Հանրային խորհրդարան

Ինչպես կանխատեսել էինք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստը երեկ անցավ «բացառիկ հայրենասիրական» մթնոլորտում: Ելույթ ունեցան մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին նաև Արտգործնախարարությանը:

Մինչև երեկո տևած «բուռն» նիստի արդյունքում` 90 «կողմ», 1 «դեմ» ձայներով ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որն իր բովանդակությամբ գրեթե չի տարբերվում անցած մի քանի օրերի ընթացքում հնչած գնահատականներից ու կոչերից: Այնպես, ինչպես տարբեր պատգամավորների կարծիքները, որոնք գրեթե ամբողջությամբ վերջին օրերին դրանց հեղինակները հասցրել էին տիրաժավորել մամուլի բոլոր միջոցներով: Այսինքն` մեծ հաշվով, ԱԺ երեկվա արտահերթ նիստն ու այդ հայտարարությունը ոչինչ չավելացրեցին:

Մինչդեռ, ԱԺ-ն` որպես պետության գլխավոր քաղաքական ինստիտուտ, գոնե պետք է որոշեր ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից կատարելիք գործողությունները, դրանց հաջորդականությունը: Այդ դեպքում արտահերթ նիստ հրավիրելը գոնե ինչ-որ իմաստ կունենար: Սակայն ԱԺ-ն երեկ ընդամենը հերթական անգամ վավերացրեց, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է երկրի նախագահը, և խորհրդարանն ընդամենը «ժողովրդավարական բուտաֆորիայի» դեր է կատարում` գրեթե չտարբերվելով նախագահին կից Հանրային խորհրդից: Ի դեպ, այդ հարցում իրենց ջանասիրությամբ ընդդիմադիր պատգամավորները հետ չմնացին իրենց իշխանական գործընկերներից:

Տեսանյութեր

Լրահոս