Իսկ Ձեզ, Գորիկ Գուրգենիչ, խնդրում եմ մնալ…
Լուրջ հիմքեր կան` ենթադրելու, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի զրույցը հիշեցնելու է «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության Պիղատոսի և գաղտնի ծառայության պետի հայտնի երկխոսությունը:
Ս.Ս. «Տեղեկություն եմ ստացել, որ ադրբեջանցի այդ երիտասարդին այսօր գիշերը սպանելու են»:
Գ.Հ. «Ստացվում է` իմ իրազեկվածության մասին լուրերը չափազանցված են. ես նման տեղեկություն չունեմ»:
Ս.Ս. «Ըստ ինձ հասած տեղեկության` նրան անպատճառ սպանելու են, իսկ նրա արտահանձնման համար ստացած 3 մլրդ դոլարը վերադարձնելու են Հունգարիայի կառավարությանը` «Վերադարձնում ենք անիծված փողերը» գրությամբ: Այդ իսկ պատճառով, Գորիկ Գուրգենիչ, խնդրում եմ բոլոր միջոցները գործի դնել` ապահովելու այդ երիտասարդի անվտանգությունըգ»:
Գրական ստեղծագործության մեջ Պիղատոսի մտավախությունն իրականացավ. երիտասարդ Հուդային նույն գիշեր սպանեցին:
«Հատուցո՛ւմ»: Սա են ակնկալում թե՛ պաշտոնական ատյանները, թե՛ սոցիալական ցանցերում վրդովված օգտատերերը: Ընդ որում` «հատուցում» ասելով` ակնկալվում է ոչ միայն միջազգային հանրության քաղաքական գնահատականը, այլև Ռամիլ Սաֆարովից անձնական վրեժ լուծելը: Հ1-ի մեկնաբաններն արդեն բաց տեքստով նկատում էին, որ հունգարական բանտում Սաֆարովի անվտանգությունը երաշխավորված էր: Իսկ այսպես, ազատության մեջ, ո՞վ գիտի` ինչ կարող է պատահել: Կարող է կայծակը հարվածել կամ աղյուս ընկնել գլխին:
Իրո՞ք հայերիս պատվի խնդիրն է` այդ մարդասպանին երկրի երեսից ջնջելը: Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել է քնած ժամանակ, ընդ որում` կացնով (կացինն, արդեն քանի հարյուրամյակ է` քաղաքակիրթ մարդկությունը չի գործածում` որպես սպանության գործիք): Նենգության ու վախկոտության մեջ նմանը չունեցող սպային Ադրբեջանում շնորհում են մայորի կոչում, հայտարարում Տարվա մարդ, ազգային հերոս:
Սակայն, այդուհանդերձ, որքանո՞վ է ճիշտ Սաֆարովի հանկարծահաս մահը: Ի՞նչ կտա դա հայերիս: Նրա մահը նախևառաջ գործը քաղաքական, բարոյական մակարդակից կիջեցնի կենցաղայինի: Կդարձնի վենդետա: Իսկ Սաֆարովի ներկայությունն Ադրբեջանում, ով 21-րդ դարում, կացնով սպանել է քնած երիտասարդին, մեծ խարան է Ադրբեջանի համար: Նրա ներկայությունն Ադրբեջանում հասարակության առողջ հատվածին կպահի քրոնիկ լարվածության մեջ: Սաֆարովի ներման օրինակը լուրջ գործիք է նաև այդ երկրում ներքին քաղաքական լարվածության համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները ցուցադրեցին, թե ինչպես են ադրբեջանցիները Սաֆարովին ծաղկեփնջերով ընդունում, և լրագրողը` դեմքի մեղմ ու կարեկցող արտահայտությամբ, հետաքրքրվում է. «Ի՞նչ էիք զգում սպանությունից առաջ»: Մարդասպանի պատասխանն է. «Օ՜, մի հիշեցրեք ինձ այդ օրը»: Այս դետալը կենդանի վկայություն է, որ այդ պետությունը 21-րդ դարում հայտնվել է պատահաբար: Հետևաբար, մեզ` հայերիս, քաղաքական տեսակետից, ամեն դեպքում, ձեռնտու է մարդասպանի երկար և առողջ կյանքը:
Նույնիսկ ենթադրում եմ` ավելի ձեռնտու, քան ադրբեջանցիներին: Ի վերջո, միջազգային տարբեր սեմինարների, միջոցառումների ժամանակ հայերն ու ադրբեջանցիները պարբերաբար հանդիպում են (լրագրողներ, գործարարներ, տարբեր ոլորտի մասնագետներ, զինվորականներ): Նրանց միջև լարվածությունն ակնհայտ է, սակայն երբեք բանը մարդասպանության չի հասել: Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար: Հերոսացնելով այդ մարդասպանին, նրանք նույն այդ Սաֆարովին առիթ են տալիս իրեն հերոս կարծել և պետությունից էլ ակնկալել համապատասխան վերաբերմունք:
Առաջին տասն օրում նման ցուցադրական վերաբերմունքը հնարավոր է: Հետո սկսում է ձանձրացնել: Սաֆարովի հերոսացումը շուտով սկսելու է նյարդայնացնել հենց իրենց` ադրբեջանցիներին, մարդասպանը սկսելու է ավելորդ գլխացավանք համարվել հենց Ադրբեջանում: Չի բացառվում, որ մինչև Գորիկ Գուրգենիչի միջամտությունը` Ադրբեջանի հատուկ ծառայությունները վերացնեն Սաֆարովին և նրա սպանությունը վերագրեն հայերին:
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա, միանշանակ, երիտասարդ այդ մարդասպանը չի արժանացել կյանքից այդքան արագ ու սպանության ողջ կոշմարը չհասկացած` հեռանալու պատվին: Որքան էլ նրան հերոսացնում են, միևնույն է, արյունոտ կացինն ու կացնահարված հայ սպան արդեն նրա գիտակցության մեջ ենգ Ադրբեջանի նախագահին թվում է, թե ներողամտության իր արսենալից քնած մարդուն կացնով սպանած այդ երիտասարդին անհապաղ ներում շնորհելով` ապտակ հասցրեց Հայաստանին, ինչպես նաև` իր զինվորներին բարոյական մեծ աջակցություն ցուցաբերեց:
Որքան էլ քաղաքականությունը համեմատում են հնագույն մասնագիտության հետ, միևնույն է, աշխարհում և ոչ մեկն այսօր ի վիճակի չէ հասկանալու ադրբեջանցիների` մարդասպանին հերոսացնելու քաղաքականությունը: Ինչ վերաբերում է զինվորներին բարոյապես աջակցելուն, ապա դրա լավագույն օրինակը, թերևս, 2011թ. «տարվա լավագույն բարտեր» համարվող գործարքն էր` Իսրայելի կառավարության և պաղեստինցիների միջև:
2011թ. Իսրայելի կառավարությունն արտահերթ նիստ գումարեց ու որոշեց հինգ տարի պաղեստինցիների գերության մեջ գտնվող կապրալ Հիլադ Շալիդին վերադարձնելու համար ազատ արձակել 1027 պաղեստինցի գրոհայինների:
Շեշտե՛նք. գրոհայինների, ովքեր ազատվելուց հետո դարձյալ վերադառնալու էին առաջին գիծ: Կապրալի փոխարեն` գերի կարող էր ընկնել յուրաքանչյուր իսրայելցի զինվոր, և նման անհավասար, հակառակորդի համար ստորացուցիչ փոխանակությամբ Իսրայելը ցույց տվեց, թե որքան թանկ է գնահատում իր զինվորի կյանքը: Զինվորների համար սա լուրջ ուղերձ էր` թող որ PR-ի զգալի չափաբաժնով:
Հ.Գ. Մարդասպանի արտահանձնումից հետո հասկանալի լարվածություն առաջացավ Հունգարիայի հանդեպ: ՀՀԿ երիտասարդների հայտնի խումբն անմիջապես զինվեց այն զենքով, որին հատկապե՛ս լավ է տիրապետում` լոլիկներով, և ուղևորվեց Հայաստանում Հունգարիայի հյուպատոսություն: Վստահ եմ, որ մինչ այնտեղ գնալը, մեր հայրենակիցները նախապես երկար են փորձել ճշտել` որտե՞ղ է, ի վերջո, Հայաստանում Հունգարիայի հյուպատոսության շենքը: Գրադարանի շենք հիշեցնող այդ համեստ կառույցի վրա երիտասարդները լոլիկներ են նետել: Քաջությամբ առավել աչքի ընկածները հաջողացրել են պոկել այդ երկրի դրոշն ու այրել: Թեև առավել խոհեմ կլիներ` չայրել Հունգարիայի դրոշը` սպասելով հունգար ժողովրդի դիրքորոշմանը: Այն չուշացավ. «Sorry, Armenia»: