Սոցիալական պաշտպանության մոդելն ուզում են ինքնամաքրել
Այն, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առայսօր խոցելի է հասարակական այդ խմբերի համար, թերևս, ընդունում են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուները:
Թեև այս ուղղությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մասնագետներն ամեն տարի բարեփոխումներ են իրականացնում, վերանայում են պետական աջակցության մեխանիզմներն ու մեթոդաբանությունները, սակայն այդ քայլերից, համենայնդեպս, սողանցքները չեն վերանում: Արդեն երկու տարի է` Հայաստանում քննարկվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, որը դեռևս փորձնական փուլում է, բայց իրականացվում է Արարատի մարզում:
Երեկ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մի քանի կազմակերպությունների հետ համատեղ` քննարկել են համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգ ներդնելու վերաբերյալ խորհրդատու կազմակերպության կողմից մշակված երկու նախագծեր և դրանց հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2012թ. հուլիսի 26-ի N952 որոշմամբ «ՀՀ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը» (ՀՍԾՏԿ) հաստատել էր: Համաձայն այդ որոշման` սահմանվել են փորձնական ծրագրում այլ
ՀՍԾՏԿ-ների ներառման սկզբունքը` ըստ վերանորոգման, վերազինման աշխատանքների ավարտի և համակարգի ամբողջական ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի ներկայացման ժամկետները:
Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը շեշտել է. «Սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է տարբեր իրավիճակներում: Անցում կատարելով նոր համակարգի` մեր նպատակն է` այն դարձնել առավել հասցեական ու արդյունավետ: Հիմք ընդունելով քաղաքացու կամ նրա ընտանիքի կարիքների գնահատումը` կկարողանանք նրան հուզող խնդրին լուծում տալ տարատեսակ քաշքշուկներից ու թղթաբանությունից զերծ ծառայության միջոցով:
Ծրագրի ամբողջական ներդրմամբ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքացու հետ նվազագույն շփման արդյունքում: Խնդիրները շատ են` կարողությունների հզորացում, աշխատակիցների վերապատրաստում, շահառուի կարիքների գնահատում: Մեր նպատակն է` բազմաթիվ ծրագրեր իրականացնելով` քաղաքացուն բերել այն վիճակի, որ ինքը լուծի իր խնդիրը` հասարակության մեջ դարձնելով առավել մրցունակ»:
Ի դեպ, ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետին կից ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, որը կիրականացնի համապատասխան վերահսկողություն: Ինչպես նաև կլինեն Սոցապ նախարարության և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային և փորձագետների մասնագիտական խմբեր, որոնք կներկայացնեն իրավական նորմատիվ ակտերի նախագծեր և առաջարկություններ:
Այնուամենայնիվ, հուսանք, որ ՀՀ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագրի իրականացման արդյունքում Սոցիալական աջակցության գրասենյակների պետերի, տեսուչների «վատ սովորությունները» կհասցվեն նվազագույնի: Մասնավորապես` ենթադրվում է, որ պետական նպաստների շահառուների հասցեականությունը կլինի ավելի թափանցիկ, քանի որ գործելու է տեղեկատվական բազայի էլեկտրոնային շրջանառության մոդելը: Դրա արդյունքում, բնականաբար, գրասենյակի պետերի, տեսուչների կողմից տարատեսակ մախինացիաները կտեղափոխվեն վերահսկողության դաշտ: