Տիեզերագնացների համար, ինչպես տիեզերքը, աշխարհը սահմաններ չունի
1972թ. ապրիլի 16-ին Լուսին բարձրացավ ամերիկյան «Ապոլլո-6» տիեզերանավը: Անձնակազմի հրամանատարն էր Ջոն Յանգը (John W. Young), տիեզերագնացներ Թոմաս Մաթինլին (Thomas K. Mattingly II) և Չարլզ Դյուկը (Charles M. Duke, Jr.): Լուսնի վրա Ջոն Յանգը և Չարլզ Դյուկը մնացին 71 ժամ և իրենց Երկիր բերեցին 95,8 կգ Լուսնի վրա եղած քարերից: Նրանք այդ ժամանակ Լուսնի վրա հատուկ ավտոմեքենայով տեղաշարժման արագության ռեկորդ սահմանեցին` ժամում 18 կմ արագությամբ:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին: Նա առաջին տիեզերագնացն էր, ով 1969թ. հունիսի 21-ին «Ապոլլո-11» տիեզերանավով ոտք դրեց Լուսնի վրա: Մեկ ամիս առաջ լեգենդար տիեզերագնացի վաղաժամ վախճանը դարձավ բազմաթիվ բրիտանական պարբերականների քննարկման ու մեկնաբանությունների թեման: «Ապոլլո-11»-ի վայրէջքը Լուսին` մարդկության պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր:
Օրեր առաջ Ամսթրոնգի աճյունը հանձնեցին Ատլանտյան օվկիանոսին: Արմսթրոնգը երկար տարիներ ծառայել էր նաև ամերիկյան ծովային նավատորմում, որի կանոնադրությամբ սահմանված է աճյունը հանձնել օվկիանոսին: Եվ ահա Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց Արմսթրոնգին նվիրված աշխարհում առաջին գիտաժողովը, որին մասնակցում էին նրա ընկերները` տիեզերագնացներ Չարլզ Դյուկը (տիկնոջ հետ) և Կլոդ Նիկոլյեն:
Ի դեպ, Արմսթրոնգն անցյալ տարի մասնակցություն ունեցավ Գարիկ Իսրաելյանի հիմնադրած «Սթարմուս» գիտական փառատոնին, որը նվիրված էր Յուրի Գագարինին: Արմսթրոնգը մերժում էր բոլոր այն միջոցառումներին մասնակցությունը, որոնք քաղաքական նպատակներ էին հետապնդում: Եվ իր կյանքի վերջին տարիներին նա հրաժարվում էր բոլոր տեսակի մասնակցություններից: Թերևս, վերջին իր մասնակցություններից էր «Սթարմուսը», որի հրավերը նա հաճույքով ընդունեց, ավելին` զեկույցով հանդես եկավ գիտական կոնֆերանսի ընթացքում:
Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կոնֆերանսի ընթացքում Չ. Դյուկը պատմեց իր վաղեմի ընկերոջ` Արմսթրոնգի մասին. «Նա չափազանց համեստ անձնավորություն էր, և մեծ կորուստ էր նրա մահը մեզ համար»:
Ստեփանակերտում` ԼՂՀ Ազգային ժողովի դահլիճում կազմակերպված կոնֆերանսի բացումը կատարվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձով: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիլ Արմսթրոնգի հիշատակը:
Առաջին զեկուցողը Գ. Իսրաելյանն էր, ով ներկայացրեց «Կյանքը տիեզերքում» զեկույցը` տիեզերքում հայտնաբերված նոր մոլորակների մասին: Կլոդ Նիկոլյեն, ով ավելի քան 1000 ժամ է անցկացրել բաց տիեզերքում, այդ թվում` տիեզերական իր ճամփորդությունը` 8 ժամ 10 րոպե տևողությամբ: Նա չորս տարբեր տիեզերանավերի թռիչքների մասնագետներից է եղել` Atlantis, Columbia, Discovery և Endeavour: Կլոդ Նիկոլյեն, գտնվելով բաց տիեզերքում, Hubble տիեզերական աստղադիտակի վրա տեղադրեց Wide Field և Planetary 2 (WFPC2) տեսախցիկը: Այն օգտագործվել է 1995, 1996 և 1998թթ. տիեզերական ամենակարևոր օբյեկտների դիտումների ժամանակ:
Կլոդ Նիկոլյեն ղարաբաղյան կոնֆերանսի ընթացքում պատմեց դեպի տիեզերք իր ուղևորության և «Հաբլի» վրա կատարած իր աշխատանքների մասին:
Կոնֆերանսի վերջում «Ապոլլո. ավելի քան արկածներ» զեկույցով հանդես եկավ Չարլզ Դյուկը: Նա պատմում էր Լուսին կատարած իրենց ճամփորդության մասին, որն ամբողջովին փոխել է իր կյանքը: Այսօր էլ նա երազում է կրկին Լուսին բարձրանալու մասին, պարզապես նրան այլևս թույլ չեն տալիս: «NASA-ից ասում են, որ այլևս ծեր եմ և չեմ կարող թռչել»,- կատակեց նա:
«Լուսինը ծածկված էր ալյուրի պես մանր փոշով, որն առաջացել էր երկնաքարերի հարվածներից, և այն վառոդի հոտ ուներ: Մենք պետք է շատ զգույշ լինեինք մեր շարժումների մեջ, որովհետև վտանգը մեծ էր, որ ավելորդ շարժումի արդյունքում կարող էին հայտնվել որևէ փոսի մեջ և այլևս չէին կարող վեր բարձրանալ»,- պատմում էր նա: Դյուկը պատմում էր այն ավտոմեքենայի մասին, որը վարել են Լուսնի վրա։ «Այն ժամանակ այդ մեքենայի արժեքը 8 մլն դոլար էր: Այնպես որ, եթե ցանկանում եք աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաներն ունենալ, ապա պետք է Լուսնի վրա դրանք փնտրեք: Միայն թե գնալիս` Ձեզ հետ մարտկոց տարեք, որպեսզի կարողանաք այն վարել»,- կատակում էր անվանի տիեզերագնացը: Դյուկն աշխարհում 10-րդ մարդն է, ով երբևէ ոտք է դրել Լուսնի վրա: Թռիչքի տևողությունը 11 օր 1 ժամ 51 րոպե 5 վայրկյան է եղել: Լուսնի վրա այդ ուղևորության ընթացքում Ջոն Յանգը և Չարլզ Դյուկը մնացել են 71 ժամ 2 րոպե:
Լուսնի վրա նրանք 27 կմ վարել են լուսնային հատուկ ավտոմեքենան: Դյուկի` ղարաբաղյան զեկույցի ընթացքում ներկայացվեց «Ապոլլո-16»-ի թռիչքի մասին պատմող ֆիլմը: Ամերիկյան «Ապոլլո» տիեզերական նախագիծն ամերիկյան և առհասարակ համաշխարհային գիտության ոլորտի զարգացման ամենաթանկարժեք և կարևորագույն նախագծերից մեկն է եղել մարդկության պատմության ընթացքում: «Դա իրագործելու համար, իհարկե, քաղաքական կամք էր պետք ամերիկյան իշխանությունների համար: Նրանք այն ժամանակ ունեին քաղաքական այդ կամքը, իսկ այսօր դա չկա` նման մեծ ծրագրեր իրագործելու համար»,- կոնֆերանսից հետո մասնավոր զրույցների ընթացքում պատմեց անվանի տիեզերագնացը:
Կոնֆերանսից հետո գիտնականների խմբին հյուրընկալեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորհակալություն հայտնեց անվանի գիտնականներին և տիեզերագնացներին Լեռնային Ղարաբաղ այցելության և կարևոր այդ միջոցառմանը մասնակցելու համար, որը կարող է մեծապես նպաստել երկրում գիտության զարգացմանը և գիտակրթական միջավայրի ձևավորմանը: Չարլզ Դյուկը, ով լավագույնս ուսումնասիրել է քրիստոնեությունը և Լուսին կատարած տիեզերական ճամփորդությունից հետո դարձել է քրիստոնեական արժեքների կրողներից և քարոզիչներից մեկը, շնորհակալություն հայտնեց հրավերի և նախաձեռնության համար:
«Մինչ Ղարաբաղ գալը ես և կինս ուսումնասիրել ենք հայ ժողովրդի պատմությունը, Ղարաբաղի պատմությունը և մշակույթը և շատ հպարտ ենք, որ գտնվում ենք այնպիսի մի երկրում, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը:
Այն, ինչ տեսանք Ղարաբաղում, հրաշալի էր` և մշակույթը, և միջավայրը, և հատկապես մարդիկ և մարդկային փոխհարաբերությունները»,- ասաց տիեզերագնացը: Ի դեպ, Չ. Դյուկի կինը հուզված էր իր տպավորություններից, որոնք նա ստացել էր ղարաբաղյան այցի ընթացքում: ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը «հերոսական քայլ» անվանեց տիեզերագնացների և գիտնականների` Լեռնային Ղարաբաղ այցելության փաստը: «Մենք` տիեզերագնացներս և աստղագետներս, այնպիսի մասնագիտության կրող ենք, որը, ինչպես տիեզերքը` սահմաններ չի ճանաչում»,- պատասխանեց Չ. Դյուկը:
Ի դեպ, թերևս, խոսքն այն մասին էր, որ արդեն քանի տարի` Ադրբեջանի իշխանությունները «սև ցուցակում» են ներառում այն մարդկանց, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում Հայաստանի տարածքով, և նրանց հռչակում են` որպես Ադրբեջանում արգելված մարդիկ:
Կոնֆերանսին ներկա գտնվելու համար եկել էին նաև Հայաստանի գիտական աշխարհի ներկայացուցիչները: Նրանց համար մեծ իրադարձություն էր նման տիեզերագնացների հետ հանդիպումը, նրանց պատմություններին հաղորդակից լինելը: Կոնֆերանսի մասնակիցները եղան Շուշի քաղաքում, Գանձասարում, հանդիպեցին նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ:
Նշենք, որ օրեր առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Դորիանս» հայկական ռոք խմբի հետ մեծ համերգով հանդես եկան նաև աշխարհահռչակ երաժիշտներ` ռոքի լեգենդ Գլեն Հյուզը (Glenn Hughes) և Դերեկ Շերինյանը (Derek Sherinian): Աշխարհահռչակ անգլիացի բաս կիթառահար, վոկալիստ Գլեն Հյուզը «Deep Purple», «Black Sabbath» խմբերում է մինչ այդ հանդես եկել: «Ես երբեք չեմ մոռանա այս երեկոն, հուսամ` դուք էլ չեք մոռանա: Ինձ համար սա յուրահատուկ իրադարձություն է` գալ այս երկիր` նախապես շատ բան իմանալով ձեր մասին: Ես իրոք հպարտ եմ լինել այստեղ»,- ասել էր Գ.Հյուզը: Ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանն իր արմատներին անդրադառնալով` ասել էր. «Այդ ամենն իմ արյան մեջ է, և ես Շերինյաններից առաջինն եմ, ով այցելեց Հայաստան: Հիացած եմ այստեղի ժողովրդով ու պատմամշակութային արժեքներով»:
Հ.Գ. Ի դեպ, միջոցառումներին անմիջապես հետևեց Ադրբեջանի արձագանքը, որով Գլեն Հյուզին, Դերեկ Շերինյանին, Չարլզ Դյուկին, Կլոդ Նիկոլյեին, Գարիկ Իսրաելյանին հայտարարում են persona non grata:
Ստեփանակերտ-Երևան