Աղվան Հովսեփյանը Վարդան Օսկանյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Ազգային Ժողով
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատեց այս տեղեկությունը` նշելով, որ միջնորդագիրն ուղարկվել է այսօր: Սոնա Տռուզյանը նաև ասաց, որ խափանման միջոցը փոխելու մասին հարց այդ միջնորդագրում չի բարձրացվում: Նրա հավաստմամբ` խոսքը միայն որպես մեղադրյալ ներգրավելու մասին է:
Սոնա Տռուզյանը նաև փոխանցեց, որ դեռևս հստակ չէ, թե ԱԺ-ում երբ կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը: «Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ կքննարկվի, որովհետև քննարկման ընթացակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգով»,- ասաց Ս. Տռուզյանը: