«Ի՞նչ միջնորդագիր, որտե՞ղ է այդ միջնորդագիրը, որևէ մեկը տեսե՞լ է այն»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված` պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագրին, ասել է. «Ի՞նչ միջնորդագիր, որտե՞ղ է այդ միջնորդագիրը, որևէ մեկը տեսե՞լ է այն»:

«Վաղը ԱԺ-ում լինեմ` կտեսնեմ»,- հավելեց Ա. Արզումանյանը:

Հարցին էլ, թե արդյո՞ք կողմ եք, որ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավվեն քրեական գործին, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Թեմային ծանոթ չեմ: Մի անգամ ասել եմ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող ակնհայտ գործ է: Բայց մանրամասներին ծանոթ չեմ: Առաջին անգամ եմ լսում, որ միջնորդություն կա: Այն, որ քաղաքական հետապնդում էր, վաղուց եմ ասել»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս