Որքա՞ն վճարել հայցադիմումների, դիմումների ու գանգատների համար
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`
• գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս 150000 դրամից,
• ոչ գույքային պահանջով՝ 4000 դրամ,
• իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար՝ 500 հազար դրամ,
• քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար՝ 100 հազար դրամ:
Հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար գանձվում է`
• անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար՝ 1000 դրամ,
• այլ դիմումների համար՝ 3000 դրամ:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար գանձվում է պետական տուրք՝ 2000 դրամի չափով:
Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար՝ գանձվում է 1000 դրամ, որպես պետական տուրք:
Արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար` որպես պետական տուրք գանձման ենթակա գումարի չափը 4000 դրամ է:
Դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար գանձվում է`
• գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով:
• ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ 10 000 դրամ,
• հատուկ վարույթի գործերով՝ 8000 դրամ:
Դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար գանձվում է պետական տուրք`
• գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10000 դրամից և ոչ ավելի 1 մլն դրամից,
• ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ 20 000 դրամ,
• հատուկ վարույթի գործերով՝ 10 000 դրամ:
Ավելացնենք նաև, մոր նույն օրենքի համաձայն՝ դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար գանձվում է պետական տուրք 500 դրամ և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ:
Գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար գանձվում է պետական տուրք 200 դրամի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 100 դրամի չափով:
Դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար՝ պատրաստված յուրաքանչյուր կրիչի(կոմպակտ լազերային սկավառակի) համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի չափով:
Ավելացնենք նաև, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ, իսկ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը: