Հարավային Կովկասը` կայունության և հուսալիության աղբյուր

Ամերիկյան հայտնի «Foreign Policy» պարբերականը օգոստոսի 20-ին հոդված է հրապարակել «Գեներալ Հերթլինգի ճամփորդական զեկույցը. անվտանգությունը և հակամարտությունը Հարավային Կովկասում սառեցված չէ» վերնագրով (հեղինակ` Մարկ Ֆ. Հերթլինգ` ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ, Եվրոպայում ԱՄՆ բանակի և 7-րդ բանակի հրամանատարություն):

Զեկույցում ամերիկյան գեներալը գրում է. «Կովկասը` Եվրոպայի և Արևելքի միջև ընկած այդ պատմական խաչմերուկը, մնում է անվտանգության անհանգստությունների բարդ և խճճված մի թնջուկ: Այստեղ էթնիկ լարվածություններն առաջվա պես դրսևորվում են տարածքային վեճերի միջոցով: Մինչ Մինսկի խումբը շարունակում է գլխավորել ԵԱՀԿ-ի ջանքերը` Ղարաբաղյան հակամարտության  քաղաքական լուծումը գտնելու համար, Հայաստանը և Ադրբեջանը մնում են հիասթափված հարցի քաղաքական լուծման բացակայությունից, իսկ երկու երկրների ռազմական առաջնորդները պնդում են, որ նրանք կարող են շատ արագ «հարթել» այդ հարցը»:

Զեկույցում հեղինակն անդրադառնում է նաև ռուս-վրացական հակամարտությանը, նշելով. «Վրաստանի վերջին փորձը Ռուսաստանի հետ  թողել է զգալի միջսահմանային վերքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում չեն բուժվի, առավելևս, որ Վրաստանը հուսահատորեն ձգտում է ընդունվել Եվրոպայի կողմից և անդամակցել ՆԱՏՕ-ին»: Նա անդրադարձել է նաև մերձավորարևելյան հակամարտող երկու երկրներին` Իրանին և Իսրայելին, որոնց մասին Մարկ Հերթլինգը գրում է, թե վերջիններիս սարդոստայնային հարաբերություններն այս տարածաշրջանի երկրների հետ շփոթեցնում են նույնիսկ փորձագետներին:
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների մասին ամերիկյան զինվորականը գրում է, թե Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը քաղաքական բանավեճի առարկա է այս երկու երկրների մի քանի սերունդների միջև` հակամարտության քաղաքական որոշում գտնելու համար»:

«Այս բոլոր կարևոր գործոնները շրջապատված են երեք կողմից` Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի: Այս պայմաններում հակամարտությունների վերսկսման հավանականությունն այնքան մեծ է, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ բանակի հրամանատարությունը սցենարներ մշակեց, որպեսզի   պատրաստի մասնագետներ Կովկասում ռազմական ճգնաժամերի համար»: Այս համատեքստում բավական հետաքրքրական է ամերիկյան գեներալի հայտարարությունը, թե ԱՄՆ բանակի հրամանատարությունում կա GAAT (Georgia-Azerbaijan-Armenia-Turkey` Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա) կոչվող ծրագիրը, որն ապահովում է այդ կուրսի շարունակականությունը: «Հասկանալիորեն այդ կուրսի երիտասարդ դաշտային սպայի առաջադրած ցանկացած հարցի համար չկա ճիշտ կամ սխալ պատասխան, բայց կուրսի հիմքում դրված է հակամարտության սցենարների վերլուծման, միջգերատեսչական, միջպետական և ազգամիջյան համատեղ բանաձևի գործադրման պահանջը»,- գրված է զեկույցում:

Կարդացեք նաև

Մ. Հերթլինգը կարծիք է հայտնում, թե տեսնելով հակամարտությունների պոտենցիալը և այդ հակամարտությունների լուծման գործող մեթոդները` ինքը շատ հետաքրքրված է Կովկասի անվտանգությամբ: «Այդ լավատեսությունը գալիս է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անվտանգության ուժերից: Այս երկրներից  յուրաքանչյուրը` ամեն մեկն իր հզորության չափով,  կառուցում է պրոֆեսիոնալիզմի և բարեփոխումների իր բազան` սեփական ժողովրդի խաղաղ անվտանգությունն ապահովելու համար,- գրում է նա` եզրափակելով,- Կովկասի դիրքը` որպես աշխարհագրական, մշակութային և քաղաքական էպիկենտրոն, նշանակում է, որ դրական և բացասական շարժումները Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում  արտացոլվում են այս տարածաշրջանի սահմաններից շատ հեռու: Ամերիկայի չդադարող աջակցությամբ՝ Կովկասը կմնա կայունության, հուսալիության աղբյուր փոխգործակցող ընկերների համար, ովքեր  հանդիսանում են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հիմքը»:

Տեսանյութեր

Լրահոս