Սկզբունքներից պետք չէ շեղվել. այդպես դու քեզ ավելի ուժեղ ես զգում
Օրերս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 1-ամյակը: Կենտրոնում այժմ սովորում է 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանի: Օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը: Մենք զրուցեցինք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ` կենտրոնի մեկ տարվա ձեռքբերումների, իրականացվող և առաջիկա ծրագրերի մասին:
– Տիկին Մարի Լու, խնդրում ենք պատմել այս մեկ տարվա ձեռքբերումների և հաջողությունների մասին:
– Շատ արագ անցավ մեկ տարին, շատ արագ: Շատ հետաքրքիր տարի էր, մենք փորձարկում էինք մեր կրթական ծրագրերը, իսկ երեխաները պատրաստ էին վերցնել այն ամբողջ գիտելիքների պաշարը, որը մատուցում էինք նրանց: Մենք հայտնաբերեցինք, որ պատանիների մոտ ակնհայտ էր գիտելիքի ծարավը, կրթվելու ցանկությունն ու ձգտումը: Նրանք ցանկություն ունեին և պատրաստ էին զարգացնել իրենց գիտելիքները, իսկ մեր կրթական մեթոդն էլ հիմնված է ինքնակրթության վրա: «Թումոյում» նրանք, նախևառաջ, ձեռք են բերում ընդհանուր գիտելիքներ` հաղորդակցման հմտություններ, անգլերենի իմացություն, աշխատաոճ, թիմային աշխատանք, այստեղ անգամ բիզնես պլան գրելու կամ պարզապես էլ. փոստից օգտվելու հմտություն ենք սովորեցնում: Երեխաներն այդ ամենի վրա սկզբում զարմանում էին և անընդհատ հարցնում էին, թե ե՞րբ են, օրինակ, ծրագրավորում կամ մեկ այլ ծրագիր սովորելու: Մենք պատասխանում էինք, որ միայն մի ծրագիր իմանալը բավարար չէ, նախևառաջ պետք է ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել, որից հետո իրենք արդեն կարող են ծրագրերը սովորել: Մեր հիմնական նպատակը հիմնավոր գիտելիքների ապահովումն է: Սկզբում բոլոր երեխաները, նույնիսկ նրանց ծնողները կարևորում էին ստացած միավորները կամ գնահատականները, իսկ մենք փորձում էինք նրանց հասկացնել, որ կարևորը ստացած գիտելիքն է, ոչ թե միավորը: Եվ կարևոր չէ, թե ով է առաջինը և ով` երկրորդը: Դա մրցույթ չէ: Ծնողներն էլ սկզբում իրենց երեխաների նման էին մտածում, բայց հիմա արդեն հասկանում են, որ կարևորը հիմնավոր գիտելիքի ձեռքբերումն է: Մենք աշխատում ենք տեսադասերով: Տեսադասերը հնարավորություն են տալիս երեխաներին ինքնուրույն սովորելու, դադար տալու և կրկին վերադառնալու, եթե չեն հասկացել նյութը: Տարբեր ուղղություններով` պրոֆեսիոնալների գտնելը դժվար է, «Թումոյում» վիդեոկոնֆերանսների միջոցով մենք աշխարհի ցանկացած վայրից կարող ենք կապ հաստատել մեդիա ոլորտի մասնագետների հետ: Մեր օրերում արդեն կարևոր չէ, թե դու ֆիզիկապես որտեղ ես գտնվում, տեխնոլոգիաների բերած հնարավորությունները անսահմանափակ հնարավորություններ են տալիս: Այսօր աշխարհում այլևս սահմաններ չկան, և եթե իսկապես ուզում ես և ձգտում ես սովորել, ապա ամեն ինչ քեզանից է կախված: Հայ պատանիների մեջ կա այդ ցանկությունը, նույնիսկ արտասահմանյան մեր մասնագետները տպավորված են, թե հայ պատանիները որքան մեծ ցանկություն ունեն սովորելու և որքան լուրջ են մոտենում կրթությանը: Օրինակ` Ամերիկայում տեխնոլոգիաների և կրթվելու հնարավորություններն այնքան բազմազան են, որ երեխաներն անգամ ծուլանում են, իսկ Հայաստանի երեխաները այդպես չեն: Իսկ եթե նույնիսկ ծուլանում են` չենք թողնում (ծիծաղում է.- Լ.Մ.):
– «Թումոյում» սովորում է շուրջ 6000 պատանի: Սոցիալապես անապահով կամ մանկատներում ապրող երեխաների համար հատուկ ծրագիր ունեք:
– Այո, ունենք: Կենտրոնում սովորելու համար սկզբում որպես դեպոզիտ` վճարում են 10 հազար դրամ, որը, սակայն, ուսման ավարտին ետ է վերադարձվում: Կան մասնավոր կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցել սոցիալապես անապահով երեխաներին և երեխաների համար վճարում են այդ գումարը: Իսկ նպաստառու լինելու փաստն անապահով ընտանիքներին ազատում է դեպոզիտի գումարը վճարելուց: Այսինքն` որևէ սահմանափակում չկա: «Թումո» գալիս են բոլորը, մեզ մոտ հաճախում են նաև հատուկ կարիքներով երեխաներ` աուտիզմով, հաշմանդամ, խուլ և համր երեխաներ: Օրինակ, մի երեխա ունենք, ով գալիս է «Թումո» մոր հետ, մայրը նստում է կողքին: Եթե հայտնաբերում ենք, որ երեխան որևիցե ֆիզիկական դժվարություն ունի, մենք մեկ կամ երկու ուսուցիչ ենք կցում, որպեսզի նրա նկատմամբ հատուկ մոտեցում ցուցաբերվի, ուշադիր լինեն: Նա բոլորի հետ միասին է նստում, պարզապես նրա հանդեպ ավելի ուշադիր են ուսուցիչները: «Թումոյում» բոլոր երեխաները հավասար են և նստում են կողք կողքի: Սկզբում մենք մտավախություն ունեինք, որ գուցե երեխաները ջարդեին-փշրեին այստեղ ամեն բան, սակայն այդպիսի բան չկա: Նման բան գրեթե չի պատահել, իսկ ամենավատը, որ մինչ օրս պատահել է` մի անգամ ծամոն են սեղանի տակ փակցրել: Երեխաներն այստեղ շատ հարգանքով են վարվում իրերի հետ, կարծես մթնոլորտը և տեղը հարգանք են պարտադրում, և թելադրում են նրանց, որ խնամքով վարվեն իրենց շրջապատող գույքի նկատմամբ: Մենք անընդհատ ասում ենք նրանց, որ այս ամենը ձեզ համար է և ձեր ապագայի համար է:
– Ի՞նչն է Ձեր հաջողության գաղտնիքը: Երբ նոր էր կենտրոնը ստեղծվում, շատերը կասկածանքով ասում էին` լավ ծրագիր է, բայց երկար չի դիմանա:
– Միշտ է այդպես, չէ՞, կասկածամտությամբ են վերաբերվում նոր գաղափարներին:
– Ավելի ճիշտ` կարծում էին, որ կարճ ժամանակ անց հիմնադիրները կհիասթափվեն և կգնան Հայաստանից:
– Բայց ինչո՞ւ: Ես, 7 տարի է, աշխատում եմ Հայաստանում, և, թերևս, իմ բնավորությունն է այսպիսին` երբեք չեմ հուսահատվում, չեմ նեղվում: Սկզբունքային եմ, երբեմն ինքս ինձ ասում եմ` «պիտի դիմանամ», ու, հավատա, ամեն մի փոքրիկ հաղթանակ ամեն անգամ հույս և ուժ է տալիս: Երբ մի բան ստացվում է` հասկանում ես, որ դա հնարավոր է անել: Գուցե մոտեցման հարց է, չգիտեմ, սակայն պետք չէ հոռետեսորեն մոտենալ հարցին` որ ամեն ինչ վատ է և ամեն ինչ անհույս է: Ընդհակառակը, երբ որ հույսով ես մոտենում խնդրին և ցանկանում ես լավագույնն անել, ամեն ինչ ստացվում է: Այնպես, ինչպես մայրն է մոտենում իր երեխային և ցանկանում է նրան լավագույնը, ու փորձում է` առանց հուսահատվելու, ամեն անգամ ուժ հավաքելով` որևէ լավ բան անել: Նույնն էլ այս դեպքում է. միշտ հարցնում են` ինչո՞ւ եք անում: Չգիտեմ, մեր հայրենիքն է, ուզում ենք լավագույնը լինի, ոնց որ մայրն է լավագույնը ցանկանում իր զավակի համար: Չէ՞ որ բոլորիս հայրենիքն է, և բոլորն էլ մեր երեխաներն են:
– Այսինքն` այնպես չէ, որ դժվարությունների չեք հանդիպում:
– Այնպես չէ, որ դժվարություններ չկան, բայց դժվարություններից կամաց-կամաց ուժեղանում ես և արդեն սովորում ես դրանց: Սկզբում բավական շատ խնդիրներ ենք ունեցել, բայց միշտ փորձել ենք դրանց լուծում տալ օրենքի սահմաններում: Ես սկզբունքային եմ, սկզբունքից պետք չէ շեղվել, երբեք բացառություն չպետք է անես: Նույնը «Թումոյում» է, շատ է պատահել, որ ծանոթներիս զավակները` 12 տարեկանից ցածր, ցանկացել են հաճախել «Թումո», կամ մարդկանց երեխաներ, ովքեր որևէ լավ բան են արել «Թումոյի» համար: Գիտեմ, սակայն, եթե մի անգամ խախտեմ մեր սկզբունքը, վերջ, արդեն միշտ կխախտեմ: Երբ որևէ դեպքում և որևէ մեկի համար չես խախտում սկզբունքդ` դու էլ ես ուժեղանում:
– Եվ վերջում խոսենք «Թումոյի» առաջիկա ծրագրերի մասին:
– Առաջիկայում հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնելու, որոնց արդյունքում պատանիները կաշխատեն իրական նախագծերի վրա, ինչպես, օրինակ, Սերժ Թանկյանի տեսահոլովակի ստեղծման նախագիծն էր: (Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց հանրահայտ հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանի «Uneducated Democracy» («Անգրագետ ժողովրդավարություն») նոր երգի տեսահոլովակը: Հոլովակի պատրաստման աշխատանքներում ընդգրկված էին «Թումոյի» 14-18 տարեկան մի խումբ սաներ.- Լ.Մ.): Մեր սաներն արդեն գրեթե ավարտին են հասցրել նաև հայազգի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի համար արված անիմացիոն նախագիծը: Այն շուտով պետք է ներկայացնենք նրան:
Նաև կփորձենք «Թումոյի» սաների աշխատանքները ներկայացնել համաշխարհային մրցույթներին: Մեզ համար կարևոր է մեր սաների ապագան, այժմ գալիս են և սովորում են այստեղ, բայց մեր նպատակն է, որպեսզի կարողանանք նրանց աջակցել նաև հետագայում: Մեր կենտրոնի հարկերից մեկը տրամադրելու ենք ապագա նորաստեղծ ընկերություններին: Եվ մեր պատանիներին, ովքեր հետաքրքիր գաղափարներ կունենան, մենք կքաջալերենք, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց բիզնես նախագծերը, այսպիսով` նորաստեղծ ընկերություններին հնարավորություններ տալով հզորանալու շուկայում: