«ԲԱՄՕ Մետալը» մեղավոր չէ՞, մեղավորը` հեղեղումնե՞րն են
168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Կապանի Նոր Աստղաբերդ համայնքում ոսկու որոնողական աշխատանքներ իրականացնող «ԲԱՄՕ Մետալ» ընկերության սեփականատեր, Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ընկերությունը պատկանում է ոչ թե իրեն, այլ իր եղբորը` Բորիս Մուրադյանին: «Ես հիմա Հայաստանի դեսպանն եմ, Դուք գիտեք: Ընկերությունը պատկանում է իմ եղբորը` Բորիս Մուրադյանին»,- ասաց Մ. Մուրադյանը` նշելով, թե ընկերությունն իր հիմնադրման օրվանից պատկանել է իր եղբորը:
Իսկ հարցին, թե քանի՞ տարի առաջ է հիմնվել ընկերությունը, Մ. Մուրադյանը պատասխանեց. «Հավանաբար, 5-6 տարի առաջ»:
Իսկ կապանցի բնապահպանների փաստարկներին, թե ընկերության գործունեության հետևանքով վտանգվում է քաղաքի խմելու ջուրը, Մ. Մուրադյանն այսպես արձագանքեց.
«Հայաստանում ջուրն ո՞ւմ է պատկանում: Ես Ձեզ հարց եմ տալիս: «Հայջրմուղկոյուղի» ընկերությանն է պատկանում, չէ՞: Այդ ընկերությունը, ընկերության ղեկավարը` ֆրանսիացի, այդ բողոքներից հետո եկել-գնացել է ընդեղ, խոսել են, ես այդ ինֆորմացիան ունեմ, անմիջապես տեղեկացել եմ և’ հայկական թերթերից, և’ ընկերության տնօրեն Մասիս Խաչատրյանից եմ տեղեկացել: Հուշագիր են ստորագրել, նա համոզվել է, որ այդտեղ կեղտոտման պատճառները հեղեղումներից բերված ջուրն է, այդ ընկերությունն այնտեղ միայն ու միայն հորատման գործեր է կատարում: Սա նույնպես կազմակերպված ակցիա է, ուղղակի մի քանի ընկերություններ կան, որոնք զբաղված են էկոլոգիայի խնդիրներով, դրանք են այդ աղմուկը բարձրացրել: Համոզված եղեք, որ դա «ԲԱՄՕ Մետալ» ընկերության հետ կապված չէ: Ընդեղ կա Աստղաբերդ գյուղի գյուղապետ, կարող եք նրան զանգել, որ ընդեղ ապրում են և այդ ջրից խմում են»:
Իսկ ի պատասխան այն դիտարկմանը, թե Նոր Աստղաբերդ համայնքում է գտնվում քաղաքի ջրընդունիչ կայանը, որտեղ էլ ընթանում են իր նշած հորատման աշխատանքները, Մ. Մուրադյանն այսպես պատասխանեց. «Ղափան քաղաքի ղեկավարություն կա, «Հայջրմուղկոյուղի» ընկերություն կա, հուշագիր են ստորագրել, կան փոխվարչապետի ղեկավարած տարբեր կազմակերպություններ, կան տարբեր մասնակիցներ, որոնք ուսումնասիրել են, եղել են բնապահպաններ, պետական կառույցներ են եղել…»: