Հայտարարություններ հայտարարության մասին
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 90 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարավին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ արված հայտարարությունը: Ընդունված հայտարարությանը դեմ էր քվեարկել միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Մինչ քվեարկությունը` վերջինս իր ելույթի վերջաբանում հայտարարեց իր որոշման մասին, ինչը պայմանավորեց ԱԺ-ի` իր ներկայացրած օրինագծի առաջարկությունների մերժմամբ: Նույն խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, թե ընդունված փաստաթուղթը «ոչինչ չի ասում»: ««Ժառանգությունն» առաջարկում է, որ այդ հայտարարության մեջ ավելացվի ընդամենը մեկ պարբերություն, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Սա այն ձևակերպումն է, որին սպասում են, չեմ ասում` ամբողջ ժողովուրդը, բայց շատ մարդիկ: Շատ-շատերն են ասում, որ դրա անհրաժեշտությունը կա և դրա ժամանակն է: Այս հարցը 1992թ. ԱԺ օրակարգում է, և որևէ մեկի մենաշնորհը չէ,- ասաց Ռ. Հակոբյանը` ավելացնելով,- Շատ վատ կլինի, որ մեր հասարակությունը տեսնի, որ բոլորս քվեարկել ենք այս ոչինչ չասող փաստաթղթի տակ: Չեն ասի՞, թե ուրիշ քաղաքական ուժեր չկա՞ն, և եթե ասում ենք` կոնսենսուս, դրա հիմքում պետք է ունենանք ինչ-որ բան»:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով` Ռամիլ Սաֆարովի դատավարության մեկնարկից սկսած` Ադրբեջանն ամեն ջանք գործադրել է` վերջինիս արտահանձնումը կազմակերպելու ուղղությամբ:
«Այն, որ վերջին շրջանում Ադրբեջանին հաջողվում է միջազգային կառույցներում էականորեն տրամադրություն փոխել` իր խավիարային դիվանագիտությամբ, իր նավթադոլարներով, դա ևս, կարծում եմ, մեզ` բոլորիս համար ակնհայտ է: Մենք բազմիցս ասում ենք, որ 21-րդ դարը քարոզչական պատերազմի դար է, և մենք մեր աշխատաոճը, մեր հարաբերությունները, մեր աշխատակարգը ճշգրտելու խնդիրներ ունենք, դա ևս ակնհայտ է: Ընդամենը մեկ պարզ օրինակ եմ ուզում հիշեցնել մինչև բուն ելույթին անդրադառնալը. երբ 2012թ. բյուջեում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ընդամենը մեկ առաջարկ ներկայացրեց, այն է` մեր արտաքին գերատեսչությանը քարոզչության համար սահմանված շատ ծիծաղելի 21 մլն դրամը գոնե դարձնել 100 մլն դրամ, մեր շատ հարգարժան Կառավարությունը մերժեց իմ առաջարկը` ինձ համար անհասկանալի պատճառաբանությամբ, թե` գիտեք, մեզ համար շատ ավելի կարևոր գերակայություններ կան:
Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս կառավարության համար, իհարկե, շատ ավելի կարևոր, ինձ համար անհասկանալի կարևոր գերակայություններ կան: Ես չեմ ցանկանում խոսել Ադրբեջանի մասին, որովհետև այստեղ, կարծում եմ, հայրենասիրության մրցույթ հայտարարելն առնվազն ծիծաղելի կլինի: Այդ մասին ես կխոսեմ միջազգային կառույցներում: Ես չեմ ցանկանում խոսել նաև այն մասին, որ օդակայանում հանցագործ-հրեշին դիմավորում էին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիլա Փաշաևան և «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության անդամ Այաս Գուլիևը: Դրա վերաբերյալ ես արդեն պաշտոնական նամակներ եմ հղել Եվրապառլամենտի նախագահին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին` ակնկալելով պարզաբանում: Եվ ես վստահ եմ, որ Ադրբեջանի կողմից դա հստակ, ուղղորդված քայլ էր, մեսիջ` այդ երկու պատգամավորներին ուղարկելով, և դա մեսիջ էր միջազգային հանրությանը, որ իրենք թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև Հայաստանի համապատասխան կառույցների գործունեությանը: Զոհրաբյանի խոսքով` Հունգարիայի հայ ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանն իր հետ զրույցում ասել է, որ օգոստոսի 20-ին ինքը ոչ միայն բարձրաձայնել է հնարավոր էքստրադիցիայի մասին, այլև օգոստոսի 21-ին և 22-ին Հունգարիայի հայ համայնքի հորդորով եկել է Հայաստան, հանդիպել Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդ որում` Հունգարիայի խորհրդարանը` հայ համայնքի ղեկավարի պաշտոնական հարցմանը պատասխանում չէր հերքել Սաֆարովի արտահանձնման հանգամանքը.
«Տպավորությունս հետևյալն է` հունգարական իշխանությունները, խորհրդարանի ղեկավարը, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան շատ ավելի անկեղծ և ազնիվ են Հունգարիայի հայ համայնքի հետ, քան մեր իշխանությունների հետ, որ նրանց պատասխանել են, որ, գիտեք, մինչև վերջին պահը` երկու շաբաթ պատասխանել են, որ նման բան նախատեսված չէ: Իսկ մինչ այդ երկու շաբաթը, հարգարժան Արտաքին գործերի նախարարության, ԱԱԾ-ի և մյուս պատկան մարմինների ներկայացուցիչներ, ինչո՞վ էիք զբաղված Դուք, երբ որ նույն Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ բանակցությունները վարվել են 1 տարի շարունակ: Ես կրկնում եմ, մենք էստեղ կարող ենք Ադրբեջանին էնքան դատափետել, որ բոլորդ զարմանաք: Եթե էստեղ լիներ պարոն Նալբանդյանը, ես նրան կհարցնեի` ընդհանրապես ինքը տեղյա՞կ է, թե ինչով են զբաղված Եվրամիության անդամ մեր որոշ դեսպաններ: Ես էդ մասին ասել եմ, քանի որ բազմիցս լինում եմ եվրոպական կառույցներում, նաև Եվրամիության անդամ երկրներում, և ականատես եմ լինում այդ` ինձ համար արտասովոր երևույթին, ստիպված եմ կրկնել. իմ տպավորությամբ` մեր որոշ դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ խորապես սխալ են հասկանում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գերակայությունները, որ իրենք պարտավոր են պաշտպանել տվյալ երկրում: Նրանց թվում է, թե այդ գերակայությունը 2 միջոցառում է. ապրիլի 24-ին լացակումած կանգնել Ցեղասպանության որևէ հուշակոթողի կողքը` Սփյուռքի տվյալ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, և մեկ էլ` սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշետ անել»:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն էլ ընդգծեց Ադրբեջանի և Հունգարիայի միջև արտահանձնման գործարքի մասին ասեկոսեները` նշելով, որ ադրբեջանցիները չեն թաքցնում, որ գործարք եղել է: ՀՅԴ պատգամավորն իր ելույթում մտահոգություն հայտնեց միջազգային, մեղմ ասած` պասիվ արձագանքի մասին: «Սլովակիան ու Ռումինիան Եվրամիության լիարժեք անդամներ են, բայց ձեն չեն հանում: Ինչի՞: Հարց է, չէ՞, առաջանում: Ո՞նց հնարավոր է, որ այդ երկրները չօգտագործեին այդ փայլուն հնարավորությունը` Վիկտոր Օրբանին նեղը դնելու, բայց` չեն անում, որովհետև մենք հետաքրքրություն չենք ներկայացնում` որպես սուբյեկտ, որին արժե օգնել: Էս իմաստով ես լուրջ մտահոգություն ունեմ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը, ով իր ելույթում անդրադարձավ նաև հայ դեսպանների գործունեությանն ու մամուլի հետ աշխատանքին:
«Եվրոպայում ամենուր մենք դեսպաններ ունենք: Ո՞ւր ա արձագանքը: Գոնե պատգամավորները, որոնց մեջ շատ բարեկամներ ունենք, երկրորդ` ազատ մարդիկ են, պետական պաշտոններ չունեն, սրանք գոնե կարող էին հանդես գալ: Լռություն է տիրում: Հիմա, տեսեք, ի՞նչն է պակասում մեր հայտարարությանը. երբ Աղվան Վարդանյանը նշում է, որ Ադրբեջանը շատ է հիշատակվում, նա նկատի չունի, որ ինչի՞ ենք մենք Ադրբեջանի մասին վատ բան ասում, այլ նկատի ունի, թե ինչո՞ւ ենք միայն Ադրբեջանի մասին վատ բան ասել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: Վերջինս ընդգծեց նաև Եվրապառլամենտի նախագահի հայտարարությունը, որտեղ, պատգամավորի խոսքով, մի քիչ դժգոհություն է առկա, մինչդեռ հիմնական ասելիքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես պետք է իրենց «խելոք» պահեն, վիճակը չսրեն: «Էն, ինչ որ սկսվել է բոլոր այդ միջազգային ատյաններում` Մինսկի խմբի մեղավորությամբ, դա դեռ Գորբաչովից սկսած քաղաքականություն է` ինչ այլանդակություն էլ անում է Ադրբեջանը, Հայաստանին հավասարապես ամբաստանում են, եթե ոչ` ամբաստանում, ապա մատիկը թափ են տալիս, ասում են` դուք երկուսով ձեզ խելոք պահեք: Չի ասում, որ Ադրբեջանի գործողություններն են վիճակը սրելուն նպաստում: Ոչ մի դեպքում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում բոլորի մոտեցումը պետք է լինի հնարավորինս համերաշխորեն սպասարկել Հայաստանի ազգային շահը:
«Ես ինքս գտնում եմ, որ, այո՛, արտաքին գերատեսչությունը թերացել է, բայց, կարծում եմ, այս նիստի թեման չէ սա: Եթե կա ցանկություն, կարելի է հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել և պարզել` ինչի՞ վերջին 15 օրում Արտգործնախարարությունը որևէ բան չի արել, և նաև ինչի՞ 2004-2008թ. Արտգործնախարարությունը որևէ բան չի արել Հունգարիայում դեսպանատուն հիմնելու, մեր իրավաբաններին աջակցելու համար, երբ Ադրբեջանը, ինչպես գիտեք, 2004թ. Հունգարիայում հիմնել է դեսպանատուն, որն ամբողջովին լծվել է Սաֆարովի պաշտպանության անպատվաբեր գործին»,- նշեց Ա. Արզումանյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ը միանում է ներկայացված հայտարարությանը: «ՀԱԿ-ը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ, գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Մենք որոշել ենք առանց այլևայլ բարդություններ ստեղծելու` միանալ ներկայացված հայտարարության նախագծին: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում այս բարձր ամբիոնից կրկնել ՀԱԿ-ի օգոստոսի 31-ի հայտարարության գնահատականները` առ այն, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար: Ժամանակին կանխարգելիչ համարժեք քայլեր չեն կատարել` ո՛չ հետախուզության, ո՛չ էլ դիվանագիտության ասպարեզներում»,- ասաց Լ. Զուրաբյանը` դիմելով ԱԳՆ նախարար Էդուարդ Նալբանդյանին:
«Ամեն դեպքում, այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի` սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի է բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար` ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան: Մենք կոչ ենք անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ դա դժվար է, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է, այո՛, կտրուկ և կոշտ քայլեր ձեռնարկի, բայց պետք է զերծ մնա որևէ քայլից, որը կվնասի ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությանը և միջազգային վարկին»,- նշեց ՀԱԿ համակարգողը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ պատասխանելով նախարարության հասցեին հնչեցված մեղադրանքներին` ասաց, որ 2004թ.-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները շարունակաբար ուշադրություն են հրավիրել ոճրագործի արտահանձնման անթույլատրելիության մասին:
«Բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան` նաև օգոստոսի 2-րդ կեսին` ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին: «Նախարարի խոսքով` Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել կատարված գործարքի մասին: «Ադրբեջանահունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է` ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, և այդ ուղղությամբ` միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասաց նա: