Բժիշկ. «Ողնաշարային հիվանդությունների լուրջ աճ ՀՀ-ում կարելի է գրանցել, եթե գրանտ շահելու հույս ունես»

«Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդ Արա Անթառանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ինքը ողնաշարային հիվանդությունների թվի աճ Հայաստանում չի նկատում. «Չէի ասի, որ ողնաշարային հիվանդությունների աճ եմ նկատում,  պարզապես նկատում եմ աճ բազմաթիվ բնույթի ու ծագման «բժշկական կենտրոնների», որտեղ չափից դուրս շատ շահարկվում են ողնաշարի հիվանդությունները: Ողնաշարային հիվանդությունների լուրջ աճ Հայաստանում կարելի է գրանցել, եթե գրանտ շահելու հույս ունես»:

Դեռահասների շրջանում, ըստ Արա Անթառանյանի, հիմնական ողնաշարային խնդիրները սկոլիոզ-կիֆոզ հիվանդություններն են: Այս հիվանդության առաջացման տարբեր վարկածներ կան, որոնք դեռևս ապացուցված չեն:

«Վարկածներից մեկի համաձայն` հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են աճի դիսբալանսի ողերի մակարդակով: Ապացուցված է, որ նստելու ձևից, պայուսակ կրելուց, քնելու տեղից որևէ կերպ հիվանդությունը ձեռք բերել հնարավոր չէ: Ֆիզիկական ակտիվությունը չի հանգեցնում հիվանդության կանխարգելմանը»,- վստահեցնում է նա:

Օրթոպեդ Արա Անթառանյանի խոսքով` 40 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ գերակայում է ստորին գոտկային շրջանի ցավային համախտանիշը: Նա նաև ասում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ մասնագետներ և տեխնիկա`ողնաշարային հիվանդությունների ճիշտ ախտորոշումն ու բուժումը կազմակերպելու համար:

Կարդացեք նաև

«Միայն թե անհրաժեշտ է ընտրել ոչ թե ավելի շատ գովազդված մասնագետներին ու բժշկական կենտրոններ, այլ հարցնել շրջապատի մարդկանց, փորձել հասկանալ՝ ո՞ւմ կարելի է դիմել»,- հորդորում է բժիշկը:

Հանրապետական վերականգնողական կենտրոնի բուժական կորպուսի վարիչ Աղավնի Զարաֆյանի կարծիքով էլ`հասունացման շրջանում ֆիզկուլտուրայով, լողով չզբաղվելը կարող է  նպաստել ողնաշարային հիվանդությունների առաջացմանը: Ըստ նրա`ողնաշարային հիվանդությունների առաջացումը սրանցից միայն մեկով պայմանավորված լինել չի կարող. նշված երևույթները կարող են միայն նպաստել դրանց առաջացմանը:

Ըստ Աղավնի Զարաֆյանի՝ ողնաշարային հիվանդությունների զարգացմանը կարող է  նպաստել սնունդի մեջ կալցիումի պակասը. «Հասունացման շրջանում սնունդի մեջ կալցիումի նորմայի բացակայության դեպքում կարող են առաջանալ ողնաշարային հիվանդություններ»:

Աղավնի Զարաֆյանը նշում է, որ ողնաշարային հիվանդությունների ծանր դեպքերը հետագայում առողջական այլ խնդիրների պատճառ կարող են դառնալ. «Ծանր աստիճանի ողնաշարային հիվանդություններն ազդում են շնչառական համակարգի, սրտի աշխատանքի վրա»:

Ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար Աղավնի Զարաֆյանը դեռահասներին  խորհուրդ է տալիս զբաղվել սպորտով և ընդունել կալցիումով հարուստ սնունդ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս