«Սկսել են կեղծել մակնշումը: Դրանից վատ էլ ի՞նչ կա»

Սեպտեմբերի 12-13-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է շուկայահանված ձվի դիտարկում և նմուշառում: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ»-ի, «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ի, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի արտադրանքների թարմությունը չի համապատասխանում ձվի վրա առկա արտադրության օրվա մակնշմանը:

Դիտարկման ընթացքում պարզվել է նաև, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերն իրացվում են թույլատրելի սահմանը գերազանցող աղտոտվածության վիճակում: Նույն աղտոտվածությամբ ձու, ինչպես նաև` առանց մակնշման, հայտնաբերվել է նաև «Արաքս ԹՖ» ՓԲԸ-ի մատակարարի մոտ:

Արտադրող տնտեսվարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների` շուկայից հետկանչման հանձնարարական: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ դրանից հետո կոչով դիմել էր սպառողներին` պահպանել զգոնություն և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել ձու նշված խմբաքանակներից: Իսկ թե այդ զգոնությունը սպառողները մինչև ե՞րբ պետք է պահպանեն` հայտնի չէ:

Մեզ հետ զրույցում «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, թե ինքը վստահում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը. «Որքան հետևողական, որքան խիստ ուսումնասիրվի, ստուգվի, այնքան սպառողների շահերից է բխում»: Արմեն Պողոսյանի գնահատմամբ` հայաստանյան ձվի շուկայի հիմնական խնդիրները երկուսն են` մակնշում և մակնշման հավաստիություն: Ըստ նրա` ձվերի` թույլատրելի սահմանը գերազանցող աղտոտվածության վիճակում իրացվելն այնքան էլ մեծ խնդիր չէ: Շատ ավելի կարևոր են մակնշման ժամկետներում կատարվող խախտումները: «Եթե այժմ հայտնաբերվել է, որ արտադրանքների թարմությունը չի համապատասխանում ձվի վրա առկա արտադրության օրվա մակնշմանը, ապա մենք և մեր երեխաները վտանգի տակ ենք»,- ասաց Ա. Պողոսյանը:

Կարդացեք նաև

«Սպառողների միություն» հ/կ նախագահի խոսքով` իր ղեկավարած միությունն, արդեն երկար ժամանակ է` պայքարում է, որ ձվերը մակնշվեն. «Նույնիսկ այն աստիճանի էր հասել, որ կառավարության նիստի ընթացքում ես հրապարակել եմ, որ Հայաստանում պատշաճ մակնշված ձու մի տեղ կա` Հայաստանի սպառողների ասոցիացիայի գրասենյակի չհրկիզվող պահարանում: Դա մի քանի տարի առաջ էր: Հիմա մենք հասել ենք նրան, որ չմակնշված ձու չես գտնի, բոլորին պարտադրվել է մակնշել ձվերը, իսկ հիմա գալիս է հաջորդ էտապը. նշումը կեղծել են: Դրանից վատ էլ ի՞նչ կա»,- ասաց Ա. Պողոսյանը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` մթերքի վրա պետք է մակնշված լինի և՛ արտադրության օրը, և՛ պիտանելիության ժամկետը. «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանելիության ժամկետը»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ, սակայն, մթերքների վրա նշված է լինում դրանցից միայն մեկը: «Մեկն առանց մյուսի` դառնում է անիմաստ: Եթե գրել են, որ մինչև այս օրն է ավարտը, չիմանա՞ս` մինչև Քրիստոսի ծնվելու օրվանի՞ց է արտադրվել այդ մթերքը»,- նկատեց Ա. Պողոսյանը:

Ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի` սխալ է, երբ նմանատիպ ստուգումներին չեն մասնակցում հասարակական կազմակերպությունները. «Մենք պետք է մասնակից լինենք այդ ուսումնասիրություններին, դա կօգներ օբյեկտիվության, անվրեպության ապահովմանը: Լավ է, որ փորձաքննությանը մասնակցել է նաև «Թռչնաբույծների միություն» հ/կ նախագահ Ս.Ստեփանյանը, նույն հ/կ-ի խորհրդատու-փորձագետ Լ. Հակոբյանը, սակայն նրանք ջրբաժանի հակառակ կողմում են: Խնդիրը դրանով չի լուծվում. դրան պետք է մասնակցեն նաև սպառողի շահերը պաշտպանող կազմակերպություններ»:

Անցանկալի հետևանքներից խուսափելու համար` Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս առհասարակ սննդամթերք չգնել բացօթյա վաճառակետերից. «Արևի տակ սնունդը չի կարող մնալ նորմալ վիճակում, համապատասխան ջերմային պայմաններ են անհրաժեշտ: Եթե համապատասխան ջերմային պայմաններում տվյալ մթերքը կարելի է պահել երեք ամիս, ապա արևի տակ այդ ժամկետը դառնում է չորս ժամ»: Ըստ Արմեն Պողոսյանի`սպառողը, նախքան որևէ ապրանք գնելը, պետք է ուշադրություն դարձնի նաև մակնշմանը` ծագման օրվան ու պիտանելիության ժամկետին. «Սրանից ավելի սպառողներին պետք չէ մտածել, քանի որ այդ դեպքում կյանքը կդառնա դժոխք` բառի բուն իմաստով»:

Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արտադրող տնտեսվարողներին հանձնարարել է հետ կանչել ձվի նշված խմբաքանակները: Եվ վերջ: Ըստ Արմեն Պողոսյանի, սա շատ մեծ պատիժ է տնտեսվարողների համար` չնայած նրանք նաև պետք է տուգանվեն:

Մենք փորձեցինք ձվի շուկայում ստեղծված այս խուճապի մասին զրուցել նաև «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի հետ: Վերջինս, սակայն, չցանկացավ խոսել` ասելով. «Ստուգումները Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն են, գնացե՛ք, իրանցից հարցրեք արդյունքների մասին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս