Խաչիկյանը տեղյակ չէր եղբոր ձերբակալման մասին
Քիչ առաջ Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե մեզանից է առաջինը տեղեկացել իր եղբոր` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ձերբակալվել են Վ. Խաչիկյանը, Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն ու Սոցապի Կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Վ. Խաչիկյանին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով, և 314 հոդվածի 1,2 կետերով՝ հանցավոր արարք կատարելու մեջ:
«Ճիշտն ասած` ես արդեն մի քանի ժամ է` իմ հյուրերի հետ եմ, և նոր եմ լսում ձեզնից: Մեր` Միքայել Արամյանցի ծոռն ա էստեղ, ինքն էստեղ դղյակ էր կառուցել, հետո հանգստյան տուն ա դարձրել: Իր ծոռն ա ընտանիքով Անգլիայից եկել, իրա հետ ենք: Ես առաջինը լսում եմ ձեզնից»,- ասաց Հ. Խաչիկյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունը, արդյո՞ք դա քաղաքական պատվեր է` հաշվի առնելով նաև իր մյուս եղբոր դեմ հարուցված քրեական գործը, Հ. Խաչիկյանը պատասխանեց. «Չեմ ուզում ինչ-որ մեկնաբանություն անել, որովհետև հասկանում եք…»:
Հարցին, թե` վախենո՞ւմ եք ինչ-որ բանից, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Չէ, դե եսիմ, երևի դրա կարիքը չկա, ավելի լավ ա՝ ոչ մի բան չխոսեմ»:
Հարցին էլ, թե հնարավո՞ր է՝ լքեք ՀՀԿ շարքերը, Հ.Խաչիկյանը պատասխանեց. «Ոչ, կուսակցությունն ի՞նչ կապ ունի էս ամեն ինչի հետ: Կուսակցությունը` կուսակցություն է: Կուսակցությունը հո իրավապահ մարմինների ֆունկցիան չի՞ կատարում»: