Ո՞վ պետք է պատասխան տա 700 մլն դրամի փոշիացման համար

Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի կարծիքով`
պատասխանատուն ՀՀ քաղաքաշինության նախարարությունն է

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ` կազմել են 305.000.000 դրամ, ապա` 709.641.000 դրամ: Ըստ նախաքննության տվյալների` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով:

Աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:
Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս:

Կարդացեք նաև

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունում վերջերս հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության աշխատանքը` խոսելով տարբեր ոլորտներում առկա չարաշահումների մասին:

Նա անդրադարձավ նաև Ազգային գրադարանի վերանորոգման հարցին, ինչի համար պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ, մինչդեռ շինարարությունն ավարտված չէ, իսկ հատկացված գումարն ավելի քան բավարար էր շենքը նորմալ վերանորոգելու համար: Ազգային գրադարանի ներկայիս տնօրեն Տիգրան Զարգարյանը լրատվամիջոցների հետ զրույցներում նշել էր, որ շինարարությունը դեռ ավարտված չէ, և այն ընդունողն էլ իրենք չեն, քանի որ մրցույթը հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Շինարարությունը սկսվել է 2006 թվականից: Այսինքն` գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի պաշտոնավարության շրջանում:

Հարցազրույց ՀՀ Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ

– Ինչպե՞ս է պատահել, որ շինարարական թերությունների մասին Ձեզ չեն ներկայացրել: Դուք չե՞ք իմացել, որ հատկացված գումարները չեն օգտագործվել նպատակային:

– Նախ` նշեմ, որ Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը կառուցվել է Հայաստանի համար բավական բարդ և դժվարին պայմաններում` 30-ականների վերջերին, ու շահագործման է հանձնվել նախապատերազմական շրջանում: Եթե չեմ սխալվում, ըստ նախագծի` նախատեսված է եղել, որ շենքը տերյանական հատվածից ձգվի դեպի Աբովյան փողոց: Բայց ինչ-ինչ պատճառներով, հավանաբար պատերազմն է խանգարել ու դրան հաջորդող հետպատերազմյան շրջանը, այս նախագիծն իրականացնել չի հաջողվել: Թե՛ իմ, թե՛ աշխատակիցների և թե՛ մեր ընթերցողների մեծ երազանքն է եղել, որ գրադարանն ի վերջո մի օր հիմնանորոգվի: Կառուցման, շահագործման օրից սկսած մինչ օրս հիմնանորոգում չի կատարվել: Իրականացվել են միայն կոսմետիկ միջամտություններ:

Եվ ահա հաջողվեց, ի վերջո, շենքը հիմնանորոգելու իրավունք ձեռք բերել: Քանի որ շենքը գործում է Մշակույթի նախարարության ենթակայության ներքո, նրանց միջամտությամբ, ջանքերով պետական միջոցների հաշվին ձեռք բերվեց իրավունք շենքի հիմնանորոգման համար: Պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն էր, շինարարական աշխատանքների կատարողը` «Հրազդան 2» կազմակերպությունը:

Գրադարանը, որպես իրավաբանական անձ, շինարարական աշխատանքների հետ բացարձակապես կապ չունի. կարգն է այդպիսին: Գրադարանը տվյալ պարագայում ունի խորհրդակցական ձայնի իրավունք, որը կարող են հաշվի առնել, կամ` ոչ: Որոշ ժամանակ անց շինարարական կազմակերպության ղեկավարը, ցավոք, մահացավ: Քանի որ գրադարանը չուներ մասնագետ, ով կվերահսկեր շինարարական պրոցեսը, մենք պարբերաբար դիմում էինք` ստուգումներ անցկացնելու համար:

Պարբերաբար ահազանգել ենք, կան քաղաքաշինությունից տեսուչներ, որոնք գալիս էին ստուգումների: Գալիս էին, խոստանում էին, որ կշտկեն, կազմում էին թերությունների ակտեր: Բայց պարզվեց, որ ծախսվել է 700 մլն դրամ, աշխատանքները չեն կատարվել, կատարվածն էլ լեցուն է աղաղակող թերություններով: Երբեմն մտածում եմ, որ ավելի լավ է` հին վիճակում մնար շենքը: Մենք ուղղակի աղաչել ենք, որ արվի ամեն ինչ, որ ներկայանանք աշխարհին այդ շենքով:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, դրանց բաշխմանն ու շինարարության որակին, դրա հետ կապված Ազգային գրադարանի ո՛չ նախկին, ո՛չ ներկա տնօրինությունը որևէ իրավական հանձնարարություն չունի: Բայց դե, մարդ ենք, որքան էլ գաջը ցեմենտից չենք տարբերում, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ աղավաղումներ են տեղի ունենում: Ծրագրում մտնում էր նաև ջեռուցման, օդափոխության կապուղիների և այլ համակարգերի վերանորոգումը: Եթե չեմ սխալվում` հատկացված բյուջեն պետք է հատկացվեր նաև կահույքին, ժամանակակից սարքավորումներին: Նոր մասնաշենքը պետք է ծառայեր ադմինիստրատիվ-վարչական բաժնին:

– Նախագծման աշխատանքի ավարտից հետո շինարարական կազմակերպությունը Ձեզ չի՞ ներկայացրել նախատեսվող աշխատանքների բնութագիրն ու դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների թիվը:

– Ո՛չ, մենք շատ դժվարությամբ ձեռք բերեցինք այդ փաստաթուղթը: Մենք գործընկեր չենք այս հարցում շինարարական կազմակերպության հետ: Մեր դերակատարումն այստեղ առաջարկներ ներկայացնելն է, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներում պարզապես չեն կիրառվել: Մենք բանակցություններ ենք ունեցել այդ կազմակերպության հետ` թե՛ գրավոր, թե՛ բանավոր բնույթի: Պահանջել ենք, որ մասնագիտական հանձնաժողով ստեղծեն` աշխատանքների վերահսկողությունն ավելի լավ կատարելու նպատակով: Փաստորեն, մեծ գումարներ վատնվեցին, բայց կանգնած ենք ծակ տաշտակի առջև: Մենք տեղյակ չենք եղել, թե որքան է հատկացվելու աշխատանքների համար: Շենքն ամբոջությամբ մենք ազատել ենք, բանալիները հանձնել էինք շինարարական այդ կազմակերպությանը, բայց, երբ եկավ հանձնման պահը, պարզվեց, որ գումարներ չկան, դրանք սպառվել են, ու շենքն անավարտ է:

– Ի դեպ, տեղեկություններ կան, որ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ու պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:

– Ես ոչ մի նման փաստաթուղթ չեմ ստորագրել: Ես անձամբ ոչ մի բան չեմ ընդունել: Նույնիսկ խոսակցություններ եղան, որ արդեն շահագործման հանձնեն շենքը, բայց ես չհամաձայնեցի: Նման փաստաթուղթ չի եղել, ես չեմ տեսել:

– Իմանալով, որ աշխատանքները թերի են տարվում, երբ, ինչպես նշեցիք, շինարարական կազմակերպության կողմից Ձեզ պարբերաբար չեն ներկայացվել կատարած աշխատանքի հաշվետվություններն, ինչո՞ւ չեք դիմել նախարարություն: Ինչո՞ւ եք լռել:

– Անընդհատ պատճառաբանություններ ու արդարացումներ էինք լսում նրանց կողմից: Ասում էին, որ պետք է գումար փոխանցվի, որ պետք է փոքր-ինչ սպասել, որ ամեն ինչ կշտկեն: Ո՞վ կմտածեր, որ այդպես կլինի: Հավատում էինք:

– Պարոն Սարգսյան, ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կատարվածում: Ո՞վ պետք է, ի վերջո, կրի այս ամենի պատասխանատվությունը:

– Ես չգիտեմ: Հավանաբար` Քաղաքաշինության նախարարությունը: Համենայնդեպս, ո՛չ գրադարանը, ո՛չ մշակութային գերատեսչությունը պատասխանատվություն, ըստ իս, չպիտի կրեն: Մշակույթի նախարարությունից եկել են, նայել, զարմացել են, թե ինչպե՞ս կարելի է այդպես աշխատել: Կպատժվեն մարդիկ, կարծում եմ, հետաքննությունը շատ բարձր մակարդակով կընթանա: Չէ՞որ նախագահն ահազանգել է, ու տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Բայց թե ի՞նչ կլինի շենքի վիճակը` չեմ պատկերացնում: Ո՞վ պետք է այդ շենքը կարգավորի: Նախաքննական պրոցեսում կալանավորված անձ կա (Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը, ով կասկածվում է խոշոր չափերի գույք յուրացնելու մեջ.- Տ.Մ.): Ես կարծում եմ` նա պետք է օգնի գործի բացահայտմանը: Շենքը հիմա պիտանի չէ օգտագործման` ինչ արդարացում, պատճառաբանություն էլ բերեն: Ո՞րն է լինելու շենքի ճակատագիրը, չգիտեմ: Ներկայիս տնօրենն էլ չի ընդունել շենքը, որքան տեղյակ եմ: Հնարավոր չէ ընդունել նման շենքը: Կարծում եմ, պետք է սպասել հետաքննության արդյունքներին: Սա մեկ կամ երկու մարդու խնդիր չէ: Երևի ինչ-որ մեխանիզմներ են գործում, չգիտեմ, չեմ կարող ասել:

– Ձեր անհետևողականությունն այս ամենում չե՞ք տեսնում: Շատերը հենց Ձեզ են մեղադրում:

– Ես շատ եմ լսում, որ ասում են, թե նախկին տնօրինությունը չի հետևել աշխատանքներին, չի աղաղակել, չի բարձրաձայնել այդ մասին: Ես չգիտեմ, թե որտե՞ղ է որոշվում այդ սանդղակը, թե «աղաղակն» ինչպիսի՞ն պետք է լինի: Եթե գործը ստանձնել ես` մի՛ փորփրիր մեղավորներին, աշխատի՛ր ու գործդ արա: Սա սկզբունքային մոտեցում պետք է լինի: Ցեխ նետել նախորդի վրա պետք չէ: Եկեք նստենք, քննարկենք, դատենք, տեսնենք` ի՞նչ պետք է անենք, որ մի քայլ առաջ գնանք: Չեմ ուզում խղճիս դեմ գնալ ու մեղավորներ փնտրել, կասկածներ հայտնել: Այս մեղադրանքների հիմքում երկու բան եմ տեսնում: Առաջինը, որ դա կազմակերպվում է, երկրորդը` չիմացության խնդիր է:

– Իսկ ո՞ւմ կողմից է կազմակերպվում, ի՞նչ նպատակով:

– Չգիտեմ: Ես այդ մարդկանց նման չեմ, ովքեր հայտարարում են, թե նախկին տնօրենը մեծ մեղք ունի: Եթե ես ասեմ, կասեմ ուրիշ ձևով, բայց պետք է համոզված լինեմ: Իմ մասին ասում են, թե իբրև մեքենաներ ու ավտոտնակներ ունեմ, գրադարանում գաղտնի ռեստորան եմ բացել: Եթե ասեին, որ գաղտնի տպարան ունեմ, կասեի` հա, ոչինչ, թող ասեն: Բայց ռեստորա՞ն: Ով, ինչ ուզում` ասում է: Ու ոչ ոք չի ասում, թե` այս մարդը մի դրական բան այս տասը տարիների ընթացքում չի՞ արել:

Լուսանկարը` Լյովա Մուրադյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս