Արժանահավա՞տ են արդյոք լրատվական կայքերի այցելությունների թվերը
168.am-ի զրուցակիցը «Ինտերնյուզ» մամուլի աջակցության հ/կ-ի Media.am պորտալի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանն է:
– Ինտերնետում այսօր բավական շատ լրատվական հայկական կայքեր կան, հավատո՞ւմ եք արդյոք դրանց այցելության ցուցանիշներին/թվերին:
– Հայաստանում կայքերի հաճախումների թվերը հիմնականում ներկայացնում է Circl.am-ը, այն ցույց է տալիս, թե որ կայքը` որքա՞ն այցելու ունի: Այդ թվերը բավականաչափ հավաստի են, դրա միջոցով կարելի է ուսումնասիրել շաբաթվա և ամսվա կտրվածքով՝ կայքի այցելուների քանակը և ցանկացած կայքի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա ստանալ:
Ներկայացված է նաև տվյալ կայքի հայաստանյան տրաֆիկը, այսինքն, թե այցելուների քանի՞ տոկոսն է Հայաստանից: Օրինակ՝ ամենահայտնի կայքերից մեկի մոտ Հայաստանից այցելուների թիվը մոտ 50% էր կազմում, սակայն որոշ ժամանակ անց այդ թիվը բարձրացավ և դարձավ 70%-ի կարգի: Չեմ կարծում, որ 30% բարձրացումն այդքան ահավոր է, քանի որ այդ ամենն ըստ օրերի բաց ներկայացված է կայքում, և կտրուկ շարժերի դեպքում ուղղակի կարելի է տեսնել այդ աճը: Եթե համեմատենք Circle.am-ի և Google analytics-ի տվյալների տարբերությունը, ապա այդ տարբերությունն այդքան էլ շատ չէ: Հնարավոր է, սակայն, որ Google analytics-ն ավելի ճշգրիտ է: Այսօր բոլոր իրենց հարգող կայքերը ու գովազդատուները հիմնվում են հիմնականում հենց դրա վրա:
– Այնուամենայնիվ, հնարավո՞ր է ազդել այցելությունների թվի աճի վրա:
– Իհարկե, նման տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ավելացնել կայքերի այցելուների թիվը, այս առնչությամբ անգամ տարբեր հոդվածներ են գրվել: Օրինակ, թե ռուսական կայքերից մեկն ինչպես է կարողանում դեպի իր կայք մուտքեր ապահովել: Նմանատիպ կայքերը, որոնք այցելուների մուտքեր են ապահովում դեպի այլ կայքեր, կոչվում են փոխանակման կայքեր, նման կայքերը դեպի այլ կայքեր տանող շատ գրավիչ բաներներ և լինքեր են տեղադրում իրենց մոտ, և այդկերպ գայթակղում են այցելուներին` տրաֆիկ ապահովելով:
– Ըստ Ձեզ՝ հայկական լրատվական կայքերը թրաֆիկ գնո՞ւմ են, թե՞ ոչ:
– Իրականում այդ ամենը տեխնոլոգիապես հնարավոր է անել ուղղակի և անուղղակի ճանապարհներով, սակայն դժվար է դա ապացուցել: Մինչ այսօր Հայաստանում որևէ կայքի համար «ուրիշ» բովանդակությամբ «քլիքներ» դեռևս չեն ապահովվել: Նույն Circle.am-ի մասին խոսակցություններ կային, որ ներկայացված վարկանիշերն ու թվերն արժանահավատ չեն, արդյունքում՝ կայքը սկսեց ցույց տալ յուրաքանչյուր օրվա համար վիճակագրությունը, և այդ թվերն արդեն կարելի է համեմատել ու ցուցանիշներին հետևել ցանկացած օր:
Իհարկե, տեխնոլոգիաներ կան, որոնք կարող են ազդել այդ ցուցանիշների վրա, բայց թե որքանո՞վ կարող են դրանք ազդել` այլ հարց է: Հայաստանի դեպքում ես այդ ցուցանիշներին վստահում եմ որոշակի վերապահումով, գուցե իրական պատկերը մի քիչ այլ է: Տրաֆիկը հնարավոր է ավելացնել, ես չգիտեմ, թե հնարավո՞ր է ուղղակի գումար վճարել և տրաֆիկ գնել, բայց անուղղակի այլ բովանդակության միջոցով կարելի է այդ ամենը անել:
– Իսկ Facebook-յան Like-եր գնելու մասին ի՞նչ կասեք: Նման ծառայություններ մատուցվում են:
– Ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում՝ Like գնել: Facebook-ում կարելի է կոնկրետ գովազդ պատվիրել թիրախային կոնկրետ խմբի համար, և դա օրինական է:
Հ.Գ. roem.ru կայքէջը մի հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Արդյոք Gazeta.ru-ն պոռնոտրաֆիկ օգտագործո՞ւմ է»: Հոդվածում գրված է այն մասին, որ վերջերս Gazeta.ru-ում հայտնվել է 24smi.org-ի փոխանակման գործընկերային բլոկը, որը կոչվում է «Նորություններն այսօր»: Մեկ օրում այդ բլոկի միջոցով Gazeta.ru է մտնում 10 հազար մարդ: 24smi.org- ը հանդիսանում է 24smile.org-ի գործընկերը, որը պոռնոկայք է: Այս գործընկերը հիմնականում անհրաժեշտ է նրանց, ովքեր կայքի համար լսարան են գնում (քչերը կցանկանան, որպեսզի իրենց գովազդատուն աղբյուրների մեջ պոռնոկայքեր տեսնի):
Google-ը, սակայն, հնարավորություն է տալիս տեսնել լսարանի և ռեսուրսների հատումը: Այս մասին հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.