Օլանդը հերքում է… դասագրքերում Ցեղասպանության մասին ինքը չի գրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե ինքը տեղյակ չէ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառող փոփոխությունների մասին:
Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում Ֆրանսուա Օլանդը նշել է, որ որոշման հեղինակն ինքը չէ, սակայն խոստացել է ճշտել և տեղեկացնել ավելի ուշ:
Hurriyet-ի թղթակիցը նշում է, որ Օլանդը զարմացած տեսքով նշել է, որ անգամ տեղյակ չէ դասագրքերում տեղ գտած նման փոփոխությունից: Հարցին, թե նախաձեռնության հեղինակն ինքը չէ՞, Օլանդը պատասխանել է. «Ո’չ, կտրականապես ոչ: Ես նման հանձնարարական չեմ տվել: Գրքերում առկա փոփոխությունները համապատասխան հանձնաժողովի կողմից են իրականացվում»:
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ո՞վ է եղել նախաձեռնողը, Օլանդը խոստացել է ճշտել և տեղեկացնել ավելի ուշ:
Հարցազրույցը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում կազմակերպված նախագահի և շուրջ 200 դեսպանների հավաքի ընթացքում: Օլանդը նշել է, որ հավաքի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը` մասնավորեցնելով հարաբերությունները ԵՄ-ի, Ամերիկայի, Աֆրիկայի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի հետ: