Ես վերստին ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը կբերեմ խորհրդարան. ֆրանսիացի պատգամավոր

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերն անդրադարձել է Հայոց ցեղասպանության քրեականացման հիմնախնդրին.

«Ֆրանսիայի նախկին նախագահՆիկոլա Սարկոզին համապատասխան պայմաններ ստեղծեց այդ օրինագծի ընդունման համար, սակայն մինչև փաստաթղթի ստորագրումը նա ստիպված էր սպասել և տեսնել, թե արդյոք այն չի՞ վիճարկվում Սահմանադրական խորհրդում: Պետք էր հետևել բոլոր ընթացակարգերին:

Նրանք, ովքեր ասում են, թե նախագահ Սարկոզին կարող էր այդ օրենքը ստորագրել նախքան Սահմանադրական խորհրդում դրա դիտարկվելը, ճիշտ չեն, նրանք ցանկանում են նվաստացնել Սարկոզիին և հնարավոր է՝ պարզապես նախանձում են նրան: Սարկոզին շատ համարձակ մարդ է. թեև Ֆրանսիայի կառավարությունն ու մի շարք երկրներ հանդես եկան օրինագծի ընդունման դեմ, նա անհրաժեշտ պայմաններ ստեղծեց դրա համար:

Օրենքը վերաբերում էր միայն Ֆրանսիային ու նրա քաղաքացիներին, մենք չէինք ցանկանում վնասել Թուրքիային՝ թեև տեսնում էինք Ցեղասպանության հերքման նրա կոշտ քաղաքականությունը: Ես վերստին այդ օրինագիծը կբերեմ խորհրդարանի օրակարգ: Մենք դեռ հույսեր ունենք, և մենք պետք է ավարտենք սկսած գործը՝ հասնելով օրինագծի ընդունմանը:

Թեև երկրի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական կամպանիայի ժամանակ խոստացել է ընդունել քրեականացման մասին օրենքը, այնուամենայնիվ, նա այսօր այլ քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ: Մենք այժմ կտեսնենք, թե արդյոք Օլանդը կկատարի՞ իր նախընտրական խոստումը: Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և մենք պարտավոր ենք գործը հասցնել իր ավարտին:

Թուրքիան իր ատելությամբ ու ագրեսիվ քաղաքականությամբ նպաստեց նրան, որ հայերին հուզող հարցերն ընդգրկվեն եվրոպական օրակարգում: Թուրքիայում հասկացել են, որ Ֆրանսիայում կան մարդիկ, որոնք իրենցից չեն վախենում: Ֆրանսիայի քաղաքական ուժերը պետք է աջակցեն այդ նախաձեռնությանը: Մենք նաև աշխատում ենք այն ուղղությամբ, որ եվրոպական երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Եթե օրինագիծն ընդունված լիներ Ֆրանսիայում, ապա հնարավոր է՝ Թուրքիան իրեն այդպես ագրեսիվ չպահեր Ցեղասպանության հերքման հարցում, իսկ Հունգարիան չհամարձակվեր Ադրբեջանին արտահանձնել Ռամիլ Սաֆարովին: Վերջինիս հարցում Ֆրանսիայի կառավարությունն այդպես էլ հստակ դիրքորոշում չցուցաբերեց, իսկ արտգործանախարար Լորան Ֆաբիուսին հղածս նամակը մնաց անպատասխան:

Ես կարդացել եմ, որ Սաֆարովի համար վճարել են 3 միլիարդ եվրո: Չեմ ցանկանում հավատալ, որ ամեն ինչ կարելի է գնել փողով ու նավթով: Եկել է ժամանակը՝ մոբիլիզացնելու համար բոլոր ջանքերը՝ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին և Թուրքիայի հակահայ քաղաքականությանը վերջ դնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս