Նամակ հայոց թագավորին

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունը շփոթել է բանահյուսության հետ (բառի ուղղակի և անուղղակի իմաստներով): Հայոց լեզվի հետ բավականաչափ քիչ աղերսներ ունեցող իր վերջին ելույթից հետո նա գրեթե նույնաբովանդակ նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին` ներկայացնելով  «անցած ու ապագա ընտրությունների, երկրի իրական վիճակի, մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ հարցադրումները»:

Դրանք թվով 15-ն են: Նամակագրությունը` որպես քաղաքական ժանր, Ր. Հովհաննիսյանի համար նորություն չէ:  Սա Սերժ Սարգսյանին ուղղված նրա երկրորդ նամակն է: 15 կետերից բաղկացած մի նամակ էլ «Ժառանգության» ղեկավարը Ս. Սարգսյանին էր ուղղել անցած տարվա նոյեմբերին, և դա բավական զվարճություն պատճառեց հայ հասարակությանը: Նույն ճակատագրին կարող է արժանանալ նաև նրա երկրորդ նամակը: Սակայն դա ոչ միայն չի հուսահատեցրել պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ավելի է գոտեպնդել և լիցք է հաղորդել՝ երկրորդ նամակը գրելու համար:

«Իմ Ժ-202/11 թվակիր նամակին` բացի բանավոր պիտակավորումներից, իրական պատասխանի պատիվ չստանալով, Ձեզ եմ վերաուղարկում նույն գրության օրախնդիր պահանջները, որոնց բավարարումն անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրությունները 1991 թվականից այս կողմ առաջին անգամ օրինական դարձնելու համար»,- այսօրվա իր նամակի սկզբում գրում է Ր. Հովհաննիսյանը, ապա՝ անցնում «օրախնդիր պահանջների» թվարկմանը: Պահանջները շատ են, բայց դրանցից մի քանիսն արժանի են առանձին ուշադրության: Ինչպես, օրինակ, այս մեկը. «Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների և հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միևնույն պայմաններով օգտագործման ապահովումը»: Պահանջի առաջին մասը հասկանալի է. օրենքով արգելվում է նշված հաստատությունները կուսակցական նպատակներով օգտագործել: Բայց Ր. Հովհաննիսյանը պահանջում է ոչ թե օրենքի տառի ու ոգու պահպանում, այլ ասում է` եթե օրենքը խախտում եք, թույլ տվեք խախտել նաև մեզ: Պահանջներից առանձնակի բավականություն են պարունակում հատկապես կրթական համակարգին վերաբերող կետերը:

Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանից պահանջում է վերջինիս և մյուս պետական պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, ինչպես նաև «Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչև դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում՝ բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից»:

Իրականում երկուսն էլ շատ արդարացի պահանջներ են: Սակայն արժե հիշել, որ ներկայումս «Ժառանգության» կարկառուն անդամներից Անահիտ Բախշյանը զբաղեցնում է, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:

Այսինքն` պաշտոն է զբաղեցնում այն համակարգում, որն իրագործում է Սերժ Սարգսյանի` իշխանության` կրթության ոլորտը կուսակցականացնելու քաղաքականությունն ու մնացած բոլոր արատավոր երևույթների ապահովումը: Հետաքրքիր է` այդքան սկզբունքային դիրքորոշում ունենալով այս հարցում, ինչպե՞ս է Ր. Հովհաննիսյանը համաձայնել իր կուսակցին այդ պաշտոնում նշանակելու՝ իշխանության առաջարկին:

Ինչևէ. Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի բոլոր կետերին առանձին անդրադառնալն, իհարկե, անշնորհակալ զբաղմունք է: Եթե բոլոր կետերին անդրադառնանք` հայերենը կմոռանանք:

Դրանք, ընդհանուր առմամբ, հայտնի ճշմարտությունների շարադրանքն են` համեմված ազգային-հայրենասիրական պիտակներով: Այնպես որ, հետաքրքիր է ոչ այնքան նամակի բովանդակությունը, որքան երևույթն ինքնին:

Իրեն ընդդիմադիր համարող կուսակցության ղեկավարը հայտարարում է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին ու դրանից հետո գործող նախագահին գրում է մի նամակ, որի պահանջների կատարումը բխում է առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի շահերից: Իրականում Ս. Սարգսյանը կարող է մի քանի օրում հատ-հատ իրագործել Ր. Հովհաննիսյանի հարցադրումները` հիմքեր ստեղծելով առաջիկա ընտրությունների «օրինականացման» համար: Ր. Հովհաննիսյանի նամակն, այդ առումով, ոչ թե պահանջների շարադրանք է, այլ խորհրդատվություն` Սերժ Սարգսյանի դիրքերը առաջիկա ընտրություններում ավելի ամրապնդելու նպատակով:

Առաջին հայացքից՝ տարօրինակ թվացող այդ գործելաոճը միանգամայն համապատասխանում է Ր. Հովհաննիսյանի ազգային հոգեկերտվածքին: Նա, ի դեպ, սովորության համաձայն՝ ուղղակիորեն չի հայտարարել ընտրություններում առաջադրվելու մասին, այլ ընդամենն ասել է, որ առաջիկա 100 օրը նվիրելու է նախագահի «քաղաքացիական թեկնածուի կերտմանը»: 92 օր հետո կարող է պարզվել, որ Ր. Հովհաննիսյանը գտել է այդ թեկնածուին, և դա Սերժ Սարգսյանն է:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս