Գազի գինը վերանայելու են
Այսօր ԱԺ-ում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնելով 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը՝ անդրադարձավ գազի գնի խնդրին:
«Ես կդժվարանամ էդ հարցին միանշանակ պատասխանել, որովհետև դեռևս շատ հարցեր, այն մեծ բաղադրիչները, որոնք սակագնի ձևավորման ժամանակ մեծ ազդեցություն ունեն՝ պարզ չեն, մասնավորապես` սահմանի վրա գազի գնի մեծությունը դեռևս ճշտված չէ, բանակցությունները շարունակվում են: Բայց մի բան կարող եմ ասել, որ շատ բաղադրիչներ էլ մեզ հուշում են, որ գազի գնի վերանայման կարիք արդեն սպասվում է՝ սպասեք-տեսնենք` մեր լիցենզավորված ընկերություններն ինչպիսի՞ հայտեր կներկայացնեն, և հետո հանրությանը կներկայանանք բաց, թափանցիկ և քննարկումներին էլ կհրավիրենք հետաքրքրվողներին՝ մեզ հետ մասնակցելու»,- ասաց Ռ. Նազարյանը:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հանրապետության մի մասում գազի սակագինն էժան է, մյուս մասում, ինչպես, օրինակ, Սյունիքում՝ թանկ, և ինչպե՞ս է հանձնաժողովը կարգավորում այդ խնդիրը, Ռ. Նազարյանը պատասխանեց.
«Դուք երևի կալորիականությունն եք խառնում: Գազի գինը բոլորի համար նույն բանաձևով է հասնում, և պլյուս` այնտեղ հաշվի է առնվում կալորիականությունը, և յուրաքանչյուր տասը օրը մեկ «ՀայՌուսգազարդը» տպագրում է կալորիականության մասին տեղեկատվություն հանրության համար, և դրանով պայմանավորված՝ լինում է տարբեր: Բայց դա էնքան չնչին է, որ մոտավորապես բոլորինը նույնն ա: Իսկ բնակչության մասով, ընդհանրապես, բոլորինը նույնն ա՝ և՛ Սյունիքում, և՛ Տավուշում, և՛ Տաշիրում՝ բոլոր տեղերում նույն գինն ա՝ չկա տենց բան»:
Հարցին, թե այդ մարզերից բողոքներ ստացե՞լ է հանձնաժողովը, վերջինս պատասխանեց. «Ո՛չ, և չի կարող լինել նման բողոք: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»: