Գիտակցել են, թե ովքեր պետք է «գիտակցեն»
«Կարգին հաղորդման» մի սերիա կար, երբ տանտերն արհեստավորին «մարդավարի» խնդրում էր, որ վերանորոգման գործը շուտ ավարտի, սակայն սա գլուխ էր պահում։ Հետո տանտիրոջ նյարդերը չեն դիմանում, ծեծում է աշխատողին, մյուս օրը գալիս- տեսում է` իր սպասածից շատ գործ է արել։ Հարցնում է՝ «Արա, բա էս մի շաբաթ նույն բանն ասում էի, խի՞ չէիր անում»։ «Շեֆ ջան, դե տենց չոտկի չէիր ասում, էլի»։
Եթե այս սկեչը նկարվեր հիմա, կմտածեինք, որ սյուժեի համար հիմք են ծառայել տնտեսակական ու քաղաքական կյանքի վերջին անցուդարձերը։ Նկատի ունենք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունները։ Մարդը զայրացավ, մատ թափ տվեց ու… ամեն օր՝ նոր բացահայտումներ, ամեն օր՝ նոր ձերբակալություններ։
Երեկվա օրն էլ բացառություն չէր։ Այս անգամ խոշոր յուրացումներ է բացահայտել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ դեղորայքի շուկայում։ Ասում են՝ պետությանը 1.5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել (թեպետ, օրինակ, որքան փորձեցինք հասկանալ, թե այդ 1.5 միլիարդի վատնումն ի՞նչ ժամանակահատվածում է կատարել՝ 1 ամսո՞ւմ, 6 ամսո՞ւմ, թե՞ 1 տարում՝ չհաջողվեց, պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում)։
Ինչևէ, համառոտ անդրադառնանք բացահայտումներին, որոնք հանձնաժողովը խնամքով բաժանել է ենթավերնագրերի, հետո կանցնենք բուն ասելիքին։
Եվ այսպես, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անցկացրել մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներում և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններում: Պարզվել է, որ վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման՝ իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Արդյունքում՝ հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունն անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար. 150-ի փոխարեն՝ 350 դրամ:
Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը: Օրինակ, սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են, ասենք, «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը», և այլն:
Նաև հայտնաբերել են, որ խախտումներն առավելապես գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաև Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը։
Այս ամենի արդյունքում, ըստ հանձնաժողովի հաշվարկների, պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում, խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել մի շարք ընկերությունների հանդեպ։ Տուգանված ընկերությունների ցանկը երեկ ժամը 19։00-ի դրությամբ դեռ հրապարակված չէր. նշվում էր միայն, որ դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը», տուգանվեց 50 միլիոն դրամի չափով։
Ինչևէ, հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրությունից մեզ հատկապես դուր եկավ հետևյալ հատվածը. «Վերոնշյալ խախտումների հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, որ, իբր, տեղեկացված չեն եղել օրենքին: Նման պատճառաբանություններն անհիմն են, քանի որ վերջինները հստակ գիտակցել են, որ դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե»:
Հասկանալի է, որ այս միջոցառումն էլ շատերը դասելու են PR-ային շարքին։ Այսինքն՝ իշխանությունը փորձում է ցույց տալ, որ անողոք է յուրացումների ու թալանի նկատմամբ և հաստատակամ՝ երկրում կարգուկանոն հաստատելու հարցում։
Սակայն փոքր-ինչ խորը դիտարկելու դեպքում հարց է առաջանում՝ այս ամենն ավելի շատ PR է՞, թե՞ հակաPR։ Ինչպե՞ս պատահեց, որ լայնածավալ խախտումները սկսեցին ջրի երես դուրս գալ հենց նախագահի վերջին խորհրդակցություններից հետո և նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ՏՄՊՊՀ-ին, այլ պետական համակարգի բոլոր օղակներին։ Իսկ ի՞նչ էիք անում 5 տարի շարունակ։ Եթե նման խոշոր չարաշահումներ կան, դրանք նոր չեն, ի՞նչն էր խանգարում բացահայտել։ Այս տրամաբանությունից ելնելով՝ պետք է ոչ թե գովաբանել իշխանությանը բացահայտումների համար, այլ պատասխան պահանջել՝ նախորդ տարիների անգործության համար։
Սակայն ավելի կարևոր հարց է՝ իրո՞ք վերևներում չգիտեին, թե ինչ յուրացումներ են անում իրենց ենթակաները։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել մեր առանձնացրած հատվածում՝ «տնօրենները հստակ գիտակցել են, որ դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե»։ Նույնկերպ կարելի էր գլխի ընկնել, որ նախարարի, վարչության պետի կամ մեկ այլ պաշտոնյայի կոստյումը, մեքենան ու ընդհանրապես՝ ամսական ծախսերը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են նրա աշխատավարձն ու պաշտոնապես հայտարարագրված եկամուտները։ Ընդ որում, մեծ ջանքեր պետք չէր գործադրել, քանի որ մամուլն այդ հարցում միշտ օգնել է՝ ընդհուպ մինչև ԱԳ նախարարի վարած «Մերսեդեսը»։ Կարճ ասած՝ մարդու մտքին տեղ լինի։