Եվրասիական միության գաղափարն առայժմ վերացական է
«Անհրաժեշտ է հասկանալ Եվրասիական միության առանցքը, հիմքը, այսինքն՝ ինչի վրա է կառուցվելու այս միությունը: Եվ այդ պատասխանները ստանալու դեպքում, բնականաբար, կարելի է ավելի հանգամանորեն ուսումնասիրել ոչ միայն դրա գաղափարը, քանի որ գաղափարը վերացական է, այն պետք է նյութականացվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին խոսակցություններին: «Եթե այդ գաղափարի նյութականացման կմախքն արդեն հասկանալի է, դրա վրա, բնականաբար, պետք է լինեն համապատասխան մկաններ և ուղեղային կենտրոն: Հետևաբար, երբ մենք իմանանք, թե որն է այդ ուղեղային կենտրոնը, որն է միության հիմքը և մեխանիզմները, որոնք թույլ են տալու այդ գաղափարից անցնելու գործողությունների, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել մասնակցության, անդամակցության ձևաչափերի մասին: Սակայն, երբ խոսքն ընդամենը ներկայացված է ընդհանուր գաղափարի ձևով, որտեղ երևում է տնտեսական շահագրգռվածության էլեմենտը, այստեղ, կարծում եմ, մենք առայժմ ունենք այն պատասխանը, որ Եվրասիական նախագծի մասնակից երկրների հետ մեր տնտեսական համագործակցությունն առայժմ դրականորեն իրականացվում է երկկողմանի հարաբերությունների ֆորմատի շրջանակներում: Եթե մենք տեսնում ենք, որ ինստիտուցիոնալիզացված կառույցի առկայության դեպքում այս երկկողմանի ֆորմատին կավելանան լրացուցիչ դրական կողմեր, այդ ժամանակ կարող ենք տեսնել մասնակցության հնարավորությունները, բայց, բնականաբար, պետք է տեսնել, թե դրա դիմաց ինչ է պահանջվում: Երբ այս բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, այդ դեպքում կարող ենք ավելի մանրամասն խոսել մասնակցության մասին»,- նշեց նա:
Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում արևմտյան փորձագետների այն տեսակետին, թե Եվրասիական միությունը Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների արտահայտությունն է, Ա. Մարկարովը պատասխանեց. «Կայսրություններն ունեն վաղ թե ուշ փլուզվելու միտում: Սա պատմական օրինաչափություն է: Համապատասխանաբար, եթե դա կայսերական նախագիծ է, կարծում եմ` նույն ռուսաստանյան փորձագետները երևի պետք է գիտակցեն, որ կայսերական նախագծերն այսօր ինչ-որ իմաստով դատապարտված են վաղ թե ուշ փլուզված լինելու: Հետևաբար, պետք է գտնել այլ հենարան տվյալ նախագծի համար: Եթե մենք դա դիտարկենք ոչ թե որպես կայսերական, այլ ինտեգրացիոն պրոյեկտ, ապա կարող ենք հիշել ոչ վաղ անցյալում նմանատիպ պրոյեկտները` նույն Եվրամիությունը, որի հիմքում սկզբնական շրջանում գոյություն է ունեցել տնտեսական արդյունավետ համագործակցության գաղափարը` ստեղծված Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից: Եթե Եվրասիական նախագծի հիմքում մենք կունենանք հենց այդ տնտեսական համագործակցության և հետագա ինտեգրացման և մարդկանց, կապիտալի ազատ տեղաշարժի գաղափարը, այդ դեպքում այս ինտեգրացիոն նախագիծը կարող է իրեն արդարացնել: Եվրասիական միության վերաբերյալ քննադատություններից մեկը, որը Դուք նույնպես հավանաբար լսել եք, կայանում է նրանում, թե չնայած ինտեգրացման գաղափարն առաջ է քաշվում որպես միացնող օղակ` Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի միջև, դժվար թե այդ միությունը կարողանա միացնել այս երկու աշխարհամասերը, քանի որ Ռուսաստանում այսօր գոյություն ունեցող ենթակառուցվածքները` որպես կապող միջոց, չեն բավարարում այդ նախագծի իրականացմանը: Բայց այս քննադատությունները հնչում են ոչ միայն Արևմուտքում: Նույնիսկ Ռուսաստանում կան մասնագետներ, ովքեր բավական քննադատաբար են վերաբերվում մասնավորապես Եվրասիական միության տնտեսական բաղադրիչին: Խոսքը մասնավորապես վերաբերում է ռուս տնտեսագետ, Հետինդուստրիալ հասարակության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցովին»: