Սպասում է շտապօգնության այն մեքենային, որով մայրը հեռացել է (լուսանկարներ)
Բետոնապատ սառը տան պատից կախված ժամացույցի զարկերը ծանր լռության մեջ մուրճի հարվածի պես գամվում են ուղեղիս մեջ: Ժամացույցի չխկչխկոցն ավելի նյարդային է դառնում, երբ բոլորս միասին տևական ժամանակ կանչում ենք Շահենին, բայց նա համառորեն չի գալիս հյուրասենյակ:
Սենյակից լսվում են երեխաներից ամենափոքրի՝ Էրիկի շշուկները, ով եղբորը հազարումի սուտ ու հեքիաթ պատմելով` ուզում է համոզել, որ ինձնից չվախենա: Հյուրասենյակից լսվում են ինձ անծանոթ Շահենի ոտնաձայները, որոնք կամաց-կամաց ավելի են մոտենում, բայց վերջին պահին Շահենը հետ-հետ է գնում՝ այդպես էլ չհամարձակվելով շփվել ինձ հետ:
19-ամյա Շահենը Գրետա Հովհաննիսյանի չորս թոռներից մեկն է, ով վեց տարեկանում ականատես է եղել, թե ինչպես է 28-ամյա երիտասարդ մայրը մահանում:
Չորրորդ երեխային ծննդաբերելուց մեկ տարի անց երեխաների մոր մոտ քաղցկեղ են հայտնաբերել, որն արդեն ճյուղավորված է եղել ամբողջ օրգանիզմում, և նրան փրկել այլևս հնարավոր չի եղել: Շահենի հիշողության մեջ դաջվել է մոր մահը: Հիշողությունից չի վերանում նաև մորը տեսնելու վերջին օրը, ու հիշողության մեջ մայրը դեռ ողջ է: Մորը վերջին անգամ ճանապարհել է շտապօգնության մեքենայով ու մինչ օրս սպասում է այդ մեքենայի վերադարձինգ Փնտրում էգ Տիկին Գրետան ասում է, որ հարսին կորցնելու օրը շտապօգնություն են կանչել, ու այդ օրը Շահենի մորը տեղափոխել են շտապօգնության մեքենայով:
Շահենը մինչև հիմա շտապօգնության մեքենա տեսնելիս` հավատում է, որ մայրն այդ մեքենայի մեջ է: «Ասում ա՝ նայի, մամաս էնտեղ ագ»,- պատմում է տիկին Գրետան, ով խոսում է ցածր ձայնով, որ հանկարծ Շահենը չլսի:
Շահենն առողջ է ծնվել, բայց, երբ վեց տարեկան էր, նկատել են, որ երեխան խնդիր ունի: Մասնագետներն ի զորու չեն գտնել շատ հարցերի պատասխաններ, իսկ Շահենի հայրն ու տատիկն այդ տարիքում նրա մոտ արդեն մտավոր խնդիրներ են հայտնաբերել: Ճիշտ այն ժամանակահատվածում, երբ նա կորցրել է մորն ու սկսել է շտապօգնության մեքենաների մեջ փնտրել նրան: Շահենը կյանքում երկու բան է սիրում՝ մեքենայով ճամփորդել, որի ընթացքում հավանաբար հանդիպում է շտապօգնության մեքենաներին, ու իր մեջ հույս է արթնանում: Մեկ էլ սիրում է մենակություն: Մարդկանցից խուսափում է, բայց չգիտի՝ վախենո՞ւմ է, թե՞ ամաչում է:
Տիկին Գրետան ասում է՝ «Շատ մեկուսացած երեխա ա: Ամեն ինչ անում եմ, որ շփվի, խոսի, բայց անօգուտ: Օրերով կարող ա փակվել իր սենյակում ու ոչ ոքի չցանկանա տեսնել: Թիվ 12 գիշերօթիկ դպրոցում էր սովորում, բայց չգնաց. ինչքան համոզեցինք, ինչ արեցինք` չցանկացավ գնալ, ստիպված տնային ուսուցում են կազմակերպում: Շատ զգայուն ու շուտ վիրավորվող երեխա ա: Չի սիրում, երբ իր մասին խոսում ենք: Եթե պատահաբար լսի՝ կարող ա օրերով սենյակից դուրս չգա, հաց չուտի: Բայց շատ բարի ու լավ մարդ ա»:
Շահենը մեկ էլ շատ սիրում է եղբորը՝ Էրիկին, ով հասկանում է իրեն ու, երբ տանն անծանոթ է լինում, նա Շահենի պինդ սեղմած ձեռքը երբեք չի թողնում:
Երեխաներից փոքրը՝ Էրիկը, շատ նրբանկատ ու դաստիարակված մարդ է: Եղբորը համոզում է, որ ինձնից չվախենա, ու դա անում է այնքան խելացի կերպով, որ Շահենը վերջապես համարձակվում է մոտենալ: «Ինքը քեզ սիրում ա, ուզում ա քո հետ կոֆե խմի, ծանոթանա: Ես քո ձեռքը չեմ թողի, արի միասին գնանք, կնստես կողքս»,- հարևան սենյակից լսվում են փոքրիկ տղայի շշուկները, ով հյուրասենյակ է մտնում Շահենի հետ միասին:
Թիկնեղ այս տղան ամեն կերպ ուզում է թաքնվել փոքրամարմին եղբոր ետևում, որ որևէ մեկն իրեն չնկատի:
Բազմոցին նստում է` Էրիկի ձեռքը պինդ սեղմած, ու, երբ վերջինս ցանկանում է տեղաշարժվել, Շահենը, տեղից վեր թռչելով, ուզում է փախչել: Չի նայում աչքերիս մեջ, հայացքն ամենուր է, բայց ոչ` կոնկրետ մի տեղ: Էրիկին հարցնում եմ՝ «Իսկ ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու»: Պատասխանում է՝ «Պապայիս հետ մտածում ենք»: Առանց մայր մեծացած երեխաները նույնիսկ մտածելիս` հոր հետ են մտածում:
«Ամաչում եմ պատմել»
Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 7-րդ փողոցի 15 տան բնակչուհի Գրետա Հովհաննիսյանը չափազանց արժանապատիվ և հոգատար մարդ է: Երիտասարդ հարսին կորցնելուց հետո որդու հետ մեծ դժվարություններով մեծացնում է միակողմանի ծնողազուրկ չորս երեխաներին: Չնայած կենցաղային վատ պայմաններին ու սոցիալական մեծ դժվարություններին, այդուհանդերձ, չի դադարում կարևորել երեխաների կրթության հարցը: Ամեն ինչ անում է, որ երեխաներն ուսում ստանան:
Երեխաներից Աննան քոլեջում սովորելու հետ միաժամանակ` ընդունվել է աշխատանքի, որպեսզի կարողանա վարձավճարը մուծել: «Երևի դուրս գա, որովհետև խանութը Կոմիտասում ա, ճանապարհածախսը շատ ա, երկու տրանսպորտ ա փոխում, ու օրական 2000 դրամից մնում ա 1000-ը: Խեղճ երեխեն նախորդ տարվա վարձը չկարողացավ փակել, ընդունվեց աշխատանքի, բայց դե էդ գումարով ո՞նց 120.000 դրամ հավաքի: Նախորդ տարվա 60.000-ին գումարվել ա էս տարվանը: Շատ ա ուզում սովորել, բայց ո՞նց անենք` չգիտենք: Անվճարն էլ` գիտեք, պետք էր պարապել, իսկ ինքը հոգսաշատ ընտանիքի երեխա ա: Ուժն էդքան հերիքեց: Հիմա վազում ա դասի, հետո` աշխատանքի, բայց ոչ մի բանի չի հասնում: Ուզում ա տարկետում վերցնի, աշխատի, որ վարձի գումարը հավաքի ու շարունակի ուսումը, թե չէ դուրս կմնա»,- ասում է տիկին Գրետան՝ վստահեցնելով, որ աղջիկներից Լիաննան էլ ցանկանում էր համալսարան ընդունվել, բայց Աննայի դժվարությունները տեսնելով` հայրն ու տատիկն անիմաստ են համարել քայլ կատարելը:
Երեխաների հայրը՝ Սարգիսն, արդեն քանի ամիս գործազուրկ է: Մի ընկերությունում վարորդ է աշխատել, սննդամթերք է առաքել՝ ամսական ստանալով 60.000 դրամ աշխատավարձ: Տիկին Գրետան ասում է՝ պատահել է` այդ մթերքից նաև տուն է բերել. «Օրեր եղան, որ երեխաներն ուտելու բան չունեին: Պարտքով վերցնում էր, որ տուն հասցներ, բայց հետո կուտակվեց-կուտակվեց ու մեծ պարտք դարձավ: Աշխատանքից ազատեցին»:
Նախկինում որպես նպաստառու գրանցված այս ընտանիքին հաշվառումից հանել են, երբ տեղեկացել են, որ Սարգիսն ամսական 60.000 դրամ եկամուտ ունի: Ներկայումս ընտանիքի հայրը ոչ աշխատանք ունի, ոչ էլ նպաստ են ստանում: Վեց հոգով գոյատևում են տիկին Գրետայի 25.000 դրամ կենսաթոշակով ու Շահենի 15.000 դրամ հաշմանդամության թոշակով: Հարցնում եմ՝ «40.000 դրամով ո՞նց եք ամբողջ ամիսը հաղթահարում»:
Տիկին Գրետան ժպտում է՝ «Ամեն առավոտ խանութից պարտքով հաց վերցնելով: Ամաչում եմ պատմել` ոնց ենք ապրում, շատ եմ ամաչում: Տեսնո՞ւմ եք գազի խողովակըգ մեկ տարի ա` արդեն գազ ունենք, բայց ձմռանը փայտ ու դրսից հավաքած կարտոններ ենք վառում: Անցած տարի ձմռանը մեկ ամիս գազով տաքացանք, 40.000 դրամ վճարը կազմեց: Պատերն ու հատակը բետոն են, չէր տաքանում տունը, դրա համար շատ էինք վառում: Անջատեցինք, որ էլ չօգտագործենք: Հիմա նայում ենք գազի խողովակին ու ուրախանում ենք, որ կա: Կա, բայց վախենում ենք օգտագործել: Նայում` ուրախանում ենք: Ամաչում եմ, հասկանո՞ւմ եք, չեմ կարող շատ բան պատմել»: Ամաչում է նույնիսկ պատմել, որ Շահենի նյարդային համակարգը կարգավորող մասնագետների նշանակած դեղորայքը չեն կարողանում գնել, քանի որ ամեն տուփն արժե 6000 դրամ, իսկ միայն մեկ ամսվա դեղորայքն ապահովելու համար անգամ նրա թոշակը չի բավականացնի:
Ընդհանրապես տիկին Գրետան հպարտ ու լավ մարդ է, ով տարիներ շարունակ բազում դժվարություններ հաղթահարելով հանդերձ` երբևիցե պետական կամ մասնավոր կառույցներին չի դիմել ինչ-որ կերպ աջակցելու համար: Մեզ էլ չի դիմել: Մեզ դիմել են այն դպրոցի սաների ծնողներն ու ուսուցիչները, որտեղ մեկ տարի հաճախել է Շահենը: Ասում են՝ տիկին Գրետան երկար ժամանակ չէր կողմնորոշվում` դիմե՞լ արդյոք խմբագրության օգնությանը, թե՞ ոչ: Ասել է՝ ամաչում է: Դպրոցից են համոզել, քանի որ ականատես են եղել տարեց կնոջ` հաշմանդամություն ունեցող միակողմանի ծնողազուրկ տղայի հետ կապված մեծ դժվարություններին:
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: