Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը քվեարկել են, որտեղից «քամին փչել է»

«Ակնհայտ է, որ արձանագրությունըն անկախ յուրաքանչյուր պետության իրավունքների սահմանափակում է, ու Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել պետականության օգտին, Հանրապետության անկախության պաշտպանության համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի երեկվա ԱԺ քվեարկությանը:

Հիշեցնենք, որ խոսքը ՀԱՊԿ համաձայնագրի մասին է, համաձայն որի` ՀԱՊԿ անդամ երկիրն իրավունք չունի իր տարածքում տեղակայել երրորդ երկրի ռազմավարական օբյեկտ, եթե մյուս երկրները հավանություն չտան սրան: Հոկտոմբերի 4-ին ԱԺ քվեարկության դրված այս արձանագրությանը դեմ է քվեարկել ՀԱԿ խմբակցության պագամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ կողմ են քվեարկել ՀԱԿ պատգամավորներ Լյուդմիլա Սարգյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:

«Թե ինչու են մյուս ընկերները կողմ քվեարկել, երևի իրենց հարցնեք: Բայց ես՝ որպես ՀԱԿ քաղաքական խորհրդի անդամ, գտնում եմ, որ սխալ են վարվել: Նախ, պետք է փատաթութը քննարկվեր քաղխորհրդում, որովհետև որոշում ենք ընդունել, որ օրենսդրական նախաձեռնությունները, փաստաթղթերը, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են, պետք է ներկայացվեն ու քննարկվեն դաշինքի խորհրդում: Փաստորեն` շրջանցվել է քաղխորհրդի որոշումն ու քվեարկել են այնպես, ինչպես իրենք ցանկացել են»,- ասաց Պ. Մակեյանը:

Հարցին, թե Դուք դե՞մ էիք արձանագրության ընդունմանը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք մեր Հանրապետության պետականության անկախությանը: Կարծում եմ, ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն անկախությանը դեմ քվեարկած պատգամավորների թվում են նաև Լ. Սարգսյանը և Գ. Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը նշեց. «Երևի կա’մ խորությամբ չեն ընկալել փաստաթղթի իմաստը, կա’մ էլ քվեարկել են այնպես, որտեղից «քամին փչել է»»:

Մեր հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ում առկա տարակարծությունները ՀԱԿ կուսակցությունների դաշինքի պառակտման մասին են վկայում, Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց. «ՀԱԿ-ում տարակարծություններ եղել են, որոնց ես նորմալ եմ վերաբերում: Բայց այդ տարակարծությունները պետք է նախապես քննարկվեն: Ինչպես երևում է` ՀԱԿ-ն իր քաղխորհրդի որոշումը չի կատարել, քանի որ այդ օրենսդրական նախաձեռնության մասին մինչ ԱԺ-ում քննարկվելը պետք է խորհրդում քննարկվեր: Դժվար չէր արտահերթ նիստ հրավիրել ու քաղխորհրդի տեսակետն այս հարցի շուրջ իմանալ»:

Պ. Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ անդամների մեծամասնությունը ռուսամե՞տ, թե՞՝ արևմտամետ են, և քաղխորհրդում արձանագրության քննարկման դեպքում ի՞նչ եզրակացության կգային՝ քվեարկել կո՞ղմ, թե՞ դեմ: Ի պատասխան, Պետրոս Մակեյանն ասաց, թե ՀԱԿ-ում տարբեր ուղղվածության քաղաքական ուժեր կան:

«Գաղափարապես՝ ձախից մինչև աջ, իսկ ուղղվածության առումով՝ ռուսականից` արևմտամետ, ինչպես նաև ամերիկյան ուղղվածության ուժեր կան: Եթե քաղխորհուրդը քննարկեր, կարծում եմ` «դեմ»-ի կողմնակից կլիներ: Մեր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով. եթե մի կուսակցություն դեմ է, առաջարկը, որոշումը չի ընդունվում»,- նշեց Մակեյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս