«Մայրաքաղաքային աղցան»` իշխանության խորովածի սեղանին

Վաղը հանրապետության հինգ մարզերում` Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի, կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդհանուր առմամբ՝ 318 համայնքներում: Համայնքների մի մասում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի և ավագանու, մյուսներում` միայն համայնքի ղեկավարի կամ միայն ավագանու ընտրություններ:

Ընդհանուր առմամբ, վաղը կայանալիք ընտրություններում առաջադրվել է ավելի քան 3000 թեկնածու: Հատկապես սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից հետո վաղվա ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մի տեսակ կորել է, ինչը կարելի է միանգամայն նորմալ համարել: Ինչպես սեպտեմբերի 9-ի, այնպես էլ վաղվա ընտրություններում առաջադրված թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ կամ վերջիններիս կողմից սատարվող թեկնածուներ են: Ընդդիմությունն այս ընտրություններին, մեծ հաշվով, չի մասնակցում:

Բացառությամբ ՀՅԴ-ի, որը վաղվա ընտրություններում զգալի թվով թեկնածուներ է առաջադրել, մյուս ընդդիմադիր ուժերը կամ ընդհանրապես թեկնածուներ չունեն, կամ ունեն հատուկենտ թեկնածուներ մեկ-երկու համայնքներում` ինչպես, օրինակ, ՀԱԿ-ը` Քուչակ գյուղում, կամ «Ժառանգությունը»` Ծաղկաձորում: «Ազատ դեմոկրատներն» ընդհանրապես թեկնածու չունի որևէ համայնքում:

Առանձին համայնքներում առաջադրվել են նաև ավագանու մի քանի թեկնածուներ, սակայն 318 համայնքների և 3000-ից ավելի  թեկնածուների համապատկերում, դա, ըստ էության, հավասար է զրոյի:

Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում: Տարիներ շարունակ որպես այդպիսին ներկայացվող այն հիմնավորումը, որ անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն, որ գործող իշխանության կազմակերպած որևէ ընտրության մասնակցությունը լեգիտիմացնում է այդ ընտրությունները, ուստի մասնակցությունն անիմաստ է, այլևս չի գործում:Այն պարզ պատճառով, որ վերը նշված բոլոր քաղաքական ուժերը մասնակցել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին և նույնիսկ, առանց «չեմուչում անելու», հաճույքով վերցրել են իշխանության կողմից իրենց բաժին հանված մանդատները:

Այսինքն` ընդդիմությունն այլևս օրենսդիր իշխանության մաս է կազմում, և, ինչպես ընդդիմադիրներն են ներկայացնում, ամեն ինչ անում է՝ երկրում փոփոխություններ մտցնելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմությունը զրոյական ակտիվություն ցուցաբերում կառավարման մեկ այլ համակարգի` տեղական ինքնակառավարման ընտրություններում, որոնք ողջ քաղաքակիրթ համակարգում համարվում են իշխանության ապակենտրոնացման ամենակարևոր միջոցառումն ու ժողովրդավարության ամրապնդման միջոցը: Ընդդիմության մասնակցությունն առավել ևս անհասկանալի է՝ հաշվի առնելով նույն ընդդիմության կողմից մշտապես հնչող այն գնահատականները, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ է իշխանություններին, օր առաջ ցանկանում է ազատվել այս իշխանություններից:

Այդ դեպքում ՏԻՄ ընտրությունները հրաշալի առիթ են համայնքներում սեփական անդամներին ունենալու և համապետական ընտրություններին նրանց միջոցով իշխանափոխության հասնելու համար: Մի խոսքով, ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով՝ ընդդիմությունն իշխանությունը ուղղակի նվիրում է իշխանությանը:
Ու ամենազարմանալին այն է, որ վերը նշված բոլոր ուժերը նախագահական ընտրություններին մասնակցելու և հաղթելու հայտ են ներկայացնում:

ՏԻՄ ընտրությունները նրանց համար պետք է որ նախագահական ընտրություններից առաջ սեփական ռեսուրսները «ինվենտարիզացիայի ենթարկելու» ամենահարմար առիթը լինեն: Օրինակ՝ ՀԱԿ-ը հայտարարում է, որ բազմահազարանոց համակիրներ ունի ողջ Հայաստանում, սակայն գոնե մի քանի տասնյակ համայնքում թեկնածու առաջադրել չի կարողանում կամ չի ցանկանում:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառնում է 100 օր շարունակ նվիրել նախագահի «քաղաքացիական թեկնածուի» կերտմանը, սակայն նրա ղեկավարած կուսակցությունը հատուկենտ թեկնածուներ ունի ՏԻՄ ընտրություններում, իսկ նրա թեկնածությունը պաշտպանել պատրաստվող «Ազատ դեմոկրատներն» ընդհանրապես որևէ թեկնածու չունի:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են նրանք պատրաստվում «հաղթել» ընդամենը 6 ամիս հետո կայանալիք նախագահական ընտրություններում, եթե դա չեն կարողանում անել անգամ առանձին վերցրած մի քանի համայնքներում: Այն դեպքում, որ վերը նշված բոլոր ուժերն առիթի դեպքում հայտարարում են, թե հազարավոր համակիրներ ունեն: ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվության պատճառներից մեկն իրականում այն է, որ ընդդիմադիր ուժերի մեծ մասը վերածվել է «գրասենյակային կուսակցությունների»: Քաղաքականությունը նրանց համար սահմանափակվում է միայն մամուլի ասուլիսներին մասնակցելով, հարցազրույցներ տալով ու տարբեր ընդունելություններին ներկայանալով:
Դա, բնականաբար, չի նշանակում, թե իշխանությունը Հայաստանի ողջ տարածքում քաղաքականացված համակիրներ ունի և մարզերում ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Ամենևին ոչ:

Պարզապես իշխանությունը տիրապետելով վարչական և նյութական լծակների՝ ցանկացած բնակավայրում կարողանում է ապահովել «համակիրների բանակ»: Մնացած ցուցանիշներով իշխանությունն ու ընդդիմությունը հասարակությունից կտրված են հավասարապես: Տարբերությունն այն է, որ իշխանությունն ամենուր է, իսկ ընդդիմությունը` միայն Երևանում: Ու այդ իմաստով, ընդդիմադիր ուժերն իշխանության համար կատարում են «մայրաքաղաքային աղցանի» դեր` ընդամենը գեղեցկացնելով «խորոված-քաբաբի սեղանները», որոնք իշխանության առաջ բացվում են ողջ Հայաստանում:
 

Տեսանյութեր

Լրահոս