Չփախցնենք պայքարի հարատևմանը խթանող մեծագույն առիթը. «Ալիք»
Անցնող տասնօրյակն իրավամբ անկյունադարձ էր ողջ հայության կյանքում: Հայաշխարհը՝ Հայաստանով ու արտերկրով մեկ՝ միահամուռ կեցվածք ցուցաբերեց և բողոքի, ցասման ու պահանջատիրական աննախադեպ դրսևորմամբ համաշխարհային ընտանիքին պատգամեց՝ «Բոլորս Գուրգեն Մարգարյան ենք»:
Միահամուռ, քանզի հայության թե՛ պետական, և թե՛ ազգային-քաղաքական ու ժողովրդական միավորները մեկ ուղղության ու միևնույն նպատակի շուրջ միասնական կեցվածք արտահայտեցին: Սա, ընդունենք, ի համեմատ հայ-թուրքական պրոտոկոլների նկատմամբ ցուցաբերված բողոքի, ցասման ու պահանջատիրության (որտեղ պետական ու ազգային շահերի միջև, այսպես ասած՝ արհեստականորեն տարանջատում էր առաջացել և Հայաստանի իշխանության դիվանագիտական ձախորդ ուղղությունն ու կրավորական նպատակը անհարիր դարձան ազգային-ժողովրդական տեսլականին), մեծ առաջընթաց էր, որն, այսպես թե այնպես՝ խրախուսիչ նախաքայլը կարող է հանդիսանալ՝ Հայոց Ցեղասպանության համազգային պահանջատիրության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Ահավասիկ, ապահովված է համընդհանուր հաղթանակի գրավականը՝ պետական-ազգային-ժողովրդական համընթաց ու նպատակասլաց կեցվածքը, որը տարանջատվելու-կոտորակվելու դեպքում՝ անխուսափելիորեն և կրկին կշահարկվեր նույն համաշխարհային շահակցական նկրտումներով առաջնորդվող ուժերի կողմից:
Մի պահ հիշենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության թիկունքային մասնակիցներին՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա ու Եվրամիություն… եկել էին բոլորը՝ անմիջական ու ուղղակի դերակատարությամբ «հովանավորելու» հայկական պետության և ողջ ժողովրդականության միջև թուրքական փայփայած տարանջատումը ամրագրելու համար (հիշենք Դավութօղլուի լպիրշ գոհունակությունը…):
Հիշենք նաև հայրենի ու արտերկրի հայության ցասումի, բողոքի ու հիասթափության դրսևորումները, որոնք, բարեբախտաբար, ի վերջո, թեպետ դե ֆակտո, կանխեցին Հայկական պետության ու ողջ հայության պատմական, քաղաքական ու իրավական արժանապատվությունը հարցականի տակ տանող նյութված «պրոտոկոլային» գործարքը:
Գուրգեն Մարգարյանի արդարահատույց դատին ի պաշտպան, սակայն, ազգ-պետություն գործոնը տարանջատ չէ: Ավելին՝ մղիչ ուժ է՝ գալիք դիվանագիտական մարտնչումների համար քաղաքական-իրավական-քարոզչական նոր ու խիստ անհրաժեշտ հաղթանակի համար, հատկապէս Արցախյան արդար դատի սիրույն: Եվ այս ճամբին չեն լինելու ո՛չ «Շվեյցարական ճանապարհային քարտեզները», և ո՛չ էլ թիկունքային ժպտադեմ հովանավորողները՝ Քլինթոն-Լավրով-Էշտոնները…, որոնք« ինչպԵս տեսանք՝ Սաֆարովյան գործարքի խնդրում« մեղմ ասած՝ դատապարտելի երկդիմություն ցուցաբերեցին…:
Մենք ենք ու մեր՝ պետական-իշխանական, ազգային ու ժողովրդական համընդհանուր գիտակցությունը:
Հատկապէս, պետական-իշխանական և անվտանգության մարմինները մինչ այդ թույլ տված դիվանագիտական ու վերահսկողական անհարկի բացթողումները սրբագրելու մեծագույն պատասխանատվություն են կրում, ինչպես արտաքին, այնպես էլ և մանավանդ՝ ներքին քաղաքականության ձախողումների այլևս ազգ-պետության անվտանգությունը հարցականի տակ առնող հետևանքները գոնե մասամբ փոխհատուցելու համար:
Չփախցնե՛նք Գուրգեն Մարգարյանի արյամբ ու ոգու կանչով բոլորիս ընձեռված արդարահատույց պայքարի հարատևմանը խթանող մեծագույն առիթը:
Դերենիկ Մելիքյան
«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր