Սիրուշո. «Իմ հոգում շատ ասելիք կա, և ես, ինչպես միշտ, դա անելու եմ երգի միջոցով» (լուսանկարներ)

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը Սիրուշոյի հետ

– Վերջերս «Կորցրած մեղեդին» երգի տեսահոլովակը ներկայացնելիս` գրել էիր, որ «այսօր հնչող երգերի մեծ մասը կարծես իսկապես կորցրել են իրենց մեղեդին, հոգին ու որակը»: Խոսքը հայկակա՞ն, թե՞ նաև արտասահմանյան երգերի մասին է:

– Խոսքը վերաբերում է թե Հայաստանին, թե ամբողջ աշխարհին: Ընդհանրապես ամբողջ աշխարհում նկատվում է, որ մեղեդին բացակայում է երգի միջից, հոգին է բացակայում:

– Ի՞նչ ես կարծում` ո՞րն է դրա պատճառը:

Կարդացեք նաև

– Պատճառը երևի թե ժամանակն է, կյանքի ռիթմը, տեխնիկայի արագ զարգացումը, և այլն: Ես, ընդհանրապես, լավ եմ վերաբերվում տեխնիկայի զարգացմանը, բայց միգուցե դրա պատճառով մենք հեռանում ենք մեր բնությունից, մեր զգացողություններից: Դա նկատելի է ամենուր, ամեն ինչում, այդ թվում` նաև երաժշտության մեջ:

– Վերջերս Ավետ Բարսեղյանի հետ մի երգ էիք գրել, որը կատարում է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը: Արտասահմանյան կամ ռուս այլ աստղերի հետ համագործակցության պլաններ կա՞ն:

– Ակնթարթներ ու պահեր կան, որոնք մարդու կյանքը մեկը մյուսին կապող օղակներ են դառնում: Ինձ համար, որպես երգահան և երաժշտասեր, դա հաստատ այդ օղակներից մեկն էր: Կան աշխատանքներ, որոնք հիմա ընթացքի մեջ են: Պայմանավորվածություններ ու առաջարկներ ունենք ռուսական էստրադայի այլ արտիստների հետ:

– Բացի արտասահմանյան երաժիշտների համար երգեր գրելուց` վերջերս նաև բազմաթիվ ելույթներ ես ունեցել արտասահմանում: Փոխարենը, կարծես թե, փոքր-ինչ պասիվ ես հայաստանյան շուկայումգ

– Ինչ վերաբերում է արտասահմանյան ելույթներին, այնպես ստացվեց, որ բազմաթիվ հրավերներ եղան դրսից, որոնք ընդունեցի ու մասնակցեցի մի շարք միջոցառումների, որոնց շրջանակներում Հայաստանը ներկայացնելն ինձ համար շատ կարևոր էր: Իսկ Հայաստանում ելույթ կամ մենահամերգ ունենալը մի բան է, որ ես ինքս եմ շատ ցանկանում:

Դեռևս 14 տարեկանից մենահամերգներ եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այնպես որ, մենահամերգ ունենալն ինձ համար վաղուց որևէ բան ապացուցելու խնդիր չէ: Եվ եթե այս բոլոր երկրներում ես հրավիրված եմ եղել և կազմակերպչական հարցերով գրեթե չեմ զբաղվել, ապա Հայաստանի դեպքում ցանկանում եմ, որ այն մոտ լինի իմ պատկերացումներին: Ես այսօր իմ յուրաքանչյուր ելույթին շատ բծախնդիր եմ մոտենում և մասնակցում եմ աշխատանքի բոլոր փուլերին` սկսած ելույթի լուսավորությունից մինչև իմ և պարային խմբերի հագուստի դետալները և պարային շարժումները:

Եվ այսքանից հետո, հաշվի առնելով մեր իրականությունը, կրկին ամբողջովին չի լինում այն, ինչ պատկերացնում եմ: Մեկ մարդու թերի աշխատանքի պատճառով կարող է տուժել հսկայական աշխատանքը: Այնպես որ, մենահամերգ ունենալու դեպքում պետք է պատրաստ լինեմ թե հոգեպես, թե ժամանակային առումով և թե նյարդային համակարգով:

– Շատերն են նշում, որ հայաստանյան երգարվեստի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ աստղերին արտասահմանում չեն ճանաչում, և դժվար է այլ շուկա մուտք գործելը: Ի՞նչ ես կարծում` ո՞րն է պատճառը:

– Իմ դեպքում, օրինակ, մտածված ոչ մի բան չի եղել: Իսկապես երբեմն այնպես է ստացվում, որ դու չես կարող կանխորոշել. հանդիսատեսին երգ ներկայացնելիս երբեք չգիտես` նա կընդունի՞ այն, թե՞ ոչ: Խոսքը և հայաստանյան, և դրսի հանդիսատեսի մասին է: Իմ դեպքում շատ ուրախ եմ, որ իմ երգը այդքան ջերմ, այդքան լավ ընդունվեց և տարածվեց: Ճանաչումը, իհարկե, սկսվեց «Եվրատեսիլից» հետո, բայց ունեցավ իր շարունակությունը, որը հանգիստ կարող էր նաև չլինել: Ես դա գիտակցում, հասկանում եմ և շատ եմ գնահատում: Արտասահմանում ճանաչված լինելը մի բան էր, որ ինքս էլ չէի պատկերացնում, որ կարող է լինել, քանի որ դեռևս փոքր տարիքում տեսնում էի, որ շատ քչերին է հաջողվում այդ սահմաններից դուրս գալ:

Վերջերս Պորտուգալիայում կայացած համերգից հետո մոտ մեկ ժամ ստորագրություն էի տալիս երկրպագուներիս, ու նկատեցի, որ նրանց շարքերում նույնիսկ մեկ հայ չկար, և դա առաջին դեպքը չէր: Շատ հետաքրքիր և տարօրինակ զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո երաժշտությունը ոչ միայն հուզում է հայրենակիցներիդ, այլև այլազգիներին: Ես չէի ասի, որ Եվրոպայում համընդհանուր ճանաչում ունեմ, և բոլորը իմ երաժշտությունն են լսում, բայց ես վստահ կարող եմ ասել, որ այդ բոլոր երկրներում ունեմ երկրպագուների մի մեծ բանակ, ովքեր հետաքրքրվում են իմ երաժշտությամբ ու հետևում են իմ աշխատանքներին:

– Իսկ քեզ առհասարակ դո՞ւր է գալիս այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան երգարվեստում:

– Շատ բաներ կան, որոնք ինձ այսօր դուր չեն գալիս և անգամ անհանգստացնում են: Բայց խոսելիս նախընտրում եմ խոսել այն բաների մասին, որոնք ինձ դուր են գալիս: Բողոքելը հեշտ է, և դրա համար բողոքողները շատ են: Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում. դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է:

– Շատ երգահաններ ու երգիչներ ասում են, որ գումար աշխատելու խնդիր ունեն, իսկ որակյալ երաժշտությամբ հնարավոր չէ գումար աշխատել…

– Միգուցե դա գումար աշխատելու կարճ և հեշտ ճանապարհն է: Բայց ես այդ գաղափարի հետ համաձայն չեմ: Երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում և կարիք չեմ ունեցել անցնելու այդ անհասկանալի ժանրին: Փոքր տարիքից եմ սկսել գումար աշխատել և հոգացել և հոգում եմ իմ տեսահոլովակների, ձայնագրությունների ու արդեն` նաև իմ աշխատանքային անձնակազմն ունենալու ծախսերը: Ինձ համար գումար աշխատելը և միևնույն ժամանակ ինքդ քեզ հավատարիմ մնալը` հենց հաջողությունն է:

– 2012թ. ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հնարավորություն չէիր ունեցել իրականացնելու մտահղացումներիդ մեծ մասը: Հաճա՞խ են նման դեպքեր պատահում:

– Մեր պայմաններում նման դեպքեր հաճախ են լինում: Արդեն, ինչպես ասացի, ես իմ աշխատանքի հանդեպ շատ բծախնդիր եմ ու սիրում եմ աշխատել աշխատասեր մարդկանց հետ, ովքեր իրենց աշխատանքն իսկապես սիրում են: Եվ չեմ սիրում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ բան անում են զուտ ինչ-որ բան անելու համար, կամ նրանց հետ, ում հետաքրքիր է միայն արդյունքը, և հետաքրքիր չէ այդ ամբողջ ստեղծագործական պրոցեսը: Այդ դեպքում արդյունքն այլևս չի լինում այնպիսին, ինչպիսին պետք է լինի: Ես իմ ելույթներից առաջ միշտ հստակ պատկերացնում եմ, թե ինչ եմ ուզում, որպեսզի լինի բեմում: Ես այդ ամենը հստակ տեսնում եմ վերջնական տեսքով: Իսկ երբ սկսում եմ աշխատել, կառուցել այդ ամենը, ուզում եմ, որ ամեն ինչ լինի իմ մտածածի նման: Դա 100%-ով, իհարկե, չի լինում, բայց իմ ցանկությանն ինչ-որ չափով մոտեցնում եմ: Ու շատ եմ ցանկանում, որ այդ ճանապարհին, եթե օգնողներ չլինեն, գոնե չխանգարեն:

– Քո վերջին ձայնասկավառակը` «Հավատում եմ»-ը, լույս է տեսել 2010 թվականին: Նոր ձայնասկավառակ թողարկելու ծրագրեր չկա՞ն:

– Ես հիմա ավելի շատ փորձում եմ տեսնել, լսել, զգալ, այսինքն` այս պահին կուտակում եմ, իսկ թե դա ինչպե՞ս կարտահայտվի` ինքս էլ չգիտեմ: Կարող է ստացվել շատ տարօրինակ մի բան, որը կամ կլսեն միայն երկու հոգի, կամ այնպիսի բան կստացվի, որը շատերը կլսեն ու կսիրեն: Բայց գոնե ես հանգիստ կլինեմ, որ դա շատ իմն է ու այն է, ինչ ես իսկապես զգացել եմ: Ամեն դեպքում, ինձ մոտ արդեն սկսվում է վերարտադրելու գործընթացը: Իմ հոգում շատ ասելիք կա, և ես, ինչպես միշտ, դա անելու եմ երգի միջոցով:

– Ճանաչված անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը միշտ էլ մեծ է լինում: Այդ ուշադրությունը քեզ չի՞ խանգարում:

– Փորձում եմ այդ ուշադրության գերին չդառնալ: Շատ ուրախանում եմ, որ իմ կողմից արված քայլերն այդքան մեծ արձագանք են ունենում, բայց փորձում եմ դրանցից կախվածություն չունենալ ու ոչինչ չանել հատուկ ուշադրություն գրավելու համար:

– Իսկ երբ հերթը հասնում է բամբասանքների՞նգ.

– Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության հասնող աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին: Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին:

– Դրանք քեզ չե՞ն վիրավորում, թե՞ ուշադրություն չես դարձնում այդ բամբասանքներին:

– Երբ փոքր էի` նման խոսակցություններն ինձ ավելի էին ցավեցնում, ու մինչ օրս էլ կարող է լինել նման բան, քանի որ, երբ լսում ես քո մասին մի բան, որը, բացի նրանից, որ չի համապատասխանում իրականությանը, այլև դեմ է քո տեսակին ու սկզբունքներին, հոգուդ մեջ մի բան իսկապես ցավում է: Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ նման լուրեր տարածողները հոգու խորքում իրենք էլ չեն հավատում իրենց ասածին, ու հասկանում ես նաև, որ պարզապես կան մարդիկ, ովքեր լիցքավորվում են վատ լուրեր տարածելով: Բնավորության նման գիծ ունենալը մեծ դժբախտություն է մարդու համար, ու ես չգիտեմ, թե նման մարդիկ իրենք իրենց հետ ինչպես են ապրում: Երբ սկսում ես սա գիտակցել` այդ անտրամաբանական խոսակցությունները սկսում են ծիծաղելի հնչել, և այդ պատճառով այսօր ծիծաղում կամ պարզապես անտարբեր եմ լինում նման հիմարությունների նկատմամբ:

– Կպատմե՞ս առաջիկա ծրագրերի մասին:

– Պատմելու փոխարեն` կփորձեմ իրագործել դրանք:

Լուսանկարները` Design Deluxe-ի

Տեսանյութեր

Լրահոս