«Ստալինյան գործելակերպն է, հա՞. մերոնց կալանավորում են, որ ձերո՞նց էլ կալանավորեն»
«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է կատարել, որը քրեական հետապնդում է նախատեսում տվյալ պետության օրենքով, այդ մարդու համար հեշտ է լինում, երբ ինքը պատրաստ է կալանավորման»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին:
«Ես մի քանի անգամ կալանավորվել եմ, ու բոլոր դեպքերում էլ պատրաստ եմ եղել կալանավորման, չնայած՝ գիտեի, որ ճիշտ եմ: Կյանքն էլ ապացուցեց, որ ճիշտ եմ, քանի որ ինձնից, ի վերջո, ներողություն խնդրեցին, բայց այդ պահին գիտեի, որ բռնապետությունն ինձ պետք է կալանավորի: Որևէ մարդու կալանավորելը ես առհասարակ սխալ եմ համարում»,- ասաց Պ. Հայրիկյանը՝ հավելելով, որ անգամ ձերբակալության համար բավարար հիմքերի առկայության դեպքում ինքը դեմ է որևէ մեկի կալանավորմանը, քանի դեռ դատավճիռը կայացված չէ:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին ձերբակալելը Վ. Օսկանյանին ձերբակալելու ազդակը չէ, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Այսինքն` ստալինյան գործելակերպն է, հա՞. մերոնց կալանավորում են, որ ձերո՞նց էլ կալանավորեն: Ոչինչ ասել չեմ կարող: Սա բարոյահոգեբանական հիմնավորում է, դուք խոսում եք բարոյահոգեբանական ազդեցության մասին: Այդ գործերն իրար հետ կապ ունե՞ն»:
Ըստ Պարույր Հայրիկյանի` քանի դեռ Վ. Օսկանյանը ձերբակալված չէ, թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը որևէ բան անել չեն կարող: Ըստ նրա, քաղաքական ուժերը որևէ քայլ կարող են ձեռնարկել միայն Օսկանյանի ձերբակալությունից հետո՝ հանդես գալով միջնորդությամբ՝ խափանման միջոցը փոխելու կոչով:
«Նախապես որևէ բան անելը մի քիչ անհասկանալի կթվա: Կարելի է նախապես դիմել իրավապահ մարմիններին ու խնդրել` անգամ գործ հարուցելու դեպքում նրա նկատմամբ խափանման միջոց չկիրառել, բայց սա տրամաբանական չի լինի»,- նշեց Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: