Գիտության ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով
Մոտ ժամանակներս գիտության ոլորտում լուրջ փոփոխություններ կլինեն: Առաջիկայում՝ սեպտեմբերի 20-30-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Գիտության մասին» օրենքի վերաբերյալ քննարկումներ են սպասվում: Այդ բարեփոխումներից մեկը կվերաբերի, օրինակ, գիտնականներին տրվող թոշակներին: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Այսօր տարեկան մոտ 500 թեկնածու և մոտ 50-60 դոկտոր է պաշտպանում, նրանցից, սակայն, ընդամենը 10-15 տոկոսն են մտնում գիտության մեջ աշխատելու, մնացածը` տարբեր աստիճաններ ունեցող նախարարներ և փոխնախարարներ են, և այլք: Հիմնահարց է առաջանում, եթե այդ մարդը պաշտպանելուց հետո գիտությամբ չի զբաղվելու, ինչո՞ւ պետք է պաշտպանի և, առավել ևս, հավելյալ թոշակ ստանա: Նրանց կողքին, սակայն, կան վաստակաշատ գիտնականներ, որոնք իրոք արժանի են այդ վերաբերմունքին: Մեր նախաձեռնություններից մեկը հենց վերաբերելու է նրան, որ գիտնականն իր թոշակից բացի` ստանա պետության կողմից տրվող հավելավճար, եթե առնվազն 15 տարի աշխատել է գիտության բնագավառում»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ 2013 թվականին գիտության ֆինանսավորումը կավելանա, գիտության բյուջեն հաջորդ տարի կլինի 11,1 մլրդ դրամ, որը պետական բյուջեի ծախսային մասի մոտ 1%-ն է կազմում: Ստացվում է, որ 2012թ. համեմատ գիտությանը հատկացվող գումարը կավելանա 1 մլրդ դրամով: Տեղեկացնենք, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2009 թվականին գիտության և գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսումները (ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից) Հայաստանում կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 0.27%-ը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը 1.25% է, Էստոնիայում` 1.44: Դե, իսկ զարգացած երկրներում, որոնց հետ հավակնում ենք ոտք գցել մեր գիտելիքահենք տնտեսությամբ` 2.5%-ից ավելի է: Օրինակ, Գերմանիայում այդ ցուցանիշը 2.82% է, Դանիայում` 3.02%, Ֆինլանդիայում` 3.96, Իսրայելում` ռեկորդային 4.27% է:
Գիտության ֆինանսավորման ոլորտում Վերահսկիչ պալատի (ՎՊ) հայտնաբերած խախտումները հիմնականում վերաբերում են 2008-2010թթ. գործունեությանը, որոնք ներկայացվել են ՎՊ-ի հաշվետվության մեջ: Այդ խախտումների մասին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահը «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ բացթողումներն արդեն գրեթե ամբողջությամբ շտկվել են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ, ներկայացնելով ՎՊ 2011թ. Հաշվետվությունը, հայտարարել էր, որ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև` գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում` կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:
Ս. Հարությունյանի խոսքով` այդ խնդիրները եղել են, սակայն դրանք տարիների ընթացքում գտել են իրենց լուծումը։ «Oրինակ` հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են` անտեսելով փորձաքննության գործընթացը: Նման բան այլևս չկա, առանց լուրջ փորձի փորձագիտական եզրակացության գիտական թեմաները ֆինանսավորում չեն ստանում: Կամ, օրինակ, Կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում, նման բան այլևս չկա»,- ասաց Ս. Հարությունյանը` նշելով, որ ներկայումս Հայաստանում չկա որևէ ոչ պետական հիմնարկ, որը ֆինանսավորվի պետական բյուջեից:
Բացի այդ, խստացվել են ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ պահանջները. գիտական ծրագրերի համար մասնավոր հատվածից ոչ թե ընդամենը 10-15 % ֆինանսավորում կպահանջվի, այլև մասնավոր հատվածը գիտական արդյունքների առևտրայնացման համար պետք է ֆինանսավորում տրամադրի ոչ պակաս, քան 25%: «Գիտական արդյունքների առևտրայնացման հարցը ոչ միայն Հայաստանում է առկա, այլև ամբողջ ԱՊՀ տարածքում, նույնիսկ զարգացած երկրներում այս խնդիրը ամբողջովին վերացած չէ»,- ասաց Ս. Հարությունյանը: