝ 2009-ի համեմատ, սոցապվճարներն աճել էին 9.9%-ով կամ 7.4%-ով։ Աճի տեմպը նվազել է, ինչը փոքր-ինչ տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ տնտեսական աճի ցուցանիշն այս տարի 3 տոկոսային կետով բարձր է։