Ֆրանսիան կկատարի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու պարտավորվածությունը. Ֆաբիուս

Ֆրանսիան կկատարի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու իր վրա վերցրած պարտավորվածությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը՝ պատասխանելով ֆրանսիացի սենատոր Էրվե Մարսելի հարցին, որով նա խնդրել է պարզաբանել Ֆրանսիայի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության եւ Հայոց ցեղասպանության մերժման դեմ պայքարի կառավարության դիրքորոշումը: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

Ֆաբիուսը գրավոր պատասխանել է. «Չնայած Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները մեկնարկել են Խորվաթիայի բանակցությունների հետ միասին, սակայն դրանք մնում են արգելափակված 2010թ. առաջին կիսամյակից. 35 գլուխներից միայն 13 են բացվել, որոնցից մեկը ժամանակավորապես փակվել է: Այս արգելակման պատճառները բազմազան են, եւ կառավարությունը այժմ իր դիրքորոշումն է ձեւակերպում բանակցությունների գործընթացի նկատմամբ: Ներկայումս էլ կարելի է որոշակի առաջընթաց տեսնել, այդ թվում՝ մոտ ապագայում ԵՄ-Թուրքիա միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին քննարկման մեկնարկը, բայց կարեւոր է թվում միասնական ռազմավարության մշակումը, որպեսզի հնարավորություն տրվի վերականգնել ամուր եւ երկարաժամկետ հարաբերությունները այս կարեւոր ռազմավարական գործընկերոջ՝ Անկարայի հետ: Բացի դրանից, այս տարվա հուլիսի մեկից Կիպրոսի ԵՄ նախագահության ստանձնումը նշանակում էր ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար նոր բարդ ժամանակաշրջան, սակայն շատ կարեւոր է չկտրել երկխոսության թելերը: Հաջորդ վեց ամիսները պետք է օգտագործվեն Անկարայի հետ մտորումների եւ քննարկումների համար, որպեսզի վերադարձվի թուրք-եվրոպական գործընթացի դրական դինամիկան: Սակայն, ինչպիսին էլ որ լինի հիմնական դիրքորոշումը, որը կընդունի Ֆրանսիան, Թուրքիան պարտադիր պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի բարեփոխումների համար, որոնք էլ միայն կարող են բանակցություններում առաջընթացի տեմպերը որոշել»:

Հայոց ցեղասպանության հերքման մասին հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցին, ապա նախագահը հայտարարել է, որ ստանձնած պարտավորությունները կիրականացվեն: Բացի դրանից, կարեւոր է հիշեցնել հայ ժողովրդի հիշատակի առջեւ մեր պարտքի մասին, որը 1915թ.-ին ցեղասպանության զոհ է դարձել: Առաջին հերթին Թուրքիան պետք է արձագանքի: Դրա նպատակը հանդիսանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաեւ երկու գործընկերներին անցյալի վերքերը հաղթահարելու օգնությունը, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ նայեն ապագային»:

Տեսանյութեր

Լրահոս