Հենակե՞տ, թե՞ կառափնարան

«Pastinfo.am»-ին հայտնի են դարձել 2010թ. հուլիսի 27-ի առավոտյան ՊՆ մարտական հենակետում տեղի ունեցած կրակոցին նախորդած որոշ մանրամասներ:

2010թ. հուլիսի 27-ին՝ ժամը 07:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կողմից սպասարկվող մարտական հենակետի տարածքում հայտնաբերվեց հենակետի ավագ, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնի կողմից 27.07.2010թ. ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Մինչ քրեական գործի նախաքննությամբ կպարզվեր և կհիմնավորվեր բռնություն գործադրած անձանց շրջանակը, գործը ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերցվեց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հսկողության տակ: Արդյունքում կատարված մանրամասն, բազմակողմանի նախաքննության ընթացքում ստուգվեցին հնարավոր բոլոր, այդ թվում և՝ տուժող կողմի առաջ քաշած վարկածները: Ընդ որում, գործը հսկողության տակ վերցնելուց հետո որպես մեղադրյալ ներգրավվեց Ա. Նազարյանի ևս մեկ համածառայող՝ Վահագն Վլադիմիրի Հայրապետյանը:

Այն, ինչ պարզվեց գործի քննության ընթացքում, խիստ մտահոգիչ հետևությունների և եզրահանգումների տեղիք է տալիս, իսկ պատկան կառույցները, անկախ դատավարության ելքից, լուրջ, շա՛տ լուրջ հետևություններ պիտի անեն այս պատմությունից, նոր կորուստներ թույլ չտալու համար:

Կարդացեք նաև

Կատարած հանցավոր արարքների համար այս գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի ծառայակից 5 զինծառայողներ. Հակոբ Խորենի Մանուկյան, Վահագն Վլադիմիրի Հայրապետյան, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյան, Մխիթար Մանվելի Մխիթարյան, Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյան: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քր. օր-ի 360-րդ հոդ. 2-րդ մասով, 365-րդ հոդ. 1-ին մասով, 375-րդ հոդ. 1-ին և 2-րդ մասերով, 38-375-րդ հոդ. 2-րդ մասով, 358-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով, 358-րդ հոդ. 1-ին մասով:

Հուլիսի 27-ին նախորդած պատկերն ըստ գործի նյութերի

Արտակ Նազարյանը 2009թ. դեկտեմբերից պայմանագրային ծառայության է նշանակվել N զորամասում, որպես դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով, մասնագիտությամբ իրանագետ էր:

2010թ. հուլիսի 16-ին նա մարտական ծառայության է նշանակվել որպես հենակետի ավագ, անձնակազմում եղել են իրեն ենթակա դասակի զինծառայողները: Այս և ևս երկու այլ հենակետերի պատասխանատու է նշանակվել գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների /ԱՀՏԱ/ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը:

Նույն օրվա առավոտյան ժամը 08.16-ին Նազարյանը վաշտի հրամանատար Գ. Ուդումյանին հեռախոսով տեղեկացրել է, որ հոր առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ: Ուդումյանը թույլատրել է և այդ մասին զեկուցել Հակոբ Մանուկյանին: Վերջինս զանգահարել է Նազարյանին և, քանի որ նրա բացակայությունները կրել են պարբերական բնույթ, կոպտելով պահանջել է անմիջապես ներկայանալ:

Մինչև այդ պահը, ըստ գործի նյութերի, նրանց հարաբերությունները եղել են նորմալ, թեև Նազարյանի ծառայությունից որոշակի դժգոհություններ ունեցել է: Մանուկյանի հեռախոսին ուղարկված sms հաղորդագրությունը ամենայն հավանականությամբ բեկումնային է դարձել հետագա հարաբերությունների համար. Նազարյանի զանգերին մի քանի անգամ չպատասխանելուց հետո Մանուկյանը տեքստային հաղորդագրություն է ստացել. «Շատ լավ գիտեմ, որ քթերիցս բերելու ես, բայց մարդկությունդ մի կորցրու, էս մի օրը ինձ իրոքից պետք է»:

Մանուկյանն իր աշխատասենյակում զեկուցագիր գրող Ուդումյանի սեղանին է գցել հեռախոսը՝ ասելով. «Տե՛ս, լեյտենանտդ ինչ ա գրել», ինչն էլ վիճաբանության պատճառ է դարձել Ուդումյանի և Մանուկյանի միջև: Վերջինս Նազարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և ասել, որ պատժելու է Նազարյանին: Այդուամենայնիվ, Ուդումյանի զեկուցագրի համաձայն, Նազարյանի բացակայությունը համարվել է հարգելի, հենակետի ավագ է նշանակվել նրա օգնականը…

Հուլիսի 16-ի երեկոյան ժամը 20-ին մոտ մարտական հենակետում հավաքելով Նազարյանի ղեկավարած դասակի որոշ զինծառայողների, Մանուկյանը ծաղրելով պատմել է sms-ի մասին` ի ցույց դնելով հեռախոսը, սկսել են բարձրաձայն ծիծաղել:

Հուլիսի 17-ին, վերադառնալով զորամաս, Նազարյանը զեկուցագրով զենք-զինամթերք է ստացել և գնացել հենակետ, որտեղ Մանուկյանը, հայհոյանքներ տալով նրա հասցեին, հարցրել է, թե ինչու՞ է ուշանում ծառայությունից, ո՞վ պետք է իր փոխարեն ծառայի: Նազարյանի պատճառաբանությանը հաջորդել է Մանուկյանի դժգոհությունը:

Ըստ գործի նյութերի՝ ժամը 19-ի սահմաններում Նազարյանը Ուդումյանին հեռախոսով ասել է. «Ամեն ինչ նորմալ է»:

Հուլիսի 18-ին մարտական հենակետ է բերվել դիզվառելիք ու սնունդ: Նազարյանը վերցրել է նախօրեին Մանուկյանի 1,5լ տարողությամբ պոլիէթիլենային դատարկ ջրի շիշը, դիզվառելիք է լցրել և ուղարկել մարտական հենակետ: Եվ հենց այս հանգամանքն էլ ամենայն հավանականությամբ հերթական յուղն է դարձել դեռ չմարած կրակի վրա:

Իմանալով, որ Նազարյանն է վերցրել շիշը (ինչպիսի՜ հանդգնություն)՝ Մանուկյանը պաշտոնական դիրքի ողջ պոտենցիալով սկսել է բղավել նրա վրա, հայհոյանքներ տալ: Չնայած Նազարյանի բացատրություններին և հայհոյանքները դադարեցնելու հորդորներին, կապիտանը՝ գումարտակի հրամանատարի տեղակալը, մեկ օր ժամանակ է տվել դատարկ շիշը վերադարձնելու համար, սպառնալով հակառակ դեպքում լուրջ պրոբլեմներ ստեղծել ու հեղինակազրկել նրան:

Հաջորդ օրվա կեսօրին Նազարյանը թույլտվություն է խնդրել բացակայել հենակետից շիշը վերադարձնելու համար: Արգելել է, սակայն ծառայողների մոտ հեղինակազրկվելու սպառնալիքի մտավախությունից դրդված, հայտնվելով պատային դրության մեջ, նա ժամը 17-18-ի սահմաններում գնացել է մոտակա գյուղ, գնել շիշ, այլ ապրանքներ:

Տեսնելով, որ հերթափոխի ժամը մոտենում է, իսկ Նազարյանն ուշանում է, նրա օգնականը՝ ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը Մանուկյանին տեղեկացրել է այդ մասին: Ժամը 21-ին մոտ Նազարյանը վերադարձել է հենակետ: Դա նրան տրված վերջնաժամկետն էր…

Տեսանյութեր

Լրահոս