ՏԻՄ ընտրությունները «մեծ պիցցայի» բաժանման մի մասն են. Ա. Ադիբեկյան
«ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրվածությունը հասարակության կողմից քիչ է: Բայց կարող եմ ասել, որ ՏԻՄ-երը մեծ համայնքներում բնակիչների կողմից ավելի ցածր ակտիվությամբ են դրսևորվում, քան փոքր համայնքներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս իր կարծիքը հիմնավորում է կենտրոնի կողմից տարբեր տարիներին կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որոնց, փոքր համայնքներում միշտ մասնակցության ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան մեծ համայնքներում: Ահարոն Ադիբեկյանը սա պայմանավորում է նրանով, որ մեծ համայնքներում խնդիրներն ավելի շատ են ու մեծ` ի տարբերություն փոքրաթիվ համայնքների: «Մեծ քաղաքը մեծ խնդիր է. կան հաշմանդամներ, հիվանդներ, մարդիկ վեճեր են ունենում իրար հետ: Իսկ փոքրերը ընտանեկան միջավայրով են օժտված. պատկերացրեք, որ տասնմեկ ձայն հավաքես ու դառնաս համայնքի ղեկավար»,- ասում է Ա. Ադիբեկյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան ՏԻՄ ընտրություններից, ի՞նչ փոփոխությունների կհանգեցնեն դրանք՝ հաշվի առնելով, որ առջևում նախագահական ընտրություններն են, Ա. Ադիբեկյանը պատասխանեց, որ եթե ՀՀԿ-ն կարողանա վերահաստատել իր դիրքը, սպասվող նախագահական ընտրություններում հնարավորություն կունենան առավելագույն ձայները հավաքել: «Բայց նշեմ, որ միայն ՏԻՄ-ում հաղթանակ տանելը բավարար պայման չէ՝ նախագահականին առաջատարը լինելու համար: Նախագահ ընտրում են՝ այլ, իսկ ՏԻՄ ղեկավար՝ այլ նկատառումներով: ՏԻՄ-ը, պարզապես, լուրջ հենք է, ցանկալի պայման նախագահականի համար»,- նշեց սոցիոլոգը: Նա հարկ համարեց հիշեցնել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն՝ իրենց ձայների 20 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն՝ 60 տոկոսը ստացել են հենց մարզերից: ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվ մասնակցությանն անդրադառնալով՝ Ադիբեկյանը նկատեց, որ պատճառը ֆինանսական, մարդկային, կազմակերպչական ռեսուրսների պակասությունն է. «Օրինակ, ՕԵԿ-ը հիմա սկսել է հասկանալ, որ եթե չմասնակցի տեղական իշխանությունների ձևավորմանը, այն մեծ պիցցայի բաժանմանը, որը կոչվում է խորհրդարան կամ նախագահի պաշտոն, իրեն բան չի հասնի: Իսկ մյուս կուսակցությունները արկածախնդիր են, պարտվելուց հետո էլ սկսում են արդարանալ: Չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ չկա համայնք, որտեղ մասնակցող կուսակցությունները ձայն չհավաքեն»: