Մեծ Բրիտանիայի և Էկվադորի արտգործնախարարներն այդպես էլ համաձայնության չեկան Ասանժի հարցի շուրջ
Մեծ Բրիտանիայի և Էկվադորի արտգործնախարարների միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում կողմերն այնուամենայնիվ համաձայնության չեն եկել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան գտած «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետագա ճակատագրի մասին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի ու Էկվադորի իր գործընկեր Ռիկարդո Պատինոյի միջև Ասանժի ճակատագիրը որոշելուն նվիրված հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Բրիտանական կառավարության կողմից տարածված հաղորդագրությունում ասված է, որ երկու նախարարները պարտավորվել են դիվանագիտական լուծում տալ այս հարցին և պատրաստ են կրկին հանդիպում անցկացնել:
«Վիքիլիքս» կայքի հիմնադիրն իր հերթին չորեքշաբթի ուշ երեկոյան տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մի շարք մասնակիցների առջև: Տեսանյութում Ասանժն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման սատարում է «արաբական գարնան» մասնակիցների կողմից ազատ խոսք տրամադրելու պահանջները, սակայն միաժամանակ հետապնդումներ իրականցնում «Վիքիլիքս»-ի նկատմամբ՝ գաղտնի փաստաթղթերը հասարակության ուշադրությանը ներկայացնելու պատճառով:
Էկվադորի իշխանություններն այս տարվա հունիսի 19-ին քաղաքացիական ապաստան են տրամադրել «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Էկվադորի այս քայլից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները զգուշացրել էին, որ կարող են զրկել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը դիվանագիտական կարգավիճակից՝ «Վիքիլիքս»-ի հիմնադրին Շվեդիային փոխանցելու նպատակով:
Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն ասել է, թե Ասանժին քաղաքացիական ապաստան տրամադրելու որոշումը կայացվել է՝ ելնելով վերջինիս անվտանգության և իրավունքների խախտման մտավախությունից:
Նախքան Էկվադորի կողմից քաղաքացիական ապաստան տրամադրելու մասին որոշումը կայացնելը Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեջ էին բերել երկրի օրենսդրության մեջ առկա քիչ հայտնի մի դրույթ, որի համաձայն Ասանժին կալանքի տակ վերցնելու մասին որոշումն ի կատար ածելու նպատակով այդ երկրի դեսպանությունը կարող է զրկվել դիվանագիտական կարգավիճակից:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարությունն առաջացրել էր Էկվադորի կառավարության կտրուկ արձագանքին և խիստ քննադատության:
Բացի այդ, բրիտանական կառավարության կողմից Էկվադորի դեսպանության դիվանագիտական կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին որոշումը քննադատության էր ենթարկվել նաև օտարերկրյա այլ պետությունների դիվանագետների կողմից, որոնք ասել էին, թե այդ քայլը կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի դեսպանությունների նկատմամբ համանման միջոցների ընդունման:
Ջուլիան Ասանժի կողմից «Վիքիլիքս» կայքում գաղտնի նյութերի հրապարակումները մեծ աղմուկ էին բարձրացրել լրատվամիջոցներում և առաջացրել Միացյալ Նահանգների կառավարության զայրույթը։
ԱՄՆ-ի կառավարությունն ուսումնասիրում է գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված Ասանժին քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը։ Ասանժի համաձայն, իրեն Շվեդիա տեղափոխելու դեպքում նա ի վերջո հանձնվելու է Միացյալ Նահանգների իշխանություններին։