Հենրի Դևիդ Թորո Ուոլդենը կամ կյանքն անտառում (Գրքից)
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե նրանք ավելի մանրակրկիտ իրենց զբաղմունք ընտրեին, բոլոր մարդիկ, հավանաբար, կդառնային ամենից առաջ հետազոտողներ և զննողներ, չէ՞ որ բոլորին հետաքրքիր է ըմբռնել մեր բնույթն ու նշանակությունը: Կուտակելով ունեցվածք մեր և հետնորդների համար, հիմնելով ընտանիք կամ պետություն և նույնիսկ ձգտելով փառքի, մենք մնում ենք մահկանացու, բայց դիմելով ճշմարտությանը, մենք դառնում ենք անմահ և կարող ենք չսարսել փոփոխություններից և պատահականություններից: Հին Եգիպտոսի կամ Հնդկաստանի փիլիսոփան մի ժամանակ բարձրացրել էր այն քողի եզրը, որ թաքցնում էր աստվածության արձանը, այդ քողը տարուբերվում է և մնացել է փոքր-ինչ վեր բարձրացած, և իմ հայացքին պատկերանում է նույն հրաշքը, որ տեսել էր նա, քանզի ես ապրում էի նրանում, երբ նա խիզախում էր, իսկ նա հիմա ապրում է իմ մեջ և կրկին հայում է միևնույն հրաշագեղ տեսիլքը: Դարերի փոշին չի նստել այդ քողի վրա, ժամանակը մեզ չի հեռացրել այն աստվածային հայտնությունից: Ճշմարիտ իրագործումների ժամանակը չի վերաբերում ո՛չ անցյալին, ո՛չ ներկային, ո՛չ ապագային:
Իմ առանձնությունն ամենայն համալսարանից առավել նպաստում էր ոչ միայն խորհրդածություններին, այլ նաև լուրջ ընթերցանությանը, և թեպետ սովորական գրադարանն ինձ անհասանելի էր, ես, ինչպես երբեք նախկինում, զգացի տիեզերքը տակնուվրա արած գրքերի ողջ աշխարհը, որոնց բառերը նախապես գրվել էին ծառի կեղևի վրա, իսկ այժմ լոկ ժամանակ առ ժամանակ արտագրվում են քաթանե թղթի վրա: Ինչպես ասում է բանաստեղծ Միր Քամար Ուդին Մասթը. «Քննել հոգևոր աշխարհի բոլոր բնագավառները, տեղից չշարժվելով, դա ինձ տրվել էր գրքերի միջոցով: Արբել մի բաժակ գինուց` այդ բերկրանքը ես ճաշակեցի, երբ համտեսեցի էզոտերիկ ուսմունքների ըմպելիքը»: Ողջ ամառ ես սեղանիս վրա էի պահում Հոմերոսի «Իլիականը», թեև հաճախ չէի այն աչքի անցկացնում: Անդադար ֆիզիկական աշխատանքը, հարկ էր ավարտել տան կառուցումը և միաժամանակ բուկլից անել լոբահատերը, սկզբում այդ ամենը քիչ ժամանակ էր թողնում զբաղմունքների համար: Սակայն ես ինքս ինձ ընթերցանություն խոստացա ապագայում: Աշխատանքային ընդմիջումներին ես մի երկու ճամփորդական ակնարկների գրքեր կարդացի, մինչև որ ամաչեցի այդպիսի ժամանցից և ինքս ինձ հարցրի, իսկ որտեղ եմ ես ապրում:
Գիտնականը կարող է Հոմերոս կամ Էսքիլես կարդալ հունաց լեզվով, չերկնչելով շվայտ պարապության կշտամբանքից, քանզի ընթերցելով` նա ասես թե ընդօրինակում է նրանց հերոսներին և դրանց էջերին է ընծայում առավոտյան ժամերը: Այդ հերոսական գրքերի լեզուն, նույնիսկ թարգմանաբար մեր լեզվով հրատարակած, միշտ մեր ժամանակների համար կլինի մեռյալ լեզու, և մենք ստիպված ենք ջանադրաբար գուշակելու յուրաքանչյուր բառն ու տողը, դրանց մեջ ավելի ընդգրկուն իմաստ ներդնելով, քան համատարած ընդունվածը, և դիմելով դրա համար ողջ իմաստությանը, խիզախությանն ու մեծահոգությանը, որոնք ունենք և մենք: Ժամանակակից էժան և արդյունավետ տպագրությունը, իր ողջ թարգմանական հրապարակումներով, մեզ քիչ է մոտեցրել հնության հերոսական բանաստեղծներին: Նրանք և նրանց լեզուն դեռևս կեցած են առանձին, որպես ինչ-որ հազվագյուտ մի բան: Ուրեմն մի ափսոսեք ջահելության օրերն ու թանկարժեք ժամերն այն բանի համար, որպեսզի հնամենի լեզվի թեկուզ և մի քանի բառ սովորեք, որոնք բարձր են կենում փողոցի առօրյա ճղճիմությունից և ծառայում են մեզ` որպես հիշեցում և խթան: Զուր չէ, որ ֆերմերը մտապահում և կրկնում է իր լսած լատիներեն բառերը: Երբեմն ասում են, որ հին դասականների ուսումնասիրությունը ի վերջո իր տեղը կզիջի առավել ժամանակակից և գործնականորեն անհրաժեշտ առարկաներին, բայց հարցախույզ միտքը մշտապես կդիմի դասականներին, որ լեզվով էլ ուզում է նրանք գրելիս լինեն և որքան էլ նրանք հնամենի լինեն: Քանզի ի՞նչ են դասականները, եթե ոչ` վսեմագույն մարդկային մտքերի գրառումները: Դրանք միակ պահպանված գուշակներն են, և նրանք ունեն ժամանակակից հարցերի այնպիսի պատասխաններ, որոնք երբեք չեն տվել ոչ Դելփիքը, ոչ Դոդոնան: Դա միևնույն է, որ հրաժարվես բնությունն ուսումնասիրելուց, այն բանի համար, որ այն հինավուրց է: Լավ ընթերցանությունը, այսինքն` իսկապես լավ գրքերի ընթերցումը ճիշտ հոգեվիճակում` վսեմ գործ է, որ մարդուց շատ ավելի ճիգեր է պահանջում, քան ցանկացած ընդունված զբաղմունքներից որևէ մեկը: Դրա համար նույնպիսի նախապատրաստվածություն է հարկավոր, որն անցնում էին ամբողջովին իրենց նպատակին նվիրաբերված մարմնամարզիկները: Գրքերը հարկ է ընթերցել նույնքան կենտրոնացած և անշտապ, ինչպես դրանք գրվել են: Այն լեզվով խոսելու ունակությունը, որով դրանք գրվել են, դևես բավարար չէ, քանզի բանավոր և գրավոր խոսքի միջև, լեզվի, որը մենք լսում ենք, և լեզվի, որով մենք կարդում ենք` քիչ տարածություն չէ: Առաջինը վաղանցուկ է, դա` հնչյունն է, խոսքը, խոսակցությունը, ինչ-որ կենդանական մի բան, ինչը որ մենք անգիտակցաբար, ինչպես կենդանիները, սովորում ենք մայրերից: Երկրորդը մարմնավորում է առաջինի հասունությունն ու փորձը, եթե առաջինը` մեր մայրերի լեզուն է, ապա երկրորդը` հայրերի լեզուն, մանրակրկիտ ընտրված արտահայտչամիջոցները, չափազանց նշանակալից, որպեսզի պարզապես հընթացս որսաս, դրան տիրապետելու համար հարկ է կրկին ծնվել: Միջնադարում ամբոխները, որոնք կարողանում էին լոկ հունարեն և լատիներեն խոսել, չէին, կարող, ծնունդի պատահականությամբ, կարդալ այդ լեզուներով գրված հանճարեղ ստեղծագործությունները, քանզի դա այն հունարենն ու լատիներենը չէր, որոնք նրանք գիտեին, այլ գրականության նրբահյուս լեզուն` Հունաստանի և Հռոմի այդ վսեմագույն լեզուն նրանց անծանոթ էր, հենց ձեռագրերը նրանց համար անպետք աղբ էր, և նրանք դրանց գերադասում էին ժամանակակից գրականությունը, բայց, երբ Եվրոպայի ժողովուրդների մեջ հայտնվեց իր, թող և դեռևս կոպիտ գրչությունը, որը բավարարում էր նրանց զարգացող գրականությունների պահանջմունքները, այնժամ վերածնվեց և գիտունությունը, և դարերի խորքից գիտնականների համար տեսանելի դարձան հինավուրց մշակույթի գանձերը: Այն, ինչ չէր կարող լսել Հռոմի և Հունաստանի փողոցային ամբոխը, դարեր անց կարողացան ընթերցել մի քանի գիտնականներ, և մինչև այսօր միայն գիտնականներն էլ ընթերցում են դա:
Որքան էլ մեզ երբեմն հիացնեն հռետորական պերճախոսության թռիչքները, գրականության վսեմագույն հուշարձանները սովորաբար հառնում են մեր վաղանցուկ բանավոր խոսքի վրա, ինչպես աստղալից երկինքն` ամպերի վրա: Ահա թե որտեղ են շողշողում աստղերը, և ուր նրանցով կարող են կարդալ բանիմացները: Աստղագետները մշտապես դրանք ուսումնասիրում և նկարագրում են: Դրանք գոլորշիացումներ չեն, հարանման մեր առօրյա զրույցներին, որոնք հօդս են ցնդում մեր շնչառության հետ: Այն, ինչ հրապարակում պերճախոսություն է համարվում, գրասենյակում սովորաբար սոսկ հռետորություն է դուրս գալիս: Հռետորը տրվում է րոպեական ներշնչանքին պատահական առիթով և խոսում է ամբոխի հետ, նրանց հետ, ով իրեն լսում է, գրողը, ով ապրում է ավելի համաչափ կյանքով, և ում միայն կշեղեին հռետորին ոգևորող իրադարձություններն ու ամբոխը, դիմում է մարդկության մտքին ու սրտին, բոլոր դարերի բոլոր մարդկանց, որ ունակ են իրեն հասկանալու:
Զարմանալի չէ, որ Ալեքսանդրն իր հետ թանկարժեք տուփով արշավների էր տանում «Իլիականը»: Գրված խոսքը` սրբություններից ամենաթանկարժեքն է: Արվեստի բոլոր ստեղծագործություններից դա և ամենամոտն է մեզ, և ամենամարդկայինը: Այն ամենից մոտն է կյանքին: Այն կարելի է թարգմանել ցանկացած լեզվի և ոչ միայն ընթերցել, այլ նաև լսել մարդկային շուրթերից, ոչ միայն ներկայացնել կտավի վրա կամ մարմարում, այլ նաև քանդակել կենաց կենդանի շնչառությունից: Հնամենի մարդու միտքը դրոշմող նշանները վերարտադրվում են ժամանակակից մարդու կենդանի խոսքում: Երկու հազարամյակ գունազարդել են հունական գրականության հուշարձանները, ինչպես նաև նրա մարմարյա քանդակները աշնան հասուն ոսկե տոնայնություններով, և ամենուր նրանք իրենց հետ կրում են աստվածային անվրդովությունը, որը նրանց պաշտպանում է դարերի ամենակուլ ժանգից: Գրքերը` դա աշխարհի գանձարանն է, սերունդների և ազգերի ժառանգական ստացվածքը: Դրանցից ամենահնագույններն ու լավագույններն իրենց տեղն են գրավում ցանկացած խրճիթում: Նրանք իրենց իրավունքները պաշտպանելու կարիք չունեն, լուսավորելով և սնելով կարդացողի միտքը, նրանք ձեռք են բերում նրա հարգանքը: Դրանց հեղինակները կազմում են ցանկացած հասարակության բնական և անհողդողդ ազնվականությունը և իշխում են մարդկության վրա առավել, քան արքաներն ու կայսրերը: Երբ գիտունությունը քամահրող տհաս առևտրականը իր ձեռներեցությամբ ու անխոնջությամբ ապահովում է իր անկախությունն ու հանգիստը և մուտք է ստանում առ հարուստների հասարակություն, նա անխուսափելիորեն տեսնում է ինտելեկտի և տաղանդի ավելի բարձր և իրեն դեռ անհասանելի բնագավառները, գիտակցում է իր կրթության անբավությունը, իր հարստությունների ունայնությունն ու չնչինությունը և ճշմարիտ ողջախոհություն է դրսևորում, երբ ողջ ուժով ջանում է իր երեխաներին ապահովել հոգևոր մշակույթը, որի անբավությունը նա այնքան սուր է զգում, այսպիսով նա դառնում է ընտանիքի հիմնադիր:
Նրանք, ովքեր չեն սովորել դասականներին կարդալ բնագրով, լոկ շատ անկատար իմացության տեր են մարդկության պատմության մեջ, քանզի դրանց իսկական թարգմանությունը դեռևս չի իրականացել ժամանակակից լեզուներից և ոչ մեկով, եթե, իհարկե, այդպիսի թարգմանություն չհամարենք հենց մեր քաղաքակրթությունը:
Անգլերեն դեռևս չկա իսկական Հոմերոս կամ Էսքիլես, կամ նույնիսկ Վերգիլիոս` նրբագեղ, հարատև և հիասքանչ ստեղծագործություններ, համարյա` ինչպես հենց լուսաբացը, ավելի ուշ շրջանի գրողները, ինչ էլ որ ասես նրանց տաղանդի մասին, հազվադեպ կամ համարյա երբեք չէին հասնում հների կատարյալ գեղեցկությանն ու ավարտունությանը և չէին կարող համեմատվել նրանց հետ հերոսական ստեղծագործական աշխատանքում: Միայն նրանք, ովքեր նրանց չգիտեն, կարող են պնդել, որ նրանց մոռացություն է սպասում: Մինչ նրանց մոռանալը, հարկ է հասնել այն գիտելիքներին և հանճարեղությանը, որոնք նրանց ուսումնասիրելու և գնահատելու հնարավորություն կտային: Փառավոր կլինի այն դարը, երբ թանկարժեք մասունքները, որոնց դասականներ են անվանում, և ավելի հները և առավել քան դասականները, բոլոր ժողովուրդների ավելի քիչ հայտնի սրբազան գրքերը ավելի շատ կգտնվեն, երբ բազմաթիվ վատիկանյան գրադարանները կլցվեն վեդաներով, զենդավեստաներով և ավետարաններով, Հոմերոսի, Դանթեի և Շեքսպիրի ստեղծագործություններով, և բոլոր գալիք դարերը հերթով կթողնեն իրենց հաղթանշաններն այս համաշխարհային հրապարակում: Ահա թե ինչից կարելի է հուսալ կառուցել աշտարակ, որպեսզի հասնես երկնքին:
Մեծ բանաստեղծների ստեղծագործությունները դեռևս մարդկությունը չի ընթերցել, քանզի կարդալ կարողանում են միայն մեծ բանաստեղծները: Իսկ զանգվածները դրանք կարդում են այնպես, ինչպես կարդում են աստղերով, լավագույն դեպքում, ինչպես աստղագետներ, բայց ոչ` աստղաբաշխներ: Մարդկանց մեծամասնությունը սովորում է կարդալ հարմարավետության համար, ինչպես սովորում են հաշվել ծախսերի գրանցման համար, որպեսզի իրենց չխաբեն: Սակայն ընթերցանության մասին` որպես վսեմ հոգևոր վարժանք, նրանք համարյա գաղափար չունեն, այնինչ միայն դա է ընթերցանությունը բառիս վեմագույն իմաստով, ոչ թե այն, որ քաղցր օրորում է մեզ, քնեցնելով բարձր զգացմունքները, այլ այն, ինչին հարկ է լինում ձգվել ոտնամատների վրա, ինչին որ մենք ընծայում ենք արթնության լավագույն ժամերը:
Ես կարծում եմ, որ սովորելով կարդալ` մենք պետք է կարդանք լավագույնը, ինչ կա գրականության մեջ, այլ ոչ թե անդադար կրկնենք դրա սկզբնատառերը և ողջ կյանքը նստենք առաջին կարգի ցածր նստարաններին: Մարդկանց մեծամասնությունը բավարարվում է մեկ լավ գրքի` Աստվածաշնչի ընթերցանությամբ կամ ունկնդրությամբ, և գուցե թե հասու է լինում դրա իմաստությանը, բայց ողջ մնացած կյանքը թմրում և զուր ժամանակ է վատնում, այսպես կոչված, թեթև ընթերցանության վրա: Մեր գրադարանում կա մի բազմահատոր երկերի ժողովածու, որ կոչվում է` «փոքրիկ շրջան», որը ես սկզբում քաղաքի անվան տեղ դրեցի, ուր ինձ բախտ չի վիճակվել լինելու: Պատահում են ջրագռավներ ու ջայլամներ, որ ունակ են մարսելու համանման բաները նույնիսկ մսից ու բանջարեղենից պատրաստած ամենակշտացնող ճաշից հետո, քանզի նրանք տանել չեն կարողանում, որպեսզի ինչ-որ բան զուր կորչի: Եթե կան մեխանիզմներ համանման ընթերցվածքի համար, ահա ձեզ և մեխանիզմներ, որ պատրաստ են դրանք կլլելու: Նրանք կընթերցեն իննհազարերորդ վիպակը Զավուլոնի և Սոֆրոնիայի մասին, նրանց անօրինակ սիրո մասին, որի ուղին, անշուշտ, հարթ չի եղել, և այն մասին, թե ինչպես նրանք, հետևաբար, սայթաքում էին, ելնում և առաջ շարժվում: Եվ այն մասին, թե ինչպես ոմն դժբախտ, ում նույնիսկ հարկ չկար ելնելու զանգակատուն, բարձրացել էր հենց սրաձողի վրա, իսկ այնուհետև, առանց որևէ կարիքի նրան այդտեղ քշելով, երջանիկ վիպագիրը զանգերն է հնչեցնում, կանչելով ժողովրդին հիանալու, թե նա ինչպես է այնտեղից իջնելու: Ինձ թվում է, որ ավելի լավ կլիներ բոլոր այդ վեպերի փառասեր հերոսներին վերածել հողմացույցների, և ավելի լավ է այդ հերոսներին տեղադրեին միգամածությունների մեջ, և թող որ նրանք այնտեղ պտտվեին, մինչև որ ժանգոտեին, և ազնիվ մարդկանց չձանձրացնեին իրենց անհեթեթ արարքներով: Երբ վիպագիրը մյուս անգամ զանգերը հնչեցնի, ես տեղից չեմ շարժվի, թեկուզ և աղոթատունը հիմնովին այրվի: Այդ ամենն ընթերցվում է ափիբերան, ամենապարզունակ հետաքրքրասիրությամբ և անհագ ախորժակով, որը պատրաստ է ամեն ինչ տեղավորելու իր որկորում, ինչպես չորսամյա մանչուկն ընթերցում է «Մոխրոտիկի» երկու ցենտանոց ոսկեզօծ հրատարակությունը: Արդյունքում` տեսողության բթացում, արյան շրջանառության կասեցում, ուղեղի ընդհանուր փափկեցում և բոլոր մտավոր ունակությունների թուլացում: Համանման մեղրաբլիթներն ամեն օր թխվում են համարյա բոլոր վառարաններում, ավելի ջանադրաբար, քան մաքուր ցորենի, տարեկանի կամ եգիպտացորենի հացը, և առավել մեծ սպառում են գտնում:
Լավ գրքերը չեն ընթերցում նույնիսկ նրանք, ում լավ ընթերցող են համարում: Ո՞րն է մեր կոնկորդյան մշակույթը: Շատ քիչ բացառություններից զատ, մեր քաղաքը ճաշակ չի դրսևորում լավագույն ստեղծագործությունների հանդեպ, թեկուզ և անգլիական գրականության, որ բոլորին հասանելի է: Եվ մեզ մոտ, և այլ վայրերում, նույնիսկ քոլեջ ավարտած մարդիկ, և, այսպես կոչված, ընդհանուր ընդարձակ կրթություն ստացածները, համարյա ծանոթ չեն անգլիացի դասականներին, իսկ ինչ վերաբերում է համամարդկային իմաստության հուշարձաններին` հներին և Աստվածաշնչին, որ հասանելի են բոլորին, ովքեր կկամենան: Դրանց հանդեպ էլ չափազանց թույլ հետաքրքրություն է դրսևորվում: Ես ճանաչում եմ մի տարեց փայտահատի, որ ֆրանսիական թերթ էր ստանում, ոչ թե նորությունների համար, դրանցով նա չի հետաքրքրվում, այլ «պրակտիկայի համար», որովհետև նա ծնունդով Կանադայից է, իսկ եթե նրան հարցնես, թե նա էլ ինչ նպատակ է դնում կյանքում, նա ասում է, որ կամենում է կատարելագործվել անգլերենում: Մոտավորապես նույն բանին են ձգտում և քոլեջների սաները և հենց դրա համար անգլիական թերթեր են ստանում: Եթե դուք հենց նոր կարդացել եք լավագույն անգլիական գրքերից մեկը, արդյո՞ք դուք շատ զրուցակիցներ կգտնեք, որպեսզի խոսեք դրա մասին: Կամ, ասենք, դուք բնագրով կարդացել եք հույն կամ լատին դասականի, ում անունը ծանոթ է նույնիսկ ամենաանկիրթներին, նրա մասին արդեն ոչ մեկի հետ դուք չեք կարող խոսել և ստիպված եք լինում լռել: Մեր քոլեջներում դժվար է գտնել նույնիսկ պրոֆեսորի, ով հասու լինի ոչ միայն լեզվական դժվարություններին, այլ հույն հեղինակի սրամտության և պոեզիայի էությանը և կարողանա կարեկցաբար ունկնդրել հերոսաբար այդ գիրքը հաղթահարած ընթերցողին, ինչ վերաբերում է մարդկության սրբազան գրքերին, ո՞վ մեր քաղաքում կկարողանա ասել նույնիսկ այդ գրքերի վերնագրերը: Մեծամասնությանն ընդհանրապես անհայտ է, որ այլ ժողովուրդները, բացի հին հրեաներից, այդպիսի գրքեր ունեն: Ոչ ոք չի ծուլանա ճանապարհը շեղել, որպեսզի վերցնի գետնին ընկած արծաթե դոլարը, իսկ այստեղ մեր առաջ` ոսկե խոսքեր են, հնության իմաստնագույն մարդկանց ասույթները, որոնց իմաստությունը բազմիցս հաստատել են հետագա բոլոր դարաշրջանների գիտնականները, բայց մենք դպրոցական դասագրքերից ու քրեստոմատիաներից անդին չենք գնում, իսկ դպրոցից հետո բավարարվում ենք «Փոքրիկ շրջանով» և պատմվածքներով, որ պիտանի են միմիայն մանչուկների և սկսնակների համար, մեր ողջ ընթերցանությունը, զրույցներն ու մտածողությունը գտնվում են բավական ցածր մակարդակի վրա, որ արժան է սոսկ գաճաճներին և հոմունկուլներին:
Ես ձգտում եմ շփվել ավելի գիտուն մարդկանց հետ, քան նրանց, ում արտադրել է մեր կոնկորդյան հողը, իսկ նրանց հազիվ գիտեն այստեղ նույնիսկ անուններով: Մի՞թե ինձ վիճակված է միայն լսել Պլատոնի մասին և չկարդալ նրա գրքերը: Ասես Պլատոնն իմ համերկրացին է, իսկ ես նրան երբեք չեմ տեսել, իմ մերձագույն հարևանն է, իսկ ես ոչ մի անգամ չեմ լսել նրա զրույցները և խորամուխ չեմ եղել դրանց իմաստությանը: Ինչպե՞ս է դա ստացվում: Նրա երկխոսությունները, որ բովանդակում են այն ամենը, ինչ դրանցում անմահ էր, դրված են գրադարակում, և ես դրանք չեմ կարդացել: Մենք ապրում ենք ցածրորակ կյանքով, մենք անկիրթ ու անգրագետ ենք, և այդ առումով ես խոստովանում եմ, որ մեծ տարբերություն չեմ դնում այն իմ համերկրացիների, ովքեր այբուբենը չգիտեին, անգրագիտության, և նրանց անգրագիտության միջև, ովքեր սովորել են կարդալ գրքեր երեխաների և խելապակասների համար: Մենք պիտի ձգտենք համեմատվել վաղնջականության արժանավոր մարդկանց հետ, և դրա համար հարկ է ամենից առաջ իմանալ նրանց գործքի մասին: Բայց մենք մանրապճեղ տեսակ ենք, և մեր հոգևոր թռիչքները սահմանափակված են օրաթերթերի սյունակներով:
Ոչ բոլոր գրքերն են այնքան անմիտ, որքան դրանց ընթերցողները: Դրանցում երևի թե կան խոսքեր, որ հատկապես մեզ համար են նախատեսված, և եթե մենք միայն կարողանայինք լսել դրանք և հասկանալ, դրանք մեզ համար լուսաբացից և գարնանից ավելի բարեբեր կլինեին և կստիպեին մեզ իրերին այլ կերպ նայել: Շատ մարդկանց համար նոր դարաշրջանն իրենց կյանքում սկսվել է այս կամ այն գրքի ընթերցումից: Գուցե թե, գոյություն ունի գիրք, որը մեզ կբացատրի բոլոր հրաշքները և մեր առջև նորերը կբանա: Այն, ինչ մեզ այժմ անարտահայտելի է թվում, ինչ-որ տեղ, գուցե թե, արտահայտված է։ Այն նույն հարցերը, որոնք տագնապեցնում, շփոթեցնում և տարակուսեցնում են մեզ, արդեն հառնել են բոլոր իմաստունների առաջ` առանց բացառության, և յուրաքանչյուրը պատասխանել է դրանց` իր ուժերի ներածի չափով, պատասխանել է իր խոսքերով և իր կյանքով: Ընդ որում, գիտելիքների հետ գալիս է նաև հայացքների ընդարձակությունը: Մենավոր մշակը, ինչ-որ տեղ` Կոնկորդի ծայրամասի ֆերմաներից մեկում, ով երկրորդ ծնունդ և կրոնական պայծառատեսություն է ապրել և այդ պատճառով հարկ է համարում լռելյայն առանձնանալ մարդկանցից, կարող է դրան չհավատալ, բայց շատ հազարամյակներ առաջ Զորոաստրն անցել է միևնույն ճանապարհը և ապրել է հենց նույն բանը, միայն թե նա, լինելով իմաստուն, գիտեր, որ դա ներհատուկ է բոլորին, և համբերատար էր իր մերձավորների հանդեպ, ասում են, որ հենց նա էլ մտցրել է աղոթելու սովորույթը: Թող որ մշակը խոնարհաբար զգա ընդհանրությունը Զորոաստրի հետ, իսկ բոլոր մեծ հոգիների ազատագրող ազդեցության միջոցով թող մոտենա հենց Հիսուս Քրիստոսին, և «մեր եկեղեցին» նրան պետք չի գա:
Մենք գլուխ ենք գովում այն բանով, որ 19-րդ դարում ենք ծնվել և առաջ ենք շարժվում բոլոր մյուս ժողովուրդներից շատ ավելի արագ: Բայց տեսեք, թե որքան քիչ է մեր քաղաքը մտահոգվում մշակույթի մասին: Ես մտադիր չեմ քծնելու համերկրացիներիս և ինքս էլ նրանցից քծնանք չեմ սպասում, դա ոչ ինձ է պետք, ոչ էլ նրանց: Որպեսզի մենք առաջ շարժվենք, մեզ պետք է առաջ քշել, ինչպես ցլերին: Մենք վատ դպրոցական համակարգ չունենք, բայց միայն ցածր տարիքի աշակերտների համար: Իսկ ինքներս մեզ համար` ոչինչ, ձմեռնանինջ խղճուկ ճեմարանից զատ, իսկ վերջերս` նահանգի առաջարկով գրադարան հիմնելու ողորմելի փորձը: Մենք ավելի շատ ծախսում ենք սնունդի և մեր մարմնի համար նախատեսված դեղերի, քան հոգևոր սննդի վրա:
Այլ դպրոցներ հիմնելու և մանկական տարիքից հետո կրթությունը չթողնելու ժամանակն է: Գյուղակները համալսարանների վերածելու ժամանակն է, իսկ նրանց հնագույն բնակիչներին` գիտության ծառաների, որոնց ազատ ժամանակը թույլատրում է, եթե նրանք իրոք այդքան ունևոր են, մինչև կյանքի վերջ, հավելել գիտելիքները: Մի՞թե աշխարհի երեսին կա միայն մի Փարիզ կամ Օքսֆորդ: Մի՞թե կոնկորդյան երկնքի տակ անկարելի է ուսանողին ընդհանուր ընդարձակ կրթություն տալ: Մի՞թե մենք չենք կարող մեզ մոտ դասախոս հրավիրել որևէ Աբելյարի: Ավաղ: Մեզ շատ ուշ են դպրոց ուղարկում, մենք պետք է անասուններին կեր տանք, մենք պետք է նստենք կրպակում, և մեզնից տհասներ են դուրս գալիս: Մեր երկրում գյուղակը պիտի նույն դերը խաղա, ինչը որ հին աշխարհում խաղում էր մեծատոհմիկը: Նա պիտի հովանավորի արվեստն ու գիտությունները: Նա դրա համար բավականաչափ հարուստ է: Նրան միայն չի բավում շռայլությունն ու նրբինությունը: Նա քիչ չի ծախսում այն բանի վրա, որ գնահատում են ֆերմերներն ու առևտրականները, բայց գործնական չի համարում ծախսել այն բաների վրա, որոնք, ըստ ավելի զարգացած մարդկանց` անհամեմատ շատ ավելի մեծ արժեք ունեն: Մեր քաղաքը տասնյոթ հազար դոլար է ծախսել քաղաքապետարանի կառուցման վրա, որի համար պետք է երախտապարտ լինել ճակատագրին կամ քաղաքականությանը, բայց հազիվ թե նա հարյուր տարվա ընթացքում այդքան ծախսի կրթելու վրա մտքերը, որոնք միայն կարող են կյանքով լցնել այդ շինությունը: Մեր քաղաքում հավաքվող բոլոր գումարներից և ոչ մեկն ավելի լավ կիրառում չի գտնում, քան այն քսանհինգ դոլարը, որ ամեն ձմեռ հավաքվում է Ճեմարանի օգտին: Եթե մենք ապրում ենք 19-րդ դարում, ինչո՞ւ ուրեմն չօգտվենք այն առավելություններից, որ այս դարը տրամադրում է: Ինչո՞ւ ապրել գավառական ծայրամասի կյանքով: Եթե անգամ թերթ ենք կարդում, արդյո՞ք չենք կարող շրջանցել բոստոնյան բամբասանքները և դուրս գրել աշխարհում լավագույն թերթը` այն բանի փոխարեն, որ սնվես չեզոք ընտանեկան թերթերի դոնդողանման շիլափլավով: Թող մեզ ուղարկեն բոլոր գիտական ընկերությունների հաշվետվությունները, իսկ մենք կտեսնենք, թե ինչ արժե նրանց գիտունությունը: Շնորհառուի, մեծատոհմիկի նման, որ իրենց շրջապատում են տաղանդներով, գիտունությամբ, սրամտությամբ, գրքերով, նկարներով, քանդակներով, երաժշտությամբ, փիլիսոփայության ձեռնարկներով և համանման բաներով, թող այդպես անի և մեր քաղաքը, այլ ոչ թե բավարարվի ուսուցչով, քահանայով, գերեզմանափորով, բեռնակրով, վանքապատկան գրադարանով և քաղաքային ղեկավարման երեք անդամներով, միայն այն բանի համար, որ մեր նախնի-ուխտագնացները ժամանակին օգտագործվեցին նրանց քարքարոտ ափունքին: Կոլեկտիվ գործողությունները համապատասխանում են մեր հաստատությունների ոգուն, եթե մենք մեր մեծատոհմիկներից հարուստ նք, ես հավատում եմ, որ մեր հնարավորություններն ավելի լայն են: Նոր Անգլիան կարող է հրավիրել իր մոտ` որպես դաստիարակների, իմաստունների ողջ աշխարհից, և հասարակական հիմունքներով նրանց պահի, և այդժամ սա արդեն գավառ չի լինի: Ահա թե ինչ անսովոր դպրոց է մեզ պետք, թող գետի վրայով անցնող մի կամուրջ էլ քիչ լինի, միայն թե մի կամուրջ նետվի մեզ շրջապատող շատ ավելի խորը տհասության ճահճի վրա:
ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ
Այժմ հրաշալի երեկո է, երբ բոլոր զգացմունքները սրվում են, և մարմինը ներծծում է հաճույքն իր բոլոր զգայարաններով: Ես զարմանալիորեն ազատ եմ շարժվում Բնության մեջ` ես նրա հետ մի ամբողջություն եմ կազմում: Ես գնում եմ լճակի քարքարոտ ափով, առանց բաճկոնի, թեպետ եղանակն ամպամած է, քամոտ ու սառը, ինձ որևէ բան առանձնապես չի գրավում, ես անսովոր հարազատություն եմ զգում բոլոր տարրերի հետ: Գորտերն ավետում են գիշերվա գալուստը, և քամին մյուս ափից բերում է այծքիթի երգը: Ես նայում եմ բարդիների և լաստենիների տերևներին և ամբողջ սրտով զգում եմ նրանց սարսուռը, բայց հանց լճակը, իմ ոգին տագնապած չէ` դա լոկ թեթև ծփանք է: Երեկոյան քամուց բարձրացած փոքրիկ ալիքներ, որ նույնքան հեռու են փոթորկից, որքան լճակի լուսավոր մակերեսը: Թեպետ արդեն մթնել է, երեկոն դեռ աղմկում է անտառում, ալիքները դեռ դեպի ափ են գալիս, և ինչ-որ էակներ երգով օրոր են ասում ննջող օրվան: Հանգիստը երբեք լիակատար չի լինում: Ամենավայրի գազանները չեն քնում, նրանք հիմա որսի են դուրս գալիս` աղվեսը, ժանտաքիսն ու ճագարն անվեհեր թափառում են դաշտերով ու անտառներով: Դրանք բնության պահապաններն են, որ մի օրը կապում են մյուսին:
Վերադառնալով տուն, ես հայտնաբերում եմ, որ ինձ մոտ հյուրեր են եղել և թողել են իրենց այցեքարտերը` ծաղկեփունջ, մշտականաչ ճյուղերից դրասանգ, մատիտով հունական ընկույզի կամ տաշեղի դեղին էջի վրա գրված մի անուն: Նրանք, ովքեր հազվադեպ են լինում անտառում, վերցնում են անտառի ինչ-որ կտոր և ամբողջ ճանապարհին դա պտտում են ձեռքերում, իսկ հետո, դիտավորյալ կամ պատահաբար, թողնում են ինձ մոտ: Ինչ-որ մեկը մաքրելով ուռենու ճյուղը` դրանով օղակ է հյուսել և դրել է սեղանիս: Ես միշտ կարող էի որոշել, որ իմ բացակայության ժամանակ ինձ մոտ հյուրեր են եղել` տրորված խոտերից և շյուղերից և կամ թե` կոշիկի հետքերից, հաճախ ես նույնիսկ կարող էի որոշել նրանց սեռը, հասակը և կոչումը ինչ-որ աննշմար նշանից` ընկած ծաղկից և կամ պոկած ու հատակին նետած խոտափնջից, երբեմն հեռու նետած, համարյա երկաթուղու մոտ, ինձնից կես մղոն հեռու` կամ սիգարի, կամ ծխամորճի մնայուն հոտից: Հաճախ ես հարյուրավոր ֆուտ հեռու ծխամորճի թութունի հոտից իմանում էի, որ այստեղ ճամփորդ է անցել:
Սովորաբար մեր շուրջը բավականաչափ տարածություն է: Հորիզոնը ամբողջովին քաշած չէ մեր վրա: Անտառային թավուտը չի հասնում հենց դռներին և լճակը նույնպես` նրանք միշտ բաժանված են ինչ-որ ծանոթ, բնությունից գրավված մաքրված և բաժանված տարածությամբ: Բայց ինչո՞ւ ես այսպիսի արձակ տարածություն ունեմ, ամայի անտառի ողջ մղոններ, որ իմ իշխանության տակ են: Մերձավոր հարևանը ապրում է մի մղոն հեռավորության վրա, և ես ոչ մի տուն չեմ տեսնում, եթե չբարձրանամ բլրի գագաթը, ինձնից կես մղոն հեռու: Հորիզոնը, անտառով փակված, միայն ինձ է պատկանում, մի կողմում հեռվում երևում է երկաթուղին, այնտեղ, ուր այն մոտենում է լճակին, մյուս կողմում` անտառի ճանապարհի երկայնքով ձգվող ցանկապարիսպն է:
Բայց մեծ մասամբ իմ շուրջը նույնքան ամայի է, որքան պրերիաներում: Այդ ամենը կարող էր տեղի ունենալ Ասիայում կամ Աֆրիկայում, և ոչ թե` Նոր Անգլիայում: Ես ունեմ իմ սեփական արևը, լուսինն ու աստղերը, սեփական փոքրիկ աշխարհը: Ոչ մեկը գիշերով իմ տան կողքով չէր անցնում, ոչ ոք դուռս չէր թակում, կարծես թե երկրի երեսին ես առաջին կամ ամենավերջին մարդն էի, և միայն գարնանը ինչ-որ մեկը երբեմն գալիս էր գյուղակից լոքո բռնելու` ոչ անքան ուոլդենյան լճում, որքան իր գիտակցության խորքերում, կարթերը պատելով գիշերային խավարով, բայց շուտով գնում էր, ոչ այնքան ծանրաբեռնված որսով, «աշխարհը զիջելով լռությանն ու ինձ», և գիշերվա մթին սիրտը մնում էր մարդուց չտագնապած: Ես կարծում եմ, որ մարդիկ մինչև հիմա երկնչում են խավարից, թեև բոլոր վհուկները վաղուց մահապատժի են ենթարկված, իսկ քրիստոնեությունն ու մոմերն ամենուր ներմուծված են:
Եվ սակայն, ինչպես ես մեկ անգամ չէ, որ զգացել եմ, Բնության ցանկացած ստեղծվածք կարող է լինել նրբին և անմեղ բերկրանքների ակունք և հաճելի շրջապատ` նույնիսկ տխրամած մարդատյացի և մոլի մելամաղձոտ մեկի համար: Նա, ով Բնության մեջ է ապրում և պահպանել է զգալու ընդունակությունը, չի կարող լիովին ընկնել մելամաղձության գիրկը: Չկա այնպիսի փոթորիկ, որը չի կարող էոլյան քնարի նման հնչել առողջ և անմեղ ականջի համար:
(Շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ