Իշխանությունն ընդդիմության միասնական թեկնածուի դերում տեսնում է Գագիկ Ծառուկյանին
Գնալով հաստատվում են այն տեղեկությունները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում: Որքան տարօրինակ, նույնքան էլ հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում օրինաչափ է, որ այդ տեղեկությունները հաստատվում են ոչ թե՝ ԲՀԿ-ական, այլ՝ իշխանական շրջանակներից:
Այդ մասին են վկայում նաև սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի այսօրվա ասուլիսում հրապարակված հարցումների տվյալները, որոնց համաձայն՝ «Գագիկ Ծառուկյանն ընդդիմության ամենացանկալի միասնական թեկնածուն է»:
1650 ընտրական իրավունք ունեցողների շրջանում Ադիբեկյանի անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 30.4% -ը ցանկանում է Ծառուկյանին տեսնել ընդդիմության միասնական թեկնածուի կարգավիճակում: Ուշագրավ է, որ նույն հարցումների համաձայն, երկրորդ տեղում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ում, ըստ Ադիբեկյանի ներկայացրած տվյալների, այդ դերում տեսնում է հարցվածների 10.1%-ը:
Ուշագրավ է ոչ միայն Քոչարյանի` Ծառուկյանից հետո հայտնվելու հանգամանքը, այլ տոկոսային հսկայական տարբերությունը` ավելի քան 20 %: Ավելին` Ադիբեկյանն ասել է, որ հարցումն արտահայտում է 60% ակտիվ ընտրողների կարծիքը: Հարցման հարցն է եղել, թե ում են ցանկանում տեսնել ընդդիմադիր միասնական թեկնածուի դերում: «Ստացվում է, որ Ծառուկյանին ցանկանում են տեսնել ընդդիմադիր միասնական թեկնածուի դերում 30,4% ուղղակի + 12,0% անուղղակի ձայն, այսինքն՝ 43.4%, Ռոբերտ Քոչարյանին՝ 10,1 +10,1= 20,2»,- հայտարարել է նա` ակտիվ և պասիվ ընտրողների միջև Քոչարյան-Ծառուկյան տարբերությունը կրկին պահպանվել է 20 տոկոսի սահմաններում:
Ահարոն Ադիբեկյանի կողմից նման տվյալների հրապարակումն ուշագրավ է ամենևին ոչ սոցիոլոգիական տեսանկյունից: Հաշվի առնելով Ահարոն Ադիբեկյանի գործունեությունը, նրա կողմից իրականացված հարցումներին վաղուց որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, քանի որ նա տարիներ շարունակ հարցումներ է հրապարակում իշխանական կուսակցությունների կամ թեկնածուների համար: Ահարոն Ադիբեկյանը, սակայն, ընկալվում է՝ որպես իշխանության անուղղակի խոսափող. Իշխանությունը նրա միջոցով շատ հաճախ կամ տրամադրություններ է շոշափում, կամ ներկայացնում է իր մտադրությունները:
Այդ առումով Ադիբեկյանի այսօրվա հայտարարությունները կարելի է որակել նաև՝ որպես Գագիկ Ծառուկյանին իշխանության համար ցանկալի ընդդիմադիր թեկնածու տեսնելու արտահայտություն: Ու հենց այդ համատեքստում է ուշագրավ դառնում Ծառուկյանին Քոչարյանից 20 տոկոս ավելի «վարկանիշ» հատկացնելու հանգամանքը: Այսինքն` Ադիբեկյանի շուրթերով իշխանությունը Գագիկ Ծառուկյանին հասկացնում է, որ անգամ Ռ. Քոչարյանի առաջադրվելու դեպքում՝ ինքն առնվազն 20 տոկոսով ավելի ձայն կստանա երկրորդ նախագահից` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ի դեպ, հիշեցնենք, որ առաջին անգամ Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորության մասին խոսեց հենց Ահարոն Ադիբեկյանը` դեռևս օգոստոսի 1-ին կայացած ասուլիսում: Այդ ժամանակ քաղաքական շրջանակներում Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը գրեթե չէր էլ քննարկվում: Անցել է ընդամենը մեկուկես ամիս, և Ծառուկյանի անունը հայտնվել է ամենաքննարկվող թեկնածուների շարքում: Այսինքն` մեծ հավանականությամբ, իշխանությունն ամեն ինչ անում է Գագիկ Ծառուկյանին ընդդիմության միասնական թեկնածու դարձնելու համար՝ այն հաշվարկով, որ նա կզբաղեցնի «պատվավոր երկրորդ» տեղը: Ի դեպ, ՀՀԿ-ականները վերջին շրջանում հաճախ են կրկնում դա` ասելով, որ նախագահական ընտրություններում, Ս.Սարգսյանից բացի, մյուս թեկնածուները մրցելու են երկրորդ տեղի համար: Այդ առումով, երկրորդ տեղը զբաղեցնելով՝ Գ. Ծառուկյանը կբավարարի նաև վարչապետի հավակնությունները` անձամբ կամ մեկ այլ թեկնածուի, սակայն ոչ՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցով:
Ահարոն Ադիբեկյանի այսօր ներկայացրած հարցումների մյուս ցուցանիշները պակաս հետաքրքիր չեն և ևս մեկ անգամ վկայում են իշխանության` Գ. Ծառուկյանին երկրորդ տեղի համար նախապատրաստելու սցենարի մասին: Այսպես, Ադիբեկյանն ասել է, որ ըստ հարցումների՝ ընդդիմության միասնական ցանկալի թեկնածուների մեջ Քոչարյանին հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ դերում նրան տեսնում է ակտիվ ընտրողների 8.7%-ը, ինչն Ադիբեկյանի ներկայացրած անուղղակի ձայներով կազմում է 14.2 %: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ցուցակում հայտնվել է 4-րդ տեղում` 4 % ակտիվ և 5.8 % անուղղակի ձայներով: Գրեթե նույնքան է ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի ցուցանիշը`5.7 %:
Այս տվյալների տրամաբանությունը, ամենայն հավանականությամբ, հետևյալն է. Ր. Հովհաննիսյանը կարող է առաջադրվել որպես թեկնածու` հավակնելով երրորդ տեղին` հետագայում իշխանության մեջ դրան համատասխան մասնաբաժին ստանալով: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը` «քաղաքագիտական վերլուծության» և ՀՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, կարող է պաշտպանել Ծառուկյանին (հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը բազմիցս է ասել, որ ընդդիմությանը պետք է ոչ թե միասնական, այլ ուժեղ թեկնածու): Նույն դերն էլ, թերևս, նախատեսվում է ՀՅԴ-ի համար: