Ո՞ւմ է հետաքրքիր նվազագույն աշխատավարձի չափը
Պարզվում է՝ կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2500 դրամով՝ 32.5 հազարից դարձնել 35 հազար, քանի որ նկատել է որոշակի տնտեսական առաջընթաց։ Այս մասին, ըստ Մեդիամաքսի, այսօր հայտարարել է ԱԺ Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Ավելին բարձրացնելու հնարավորություն, սակայն, պետությունը չունի։ Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի առաջարկին` նվազագույն աշխատավարձը դարձել 72.000 դրամ, Հակոբ Հակոբյանն ասել է. «Նվազագույն աշխատավարձը նախատեսված է որակավորում չունեցող քաղաքացու համար, արդարացի չի լինի բարձրացնել այն, իսկ առաջին կարգի մասնագետն այդ ժամանակ ստանա 40.000 դրամ: Այս դեպքում մենք պետք է բարձրացնենք նաև քաղծառայողների աշխատավարձը, ինչի հնարավորություն դեռևս չունենք»:
Միևնույն ժամանակ, Հ. Հակոբյանը նշել է, որ նվազագույն աշխատավարձը տնտեսական, այլ ոչ թե սոցիալական կատեգորիա է։ Իսկ հետո հիշեցրել է, որ կառավարության ծրագրի համաձայն, մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձը կդառնա 72.500 դրամ:
Ուշագրավն այն է, որ կառավարության ծրագիրը նաև նախանշում է 2012-2017թթ. ծրագրով նպատակադրելով նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում: Ու անհասկանալի է դառնում, թե կառավարությունը նվազագույն աշխատավարձի հիմքում ինչո՞ւ է դնում հենց սոցիալական գործոնը (սպառողական զամբյուղը), եթե այն սոցիալական կատեգորիա չէ։
Ինչևէ, անկախ ծրագրային ձևակերպումներից` Հ. Հակոբյանի մտքի հետ դժվար է չհամաձայնել։ Նվազագույն աշխատավարձի չափը հիմնականում ֆինանսական և տնտեսական չափորոշիչ է, տարբեր հաշվարկների հիմք և սոցիալականի հետ ամենևին կապ չունի (համենայնդեպս, այսօր)։ Ցանկացած մարդ աշխատանքի ընդունվելիս հաշվի է առնում, թե իրեն առաջարկվող գումարը բավարա՞ր է իր ծախսերը հոգալու համար և համարժե՞ք է իր արած գործին։ Մյուս կողմից՝ ցանկացած գործատու հաշվի է առնում իր ֆինանսական հնարավորություններն ու տվյալ աշխատողից ակնկալվող օգուտը։ Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափի մասին այդ պահին նրանցից ոչ ոք չի հիշում, քանի որ ոչ մեկին դա հետաքրքիր չէ։ Այն որևէ դեր չի խաղում և հիշվում է միայն հարկերը հաշվարկելու ժամանակ, քանի որ դրա հիմքի վրա են հաշվարկվում եկամտահարկի ու սոցվճարի չափերը։
Այնպես որ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը 2500 դրամով ոչնչով օգուտ չի տալու վարձու աշխատողներին. Նրանք, այսպես թե այնպես, ամսական 35.000-ով չեն աշխատում, քանի որ այդ գումարը չի բավականացնի անգամ ճանապարհածախսին։ Իսկ պետական բյուջեին օգուտ կտա՝ ավելի շատ վճարվող հարկերի հաշվին։ Իսկ այդ տեսանկյունից նայելու դեպքում «հնարավորությունների» մասին խոսելն ինչ-որ տեղ ավելորդ է դառնում։
Ինչ վերաբերում է 72.500 դրամ նվազագույն աշխատավարձին, ապա այն կարող էր լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, եթե այդ ցուցանիշին հասնեինք 1-2 տարվա ընթացքում, ոչ թե 5 տարի անց։ Մեծ հարց է, թե այդ 72.500 դրամը 2017թ. ի՞նչ արժեք կունենա։ Այսինքն՝ նվազագույն աշխատավարձի կրկնապատկման սոցիալական ազդեցությունը չնչին է լինելու։ Ժողովուրդը նման դեպքերի համար լավ խոսք ունի՝ առվի ջրի և գորտի աչքի մասին։ Մյուս կողմից, շատ նեղսրտել պետք չէ, քանի որ նվազագույն աշխատավարձն ընդամենը նորմատիվային մեծություն է։ Բնակչությանը, ինչպես արդեն նշվեց, չի հետաքրքրում ոչ դրա չափը, ոչ էլ սպառողական զամբյուղի գինը՝ հաշվարկված պաշտոնական վիճակագրության կողմից։