Հարաբերական անկախություն, բացարձակ անպատժելիություն

Մինչ ընդդիմությունը դեգերում է միասնական թեկնածուի որոնումներում, իշխանություններն արդեն սկսել են 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ընդ որում, դատելով արդեն այսօրվա քարոզչական միջոցառումներից, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում դրանցում «շոուի» բաղադրիչը բավական մեծ է լինելու: Եթե ոչ` հիմնականը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշումը ստվերեց անցած ուրբաթ օրն ավելի վաղ տեղի ունեցած մի միջոցառում, որով, կարելի է ասել` ազդարարվեց նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Վերջինս Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում էր ունեցել դատաիրավական համակարգի ներկայացուցիչների`  ՀՀ արդարադատության խորհրդի անդամների, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ անդամների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպումը նվիրված է եղել «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարին»: Սերժ Սարգսյանը, ըստ այդ հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրության, խոսել է հիմնականում դատավորների կարգապահական քաղաքականության ապահովման միջոցառումների, այդ համատեքստում՝ դատավորների անկախության և ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրների մասին: Առանց մանրամասների մեջ խորանալու, նշենք, որ, ընդհանուր առմամբ, Ս. Սարգսյանը դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին որևէ նոր բան չի ասել. նրա բոլոր հորդորները, պատգամները, կոչերն իրականում ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով: Օրինակ, Ս. Սարգսյանն ասում է. «Դատական համակարգը չպետք է հանդուրժի օրենքի ուղղակի և չարամիտ խախտումները, անձի իրավունքների կոպիտ ոտնահարումները և, իհարկե, դրանք թույլ տված անձանց»: Կամ, ասենք, «Կարգապահական և օրենքով նախատեսված այլ պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովվի միասնական և ոչ խտրական չափանիշներով: Համակարգում չպետք է լինեն արտոնյալներ: Եվ այժմ եկել է կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը»: Նախագահի խոսքից մեջբերումները կարելի է շարունակել, բայց դրանց բոլորի ոգին նույնն է. Սերժ Սարգսյանը խոսում է դատավորների և համակարգի մնացած ներկայացուցիչների պարտականությունների մասին, որոնք, սևով սպիտակի վրա ամրագրված են օրենքով: Դատական համակարգի ներկայացուցիչները «չպետք է հանդուրժեն օրենքի ուղղակի և չարամիտ խախտումները, անձի իրավունքների կոպիտ ոտնահարումները», ոչ թե՝ որովհետև այդպես հրահանգում է նախագահը, այլ այն պատճառով, որ դա օրենքի պահանջ է: Նույն տրամաբանությամբ,  ոչ թե՝ Ս. Սարգսյանի հանձնարարականով, այլ՝ օրենքի պահանջով դատավորները «պատասխանատվության անխուսափելիությունը պետք է ապահովեն միասնական և ոչ խտրական չափանիշներով»: Նույնը վերաբերում է նաև «համակարգում չպետք է լինեն արտոնյալներ» արտահայտությանը: Ի՞նչ է` եթե Ս. Սարգսյանը չխոսեր այդ մասին, համակարգում արտոնյալնե՞ր պետք է լինեին: Կամ` այսօ՞ր է եկել «կոնկրետ քայլեր, գործողություններ կատարելու ժամանակը», նախկինում կարելի՞ էր անորոշ գործողություններ կատարել:
Խնդիրն, իհարկե, Ս. Սարգսյանի հայտարարություններում ձևակերպումների թերություններ գտնելը չէ, դրանով թող զբաղվեն նրա համար ելույթներ գրողները: Խնդիրն այն է, որ, այսպիսով, մի կողմից՝ փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, որ Ս. Սարգսյանն անձնական վերահսկողության տակ է առնում քաղաքացիների շրջանում ամենակոռումպացված համարումն ունեցող դատական համակարգը և իր անձնական հետևողականության ու խստության շնորհիվ՝ փորձում է վերացնել դրա արատները: Թե որքանով են նման «հնարքներն» ազդում հասարակության տրամադրությունների վրա, թող հաշվարկեն զանազան մոնիտորինգներ, հաշվարկներ ու գնահատումներ անող համապատասխան մասնագետները, կամ իրենց այդպես ներկայացնողները, որոնք, ի դեպ, քիչ չեն Ս. Սարգսյանի շրջապատում: Խնդիրն այն է, սակայն, որ ընդամենը քարոզչական էֆեկտ ապահովելուն ուղղված նման միջոցառումներն էլ ավելի են վարկաբեկում Հայաստանում առանց այդ էլ հեղինակազրկված օրենքի, օրինականության, արդարադատության ինստիտուտը: Ստացվում է, որ դատավորներն ու այդ համակարգի մյուս ներկայացուցիչներն այսուհետ պետք է ավելի արդար ու ազնի՞վ աշխատեն, քանի որ այդպես է կամենում Ս. Սարգսյանը, ով այդպիսով իրեն վեր է դասում օրենքից: Նույն տրամաբանությամբ, ստացվում է նաև, որ, եթե պետք լինի, Ս. Սարգսյանի հրահանգով դատավորներն ու դատաիրավական համակարգի ներկայացուցիչները կարող են, ասենք, «պատասխանատվության անխուսափելիությունն ապահովել» խտրական չափանիշներով, կամ համակարգում թույլ տալ արտոնյալների գոյությունը:
Մի խոսքով, այդ  միջոցառումը, քարոզչությունից բացի, իրականում որևէ այլ իմաստ չուներ, և հազիվ թե որևէ դատավոր Ս. Սարգսյանի` խիստ տոնով արված հայտարարությունների մեջ իր հասցեին ու պաշտոնին ուղղված սպառնալիք տեսավ: Դրա մասին է վկայում Ս. Սարգսյանի հետևյալ հայտարարությունը: «Բայց նաև հարկ եմ համարում հիշեցնել, որ մենք չպետք է «վհուկների որս» սկսենք համակարգում: Խոսքը համակարգային փոփոխությունների, ամենօրյա աշխատանքի մասին է»: Այլ կերպ ասած, Ս. Սարգսյանը դատավորներին ու համակարգի մյուս պաշտոնյաներին հասկացրեց. «սա ընդամենը քարոզչություն է և ուղղված չէ ձեր դեմ, հանգիստ շարունակեք աշխատել, մեկ-մեկ էլ ձևի համար կարգապահական տույժեր կստանաք»:
Իրականում դատավորների կարգապահության ապահովման, արդար ու թափանցիկ գործունեությունն ապահովելու բոլոր գործիքներն ամրագրված են օրենսդրությամբ, և դրա համար նախագահի «հատուկ վերաբերմունք» անհրաժեշտ չէ: Բայց այդ գործիքների կիրառման համար անհրաժեշտ է դատական համակարգի իրական անկախություն, որը Հայաստանում գոյություն չունի: Նույն հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը պարզորոշ կերպով ևս մեկ անգամ հաստատել է դա. «Մենք նույնպես քաջ գիտակցում ենք այդ (դատական համակարգի.- Ռ.Տ.-Ս.) անկախության արժեքը, սակայն պետք է հասկանանք նաև, որ բացարձակ անկախություն լինել չի կարող, հակառակ պարագայում՝ մենք մեր ձեռքով ուղղակի կստեղծենք անպատժելիության մթնոլորտ»: Իրականում դատավորները պետք է բացարձակ կախվածություն ունենան Սահմանադրությունից և օրենքներից և բացարձակ անկախ կլինեն իշխանության մյուս թևերից, այդ թվում՝ նախագահից: Հայաստանում, սակայն, ճիշտ հակառակն է. դատավորները բացարձակ կախվածության մեջ են գործադիր իշխանությունից, ինչը նրանց հնարավորություն է տալիս բացարձակ անկախություն ունենալ Սահմանադրությունից, օրենքներից և ՀՀ քաղաքացուց:

 

Տեսանյութեր

Լրահոս